Մատչելիության հղումներ

«Այն, ինչ տեղի է ունեցել 2020-ի նոյեմբերի 20-ից հետո աղերս չունի իմ կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ»․ Տոնոյան


«Այն, ինչ տեղի է ունեցել 2020թ. նոյեմբերի 20-ից՝ իմ պաշտոնանկությունից հետո, մասնավորապես, Սյունիքում մեր ստորաբաժանումների ետ քաշվելը զբաղեցրած դիրքերից, ինչպես նաև անկլավների հարցի վերադարձը օրակարգ, աղերս չունի իմ՝ որպես ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ», - այսօր կալանավայրից հայտարարել է 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը։

Տոնոյանն այս կերպ արձագանքում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 22-ի ասուլիսում հնչեցրած հայտարարությանը, թե «չի համաձայնել ստորագրել եռակողմ հայտարարության այն տարբերակը, որտեղ հիշատակվում էին, այսպես կոչված, «անկլավները»։

Պաշտպանության նախկին նախարարը նշել է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի երեկոյան իր և իր ռուսաստանցի գործընկերոջ միջև տեղի ունեցած հեռախոսային քննարկումներից հետո, համաձայնեցված փաստաթղթի վերջնական տարբերակն առանց «անկլավների» հիշատակման է ներկայացվել Հայաստանի վարչապետին։

Տոնոյանը նաև որոշ մանրամասներ է ներկայացրել՝ նշելով, որ Շոյգու հետ 4 ժամանոց հեռախոսային խոսակցությունների ժամանակ քննարկել է «հակամարտության գոտուց հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող «անկլավների», խաղաղապահ ուժերի տեղակայման, հրադադարի ուժի մեջ մտնելու պահին հայկական ուժերի՝ այդ պահի դրությամբ իրենց զբաղեցրած դիրքերում մնալու, Լաչինի միջանցքի լայնության և այլ կարևոր հարցեր»։

Տոնոյանն այս հայտարարությունն անում է նաև պարբերաբար բարձրացվող հարցերի ֆոնին, որ եթե համաձայնեցվել է, որ հայկական զորքերը մնում են 2020թ․ նոյեմբերի 9-ի դրությամբ զբաղեցված դիրքերում, ինչո՞ւ այդ կետը չկատարվեց և ինչո՞ւ «անկլավների» հարցը չփակվեց։

Պաշտպանության նախկին նախարարն այսօր հայտարարել է, որ այլ մանրամասների մասին կարող է խոսել միայն Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովում, այն էլ՝ թույլատրելիության սահմաններում բաց, հրապարակային նիստին Հայաստանի վարչապետի մասնակցության պայմանով՝ «հետագայում փաստերը որևէ մեկի կողմից չխեղաթյուրելու և չաղավաղելու նկատառումներից ելնելով»:

44-օրյա պատերազմից մեկ տարի անց կալանավորված պաշտպանության նախկին նախարարը դեռ ապրիլի վերջին էր պատրաստակամություն հայտնել պատասխանել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հարցերին, սակայն, պայմանով, եթե վարչապետ Փաշինյանն էլ մասնակցի ու նիստը բաց լինի։

Դավիթ Տոնոյանին Նիկոլ Փաշինյանն էր նշանակել պաշտպանության նախարար: Նա պաշտոնավարեց մինչև 44-օրյա պատերազմի ավարտը, ազատազրկվեց բանակին անպիտան հրթիռներ մատակարարելու գործով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG