Մատչելիության հղումներ

Մեկնարկել է քննիչ հանձնաժողովի նիստը, ըստ ԱԺ նախագահի՝ վարչապետը «սենսացիոն» հայտարարություններ է անելու


Մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը, ներկա է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստն ընթանում է ուղիղ եթերում, լրագրողներին նիստերի դահլիճ մտնել չի թույլատրվել։

Նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարեց․ - «Սա իմ ունեցած լավագույն հնարավորությունն է համապարփակ կերպով խոսել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի պատմության, 2020 թվականի 44-օրյա պատերազմի, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորգարման հետ կապված հանգամանքների մասին ելույթի և հարցուպատասխանի միջոցով»։

Ըստ ընթացակարգի՝ այսօր Փաշինյանը ելույթ կունենա, իսկ առաջիկա նիստին արդեն պատգամավորները վարչապետին հարցեր տալու հնարավորություն կունենան։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ վարչապետը «սենսացիոն» հայտարարություններ է անելու։

Ըննդիմությունը բոյկոտել է նիստը։ Նրանք երեկ հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ նիստը համարում են «շոու», որի նպատակը «Փաշինյանի վրայից քաղաքական պատասխանատվությունը հեռացնելն է։

Ընդդիմադիրներին այսօր հակադարձեց ԱԺ նախագահը։ Ընդդիմությունը հնարավորություն ուներ վարչապետին ուղիղ եթերում հարց տալ այս վերջին տարիների ընթացքում իրենց հնչեցրած բոլոր մեղադրանքների շուրջ, ասաց Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով՝ «ասելիք չունեն, դրա համար էլ չեն եկել»։

Ընդդիմադիրների դիտարկումը, թե Փաշինյանն այս կերպ փորձում է իր մեղքն ուրիշների վրա բարդել, Սիմոնյանը ծիծաղելի համարեց։ «Փաշինյանը երբեք որևիցե մեկի վրա մեղք չի բարդել, այլ հակառակը՝ ես իրեն հաճախ ասում եմ՝ «էդքան շատ մի շեշտի և մի քո վրա վերցրու այն բաները, որոնք կապ չունեն քեզ հետ»։ Թող գան, թույլ չտան դա անել», - ասաց ԱԺ նախագահը։

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG