44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն այսօր ուղիղ եթերում կշարունակի աշխատանքը, պատգամավորները վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղելու հնարավորություն կունենան։
Նախորդ՝ հունիսի 20-ի նիստում վարչապետը մի շարք հարցերի անդրադարձավ, մասնավորապես, թե ինչու փաստաթուղթը ստորագրվեց և պատերազմը կանգ առավ հենց նոյեմբերի 9-ին, ինչպես ընկավ Շուշին, ինչ լրացուցիչ պահանջներ էր ներկայացրել Իլհամ Ալիևը, որոնք ինքը մերժել է։ Փաշինյանը պարզաբանեց՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելու համար շրջադարձային էր Շուշիի անկումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելու համար շրջադարձային էր Շուշիի անկումը. Փաշինյան
Ընդդիմությունը բոյկոտեց և չմասանակցեց նախորդ նիստին՝ նախօրոք հայտարարելով, թե նիստը համարում են «շոու», որի նպատակը «Փաշինյանի վրայից քաղաքական պատասխանատվությունը հեռացնելն է»։
«Ազատության» հետ զրույցում ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կրկին պնդեց՝ չեն մասնակցում նիստին, քանի որ այնտեղ այլևս հանրության համար էական քննարկելու թեմա չկա։
Աբրահամյանը վերահաստատեց ընդդիմության պնդումը՝ Նիկոլ Փաշինյանը քննիչ հանձնաժողովի ստեղծման և կոնկրետ այդ հանձնաժողովում իր զեկույց-հայտարարություններով ավելի շատ նպատակ ունի ինքնապաշտպանական խնդիր լուծելու։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանին պետք է արդեն հարցեր տան իրավապահները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մասնակցությամբ կլեգիտիմացնեինք քննիչ հանձնաժողովի ձախողված աշխատանքը. Գեղամ Մանուկյան«Իհարկե, այս իշխանության պարագայում դա բացառվում է։ Հարցադրումներ- պատասխանների մասով Նիկոլ Փաշինյանը պետք է այդ պատասխանները տա արդեն դատարաններում։ Որքան էլ փորձում է նոր մեղավորներ այնտեղ ի հայտ բերել, մեկ է, նրա ողջ խոսքն ու հայտարարությունները խոսում են այս պատերազմին նրա մեծ հանցագործության և նրա պատասխանատվության մասին», - ասաց Աբրահամյանը։
Դիտարկմանը, թե տրված է այդ հնարավորությունը, և այսօր ուղիղ Փաշինյանի դեմքին նայելով կարող են ասել այդ մասին, ընդդիմադիր պատգամավորն այսպես արձագանքեց․ - «Ինչ ասելու էր, արդեն ասվել է, ինչ կարող էր մարդկանց համար նոր բացահայտման բերել հնարավորություն շրջանակներում, ասվել է և ասվում է, բայց մենք եկել հասել ենք մի փուլի պատերազմից երեք տարի հետո, որ այլևս այդ դիսկուրսն իշխանության հետ որևէ ձևով, նույնիսկ հանրության համար չի կարող էֆեկտիվ ազդեցությւոն ունենալ, և դրա համար պատահական չէ, որ ես ասում եմ, որ այստեղ Նիկոլ Փաշինյանին պետք է հարցեր տան այլևս իրավապահները, և նա պետք է պատասխանի դատարանում, այլ բան քաղաքական մակարդակում այստեղ արդեն իմաստը կորցրել է»։
Աբրահամյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․