Մատչելիության հղումներ

Փաշինյանը խոստանում է խոսել պատերազմը 2020-ի հոկտեմբերի 19-ին չկանգնեցնելու պատճառների մասին


Նիկոլ Փաշինյանը հարցաքննվելու է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում, այսօր խորհրդարանում հայտնեց հենց ինքը՝ վարչապետը։

Նա, սակայն, չհստակեցրեց՝ ե՞րբ է տեղի ունենալու իր մասնակցությամբ նիստը. - «Պայմանավորվել ենք և նաև պարտավորվել եմ, որ ես պետք ա քննիչ հանձնաժողովում լսվեմ»։

Փաշինյանը հույս ունի, որ նիստը հանրային կլինի։ Թիմի հետ այդ հարցն արդեն քննարկել է։ Քննիչ հանձաժողովի աշխատանքները փակ են, դրանք նախկինում երբեք լրագրողների ներկայությամբ չեն ընթացել։

Վարչապետը խոստացավ, թե քննիչ հանձաժողովի նիստին կպատասխանի նաև պատերազմը 2020-ի հոկտեմբերի 19-ին չկանգնեցնելու պատճառների մասին. - «Ճշգրիտ այն ժամանակ նկարագրել եմ էն, ինչ որ էսօր տեղի ա ունենում Լաչինի միջանցքում։ Բայց նաև էդ պատճառով , նաև դա չի էղել վերջնական պատճառը էդ օրվա որևէ թուղթ չստորագրելու։ Ես քննիչ հանձնաժողովում կասեմ նաև որն է եղել պատճառը»։

Փաշինյանը, ի դեպ, այսօր խոսելով պետական դավաճանության մասին հարցուցված ավելի քան հինգ տասնյակ քրեական գործերի մասին, հայտարարեց՝ ինքը ևս հարցաքննվել է՝ առանց բացահայտելու, թե կոնկրետ ի՞նչ գործով. - «Քննվել եմ, հարցաքննվել եմ շատ մանրամասն։ Ինչքան պետք ա, էնքան էլ կհարցաքննվեմ։ Հույս ունեմ... քննիչ հանձնաժողով, դուք, խնդրում եմ, էկեք ինձ հարցաքննեք...»

Չնայած հարուցված քրեական գործերին, պատերազմից ավելի քան երկու տարի անց դեռ պետական դավաճանության դեպքերով ուժի մեջ մտած որևէ դատավճիռ չկա։

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը նաև պատերազմի ընթացքում Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած այժմ «անպիտան հրթիռների» անունը ստացած քրեական գործով կալանավորված Դավիթ Տոնոյանից է ցանկանում պարզաբանումներ ստանալ։

Անդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյան

«Նաև հաշվի առնելով մեր հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանի և Դավիթ Տոնոյանի հարաբերությունները, հարազատ հարաբերությունները, ես խնդրել եմ, որպեսզի Վիլենը Գաբրիելյան ճշգրտի պարոն Տոնոյանից՝ նախկինում իր արած հայտարարությունը ուժի մե՞ջ է, ինքը ցանկանո՞ւմ ա քննիչ հանձնաժողովը այցելի իրեն, կամ մենք նախաձեռնենք պարոն Տոնոյանի հնարավոր այցը քննիչ հանձնաժողով», - ասաց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Քննիչ հանձնաժողովը ղեկավարող «Քաղաքացիական պայմանագրից» Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ հիմա սպասում են բարձրաստիճան նախկին պաշտոնյայի պատասխանին։

Ինչպե՞ս է քննիչ հանձնաժողովը հարցաքննելու շուրջ մեկ ու կես տարի կալանավայրում գտնվող Տոնոյանին։ Քոչարյանը պնդեց, թե հնարավոր է՝ հենց հանձնաժողվի անդամները գնան ԱԱԾ մեկուսարան, ասաց՝ ինքը նման փորձ ունի. - «Մարտի 1-ի փաստահավաք խմբի մեր աշխատանքի ընթացքում անձամբ ես էդ փորձը ունեմ, որ եթե հնարավոր չի իրավական տեսանկյունից Տոնոյանի ներկայությունը քննիչ հանձնաժողովի գրասենյակ, մենք որևէ խնդիր չունենք այցելենք ինքներս, պայմաններ ստեղծենք։ Մեկուսարանի ղեկավարության հետ կարող ենք պայմանավորվել»։

Քոչարյանի ղեկարած ու բացառապես իշխանականներից կազմված հանձնաժողովականների հարցերին պատասխանել են նաև 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի արտաքին գերատեսչությունը ղեկավարած Զոհրաբ Մնացականյանն ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը։

Ըստ Անդրանիկ Քոչարյանի, բանակի նախկին ղեկավարից իրենք կարևոր պարզաբանումներ են ստացել. - «Ստացանք էնպիսի պարզաբանումներ, որը պետք ա գոնե արխիվային նյութերում մեր երկրի արձանագրված մնա, որ վաղը-մյուս օրը էն բացթողումները, որ եղել են, կամ այն մարտահրավերները, որոնք մենք ընդունել ենք, դրա չպարզաբանված որևէ հարց մեր պետության առջև մնացած չլինի»։

Անդրանիկ Քոչարյանը հայտնեց նաև, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքերի ընթացքում հայտնաբերված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ նյութեր է ուղարկել Գլխավոր դատախազություն։ Սակայն, չբացահայտեց, թե ինչ չարաշահումներ են դրանք և արդյոք գործող, թե նախկին պաշտոնյայի են առնչվում։

XS
SM
MD
LG