Մատչելիության հղումներ

Հաքերները Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ հարձակման մասին մի շարք գաղտնի փաստաթղթեր են հրապարակել


Ադրբեջանի դեսպանատունը Թեհրանում, հունվար
Ադրբեջանի դեսպանատունը Թեհրանում, հունվար

«Իրանի զսպվածությունը Բաքվում որպես թուլության նշան են ընկալում», - սա մեջբերում է օրերս իրանցի ընդդիմադիր հաքերների կողմից գաղտնազերծված տասնյակ պաշտոնական փաստաթղթերից մեկից։

Ընդդիմադիր «Մոջահեդին Հալք» խմբավորման հետ առնչություններ ունեցող «Ապստամբություն մինչև տապալում» կոչվող հաքերային ցանցի ներկայացուցիչները պնդում են, որ կարողացել են կոտրել Իրանի նախագահի աշխատակազմի 120 սերվերները, ինչի արդյունքում իրենց ձեռքի տակ են հայտնվել այս գերատեսչությունում կազմված կամ այլ պետական կառույցներից այստեղ ուղարկված բազմաթիվ պաշտոնական նամակներ, որոնց մեծ մասը «գաղտնի» կամ «հույժ գաղտնի» խորագրի տակ է։

Արդեն հիշատակված փաստաթուղթն, օրինակ, Լոնդոնում գործող Iran International հեռուստաալիքի պնդմամբ, Իսլամական հանրապետության արտաքին հետախուզության կողմից կազմված պաշտոնական գրության սևագիր տարբերակն է՝ նվիրված Թեհրանի և Բաքվի հարաբերություններին։ Դրա հեղինակները խորհուրդ են տալիս երկրի բարձրագույն իշխանությանը՝ «վերանայել հարաբերությունները Ադրբեջանի հետ, հակառակ պարագայում թշնամանքը երկու երկրների միջև կխորանա, ինչը ձեռնտու է լինելու նախևառաջ Իսրայելին»՝ նշված է հաքերներ տրամադրության տակ հայտնված այս փաստաթղթում։

Անկախ .աղբյուրները հրապարակված փաստաթղթերի իսկությունը առայժմ չեն հաստատում, Իրանի նախագահի աշխատակազմն էլ հաքերային հարձակման փաստը հերքել է՝ նշելով միայն, որ շաբաթասկզբին նախագահ Ռաիսիի պաշտոնական կայքը մի քանի ժամ շարունակ անհասանելի է եղել ոչ թե կողմնակի միջամտության, այլ պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։

Հարկ է նշել, որ գաղտնազերծված փաստաթղթերին մի զգալի մասը նվիրված է իրանա-ադրբեջանական հարաբերություններին կոնկրետ մի դրվագին՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ հունվարին իրականացված զինված հարձակմանը։

«Հրապարակված պաշտոնական գրագրությունը Ադրբեջանի դեսպանատան դեմ հարձակման մի շարք նոր, մինչ այժմ անհայտ մանրամասներ է բացահայտում», - գրում է «Ազատության» իրանական ծառայությունը՝ նշելով, որ գաղտնազերծված փաստաթղթերը հարուստ տեղեկատվություն են պարունակում հատկապես հարձակման հեղինակի՝ Յասին Հոսեյնզադեի վերաբերյալ։

Ենթադրաբար Իրանի արտգործնախարարին և Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարին ուղարկված գաղտնի գրությունից, օրինակ, տեղեկանում ենք, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ հարձակում իրականացրած և դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներից մեկին սպանած Հոսեյնզադեն ծնունդով իրանական Ադրբեջանից է։ 90-ականների վերջին նա, ըստ իրանական հատուկ ծառայությունների, տեղափոխվել է Բաքու, որտեղ երկու տարի իրավաբանություն է սովորել և՝ «որոշակի գաղափարական շփումներ է ունեցել՝ մասնավորաբար չեչենների հետ»։

Ադրբեջանի մայրաքաղաքում բնակվելու ընթացքում Հոսեյնզադեն ամուսնացել է տեղի բնակչուհի Գուլնազ Ալիևայի հետ, որի հետ էլ 2001-ին վերադարձել է Իրան։ Հարկ է հիշեցնել, որ Յասին Հոսեյնզադեն իր հարձակումը պատճառաբանում էր նրանով, որ իր բաքվեցի կինը հեռացել էր ընտանիքից և պատսպարվել էր Ադրբեջանի դեսպանատանը։ Գաղտնազերծված փաստաթղթերից պարզ է դառնում, որ Իրանի հատուկ ծառայությունները մանրամասնորեն ուսումնասիրել են այս վարկածը, որոշ ուշագրավ փաստեր բացահայտելով Հոսեյնզադեի կնոջ մասին՝ մասնավորաբար, այն, որ Ալիևայի ազգականներից առնվազն երեքը աշխատում են Ադրբեջանի ուժային կառույցներում, որոնցից մեկը՝ երկրի հետախուզական ծառայությունում։ Բացի այդ, հրապարակված փաստաթղթում նշված է, որ Բաքվում ուսանելու տարիներին Հոսեյնզադեն առնվազն յոթ անգամ շփվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ՝ նրանց հետ զրուցելով իր համակուրսեցիների նաև ապագա կնոջ մասին։

«Վերջին 20 տարիներին սակայն Հոսեյնզադեն Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ շփումներ չի ունեցել և կարելի է ենթադրել, որ նրա հարձակումը առավելապես անձնական դրդապատճառներ ուներ», - գրված է փաստաթղթում, որի հեղինակները նաև հատուկ ընդգծել են, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած միջադեպը՝ «գործնականում անհնարին է դարձրել երկկողմ հարաբերությունների բարելավումը»։

Նման իրավիճակում պաշտոնական գրության հեղինակները Իրանի բարձրագույն ղեկավարությանը խորհուրդ են տալիս Ադրբեջանի հանդեպ հետևյալ ռազմավարությունը որդեգրել՝ «փորձել ադրբեջանական հանրությանը տարանջատել երկրի կառավարությունից, հրավիրել Ռուսաստանի ուշադրությունը Ադրբեջանի գործողությունների վրա, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Իրանի հանդեպ որդեգրած քաղաքականությունը բացատրել սիոնիստների ազդեցությամբ»։

XS
SM
MD
LG