Անվտանգության աննախադեպ միջոցառումներ, տեղաշարժի սահմանափակումներ և կենտրոնական փողոցներում հերթապահող ոստիկանները՝ այսպես են Բաքվում դիմավորում երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգին։
Ադրբեջանական «Թուրան» գործակալության տեղեկություններով՝ անվտանգության ուժեղացված միջոցառումներին մասնակցում են ոչ միայն Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության և Իսրայելի Ընդհանուր անվտանգության գործակալության՝ Շին-Բեթի աշխատակիցները։
Իսրայելական Jersualem Post պարբերականի տեղեկություններով՝ ձեռնարկված անվտանգության միջոցառումների տեսանկյունից այցը աննախադեպ է նույնիսկ իսրայելական չափանիշներով։ «Նախագահ Հերցոգին ուղեկցող պատվիրակության անդամներին արգելվել է Բաքու ժամանելուն պես բջջային հեռախոսները միացնել տեղական ցանցերին, ինչպես նաև առանձին-առանձին զբոսնել քաղաքում», - գրում է թերթը։
Իսրայելական կողմը չի թաքցնում, որ երկրի անվտանգության ուժերը լուրջ մտավախություններ ունեն, որ նախագահ Հերցոգի այցի ընթացքում կարող են ինչ-ինչ սադրանքներ տեղի ունենալ, որոնց թիկունքում կանգնած կլինեն իրանական հատուկ ծառայությունները կամ այդ երկրի ազդեցության գործակալները։
Այն, որ իր այցի գլխավոր նպատակը Բաքվի հետ հակաիրանական դաշինքի ամրապնդումն է՝ Իսրայելի նախագահը հայտարարեց դեռ հայրենիքում՝ Ադրբեջան մեկնելուց անմիջապես առաջ։
«Ադրբեջանը սահմանակից է Իրանին՝ մի երկրի, որն այսօրվա դրությամբ ապակայունացնող ուժ է հանդիսանում։ Այդ երկիրը փորձում է խաթարել Իսրայելի կողմից ստեղծվող այն դաշինքները, որոնց նպատակը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատումն է», - հայտարարում էր Հերցոգը՝ գովեստի խոսքեր շռայլելով Ադրբեջանի հասցեին։
«Ադրբեջանը շիա մահմեդական պետություն է, որն այս տարի դեսպանություն բացեց Իսրայելում։ Ադրբեջանը բարեկամ, առանցքային կարևորություն ունեցող երկիր է, որի հետ մենք համագործակցում ենք բազմաթիվ ասպարեզներում։ Ադրբեջան մեկնելը իրականություն դարձած մի երազանք է։ Շիա մահմեդական մեծամասնություն ունեցող այս երկրի և Իսրայելի միջև առկա սերն ու կապվածությունը օրինակելի են երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Բացի այդ, ես տեսնում եմ, թե Ադրբեջանն ինչ կարևոր դերակատարություն ունի աշխարհում և տարածաշրջանում», - նշում էր Իսրայելի նախագահը՝ հատուկ ընդգծելով՝ «Բաքվում մենք համակողմանիորեն քննարկելու ենք իրանական սպառնալիքը»։
Իսրայելական պատվիրակությանը Բաքվում դիմավորեցին ամենաբարձր մակարդակով։ Օդանավակայանում Հերցոգին դիմավորում էր փոխվարչապետերից մեկը, առավոտյան էլ Իսրայելի նախագահը ժամանեց Ալիևի նստավայր։
Այստեղ կայացած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկեցին Իցհակ Հերցոգի և Իլհամ Ալիևի բանակցությունները՝ նախ ընդլայնված կազմով, հետագայում արդեն՝ դեմ առ դեմ ձևաչափում։
Բանակցությունների ավարտին երկու նախագահները հանդես են եկել մի շարք հայտարարություններով։ Իլհամ Ալիևը մասնավորաբար նշել է, որ Ադրբեջանի կողմից Իսրայելում դեսպանություն բացելու որոշումը երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի կբարձրացնի՝ «հնարավորություն տալով էլ ավելի սերտացնել համագործակցությունը»:
Ադրբեջանի ղեկավարը նաև մատնանշել է այն նորագույն ասպարեզը, որում Բաքուն և Թել-Ավիվը սկսել են ակտիվորեն համագործակցել՝ կիբերանվտանգությունը։
«Իսրայելական ընկերությունների փորձն այս ասպարեզում միանշանակորեն օգտակար կլինի նաև մեզ համար։ Երիտասարդ սերնդի կրթությունը այն հիմնարար գործոնը կդառնա, որը հնարավորություն կտա զերծ պահել մեր երկիրը տարատեսակ սպառնալիքներից», - համոզված է Իլհամ Ալիևը։