Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ներկայացրել է Թեհրանում դեսպանատունը վերաբացելու պայմանները


Ադրբեջանի դեսպանատան գնդակոծված դարպասը, արխիվ, Թեհրան, 27 հունվարի, 2023թ.
Ադրբեջանի դեսպանատան գնդակոծված դարպասը, արխիվ, Թեհրան, 27 հունվարի, 2023թ.

Ադրբեջանը հայտարարել է, որ Իրանը պարտավոր է ապահովել Թեհրանում ադրբեջանական դեսպանատան անվտանգության աշխատանքի պայմաններ: Այդ մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության այսօր հրապարակած հաղորդագրությունում:

Գերատեսչությունը նշում է, որ Ադրբեջանի և Իրանի միջև վերջին ժամանակաշրջանում տեղի են ունեցել շփումներ, այդ թվում՝ ԱԳՆ-ների մակարդակով:

Արտաքին գործերի նախարարությունը հիշեցրել է, որ այս տարվա հունվարին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը հարձակման է ենթարկվել, և Բաքվում սպասում են այդ հանցանքի հետաքննության ավարտին:

«Հարձակման հետ առնչություն ունեցող բոլոր կասկածյալները պետք է պատասխանատվության կանչվեն և խստորեն պատժվեն: Ադրբեջանական կողմը պետք է համոզվի, որ Թեհրանը երաշխավորում է դեսպանատան անվտանգ աշխատանքը»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը:

2023 թվականի հունվարի 27-ին Կալաշնիկովի ինքնաձիգով զինված մի անձ հարձակվել է դեսպանատան վրա, փոխհրաձգության ընթացքում դեսպանատան պահակախմբի ղեկավար Օրխան Ասքերովը սպանվել է, ևս երկու անձ վիրավորվել է: Հարձակվողին ձերբակալել են և փոխանցել են իրանցի ոստիկաններին:

Ըստ իրանական աղբյուրների, հարձակումը կատարել է Ադրբեջանի 50-ամյա քաղաքացի Յասին Գուսեյնզադեն, ով իր քայլը բացատրել է անձնական-ընտանեկան հանգամանքներով:

Մինչդեռ, Բաքուն տեղի ունեցածը գնահատել է որպես ահաբեկչություն և դիվանագետներին դուրս է բերել Թեհրանից:

XS
SM
MD
LG