Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելու համար շրջադարձային էր Շուշիի անկումը. Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, ելույթ ունենալով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովում, անդրադարձավ մի շարք հարցերի, մասնավորապես, թե ինչո՞ւ փաստաթուղթը ստորագրվեց և պատերազմը կանգ առավ հենց նոյեմբերի 9-ին, ինչպե՞ս ընկավ Շուշին, ի՞նչ լրացուցիչ պահանջներ էր ներկայացրել Իլհամ Ալիևը, որոնք ինքը մերժել է։

Փաշինյանը պարզաբանեց՝ 2020 -ի նոյեմբերի 9 -ի հայտարարությունը ստորագրելու համար շրջադարձային էր Շուշիի անկումը։

«Շուշիի կորստից հետո, ըստ էության, հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պիտի ուժեղանար ճնշումը Լեռնային Ղարաբաղի Մարտունու վրա և որ ամենակարևորն է՝ մեր շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեր շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ», - ասաց Փաշինյանը:

Վարչապետը շեշտեց՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմը դադարեցնելու 5 -րդ փորձն էր, հոկտեմբեր 7 -ին, 9-ին, 13 -ին 19 -ին հրադադար հաստատելու բանակցությունները արդյունք չեն տվել, քանի որ Ալիևը պարբերաբար նորանոր պահանջներ էր ներկայացրել հայկական կողմին։ Ընդորում, ըստ Հայաստանի ղեկավարի, արդեն հոկտեմբերի 19-ին Բաքուն պահանջում էր վերադարձնել ոչ միայն 7 շրջանները, այլև Շուշի պետք է վերադառնային ադրբեջանցիները, կառուցվեր Շուշի տանող նոր ճանապարհ և այլն։

«Այսինքն՝ ըստ Ադրբեջանի այդ պահի առաջարկի, Շուշիում պետք է լիներ առնվազն 95 տոկոս ադրբեջանական բնակչություն, նրանք պիտի Շուշին Ադրբեջանին կապող առանձին ճանապարհ ունենային, որը պետք է դուրս լիներ Լաչինի միջանցքից և լիներ իրենց վերահսկողության ներքո: Սա նշանակում է, որ այնտեղ կարող են լինել նաև ադրբեջանական զինված ստորաբաժանումներ, սա էլ իր հերթին նշանակում է, որ խոսքն առանց չափազանցության Շուշին Ադրբեջանին հանձնելու մասին էր: Այն ժամանակ այս առաջարկը չընդունելու իմ պրակտիկ հիմնավորումներից մեկը, սակայն, հետևյալն էր, դա նշանակում էր, որ Լաչինի միջանցքը չի գործելու, որովհետև ադրբեջանցիները ցանկացած պահի կարող էին այն փակել, որովհետև Շուշին Լաչինի միջանցքի մեջ չէր մտնելու, իսկ Լաչինի միջանցքն անցնելու էր Շուշիից մի քանի մետր այն կողմ: Վերջին շրջանի իրադարձությունները այն ժամանակվա իմ կանխատեսումն ապացուցեցին բոլորիդ հայտնի հանգամանքներով», - ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը:

Սակայն Բաքուն պատերազմը դադարացնելու համար այս ամենից բացի հոկտեմբերի 19 -ին ևս մի պայման էր առաջ քաշում՝ միջանցք Մեղրիով, ինչը, ըստ Փաշինյանի, ինքը մերժել է. - «Այսպիսով հոկտեմբերի 19-ի առաջարկի համատեքստում պատերազմը կանգնեցնելու պայմանները հետևյալն էին՝ բոլոր 7 շրջաններն անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնվում է անորոշ, ԼՂԻՄ այդ պահին արդեն կորսված տարածքները մնում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, Շուշին վերը նկարագրված սցենարով հանձնվում է Ադրբեջանին, Մեղրիում տեղակայվում են խաղաղապահներ և փաստացի ստեղծվում է միջանցք, այսինքն, մեր վերահսկողության ներքո չգտնվող շերտ՝ Ադրբեջանը Նախիջևանի ինքնավար հանրապետությանը կապող: Նման պայմաններին ես չէի կարող համաձայնվել, որքան էլ հասկանում էի իրադրության ծանրությունը»:

«Ինձ համար կարմիր գիծ է եղել Շուշին և խաղաղապահների տեղակայումը Մեղրիում»

Վարչապետը, սակայն, շեշտեց, թե իր համար կարմիր գիծ է եղել Շուշին և խաղաղապահների տեղակայումը Մեղրիում։ Ապա մանրամասնեց, թե ինչպես, իր համոզմամբ, ընկավ Շուշին։ Փաշինյանի խոսքով՝ Արցախի նախագահը և Հայաստանի զինված ուժերի շտաբը իրարամերժ հայտարարություններ էին անում:

«Երբ Լեռնային Ղարաբաղի նախագահը լուր էր հաղորդում Գլխավոր շտաբը չէր հաստատումը լուրն, անգամ հերքում էր, իսկ որոշ ժամանակ անց ստիպված էր լինում խոստովանել, որ Լեռնային Ղարաբաղի նախագահի տված տեղեկատվությունն է ճիշտ: Այս անգամ էլ այդպես եղավ, երբ լուր եկավ, թե ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտ-Լաչին ճանապարհով շարժվող քաղաքացիական ավտոմեքենայի վրա: Ըստ էության, այս կետից սկսվեց Շուշիի սողացող անկումը», - ասաց վարչապետը:

Փաշինյանը վստահեցրեց՝ ամեն ինչ արել է, որ Շուշին պահեն, բայց հոկտեմբերի 7 -ի կեսօրին շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հաղորդեց Շուշիի անկման մասին. - «Սա ծանր լուր էր ինձ համար, որովհետև իմ բոլոր խոսակցություններում, հրահանգներում, հրամաններում, խորհրդակցություններում ասել էի, որ Շուշին պետք է պահվի և ստացել էի հավաստիացում, որ կպահվի: Շուշիի անկման լուրը լսելով առաջին արձագանքս պահանջն էր՝ «կատարեք այն, ինչ խոստացել եք», այսինքն, պահեք Շուշին, Շուշին պահել, ետ վերցնել: Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը Պաշտպանության բանակի վերահսկողության տակ է»:

Փաշինյանը նոյեմբերի 9 -ին 2 անգամ է փաստաթուղթ ստորագրել

Պատերազմը դադարացնելու շուրջ բանակցային գործընթացը ներկայացնելով վարչապետն ասաց, թե նոյեմբերի 9 -ի ստորագրված եռակողմ հայտարարության շուրջ բանակցությունները սկսվել են նոյեմբերի 6 -ից: Մինչդեռ հայտարարությունը ստորագրելու նույն օրը՝ նոյեմբերի 9 -ին, ըստ Փաշինյանի, Բաքուն չի համաձայնել ստորագրել այդ փաստաթուղթը և նոր պահանջ է ներկայացրել։ Եվ, ի վերջո, երեկոյան, Փաշինյանը նոր փաստաթուղթ է ստորագրել, որը ավելի վատն էր, քան առավոտյան ստորագրածը։

Թե ինչո՞վ էր ավելի վատը նոր փաստաթուղթը հայկական կողմի համար, Փաշինյանը չմանրամասնեց, խոսքն, ըստ երևույթին, Շուշիին էր վերաբերում։

«Քննարկումների արդյունքում հասանք մի տեքստի, որտեղ ոչինչ չէր ասվում Շուշիի մասին, ոչինչ չէր ասվում Հայաստանի տարածքում միջանցք ստեղծելու մասին, այլ խոսվում էր ռազմական գործողությունների դադարի, 7 շրջանների վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու, այդտեղ և Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման մասին: Նոյեմբերի 9-ի առավոտյան ես ստորագրեցի այդ տեքստը, բայց այն պահին, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահն ասաց, որ Ադրբեջանն առաջարկում է տեքստի մեջ ավելացնել կետ Տավուշի մարզի անկլավների վերադարձի մասին, ես հայտարարեցի, որ բացառվում է, որ այդպիսի փաստաթուղթ ստորագրեմ, ու պաշտոնապես արձանագրվեց, որ մենք փաստաթուղթ չենք ստորագրել: Որոշ ժամանակ անց պարզվեց, որ համաձայնություն է ձեռք բերվել այդ կետը հանել փաստաթղթից, ի վերջո, բարդ, տևական քննարկումներից հետո ես ստորագրեցի այն փաստաթուղթը, որը հայտնի է բոլորիդ, որն, իհարկե, ավելի վատն էր, քան առավոտյան տարբերակը, բայց ավելի լավն էր առաջարկվող մյուս տարբերակներից, որոնցից մեկը Մեղրիի միջանցք էր նախատեսում, մյուսը՝ Տավուշի մարզի անկալվների վերադարձ», - ներկայացրեց կառավարության ղեկավարը:

Կարո՞ղ էինք խուսափել 44-օրյա պատերազմից, հարցրեց Փաշինյանն ու ինքն էլ պատասխանեց՝ այո, եթե նախորդ 25 տարիների ընթացքում լուծած լինեինք Ղարաբաղի հարցը։ Իսկ թե ինչո՞ւ Փաշինյանն ու իր իշխանությունը չկանխեցին պատերազմը, այս մասին վարչապետը ոչինչ չասաց։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG