Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բաքվից Թուրքիա վերադառնալու ճանապարհին զրուցելով լրագրողների հետ բարձր է գնահատել իր ինագուրացիայի կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Անկարա։
«Փաշինյանի կողմից մեր հրավերն ընդունելը կարևոր քայլ էր։ Պարոն Փաշինյանը ներկա գտնվեց մեր արարողությանը՝ հաղթահարելով իր երկրում ընդդիմությունից բխող բազմաթիվ խոչընդոտներ», - ասել է նա։
Պատասխանելով Նախիջևանը Ադրբեջանին կապող «Զանգեզուրյան միջանցքին» վերաբերող հարցին՝ Էրդողանն ասել է, թե դրան դեմ է ոչ թե Հայաստանը, այլ՝ Իրանը։
«Այս հարցում Իրանի մոտեցումը հիասթափեցնում է մեզ և Ադրբեջանին։ Ես ցանկանում եմ, որ մենք կարողանանք շուտով հաղթահարել այդ խնդիրը։ Եթե Իրանը դրական մոտեցում ցուցաբերի, ապա Թուրքիան, Իրանը և Ադրբեջանը կկապվեն միմյանց հետ, և մենք կարող ենք ցամաքային և երկաթուղային ճանապարհներով Պեկին-Լոնդոն ուղի ունենալ», - ասել է Էրդողանը։