Մասնակցությամբ կլեգիտիմացնեինք այս հանձնաժողովի ձախողված աշխատանքը, հայտարարում է դաշնակցության ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը, որի խմբակցությունը խորհրդարանում այսօր բոյկոտել էր 2020 թվականի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը, որտեղ ելույթ ունեցավ վարչապետ Փաշինյանը։
Բացառապես իշխանականներից ձևավորված քննիչ հանձնաժողովը, ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, պարզապես չի կարող օբյեկտիվ լինել։
«Առհասարակ հանրային վստահություն չի կարող ունենալ, որքան էլ փորձի օբյեկտիվ լինել: Այսօրվա նիստը, հանձնաժողովի նախագահությունը Անդրանիկ Քոչարյանինն էր, որը պատերազմի օրերին եղել է Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ էլի: Որևէ մեղադրանք ես չեմ ներկայացնում օդի մեջ, բայց այդ օրերի Ազգային ժողովի պատգամավորների և նաև Պաշտպանության հանձնաժողովի գործունեությունը քննության առարկա պետք է դառնա», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Պատերազմը պարտվել է ոչ միայն Զինված ուժերը, այլև ողջ պետությունը, և պարտության պատճառները, ըստ Մանուկյանի, հնարվոր կլինի պարզել ոչ ներկա իշխանության օրոք կամ առավել ևս նրանց ստեղծած հանձնաժողովի միջոցով։ Սա գլխավոր պատճառն է, որ ստիպել է խորհրդարանի ընդդիմադիր երկու խմբակցություններին բոյկոտել այսօրվա նիստը, մինչդեռ առավոտյան իշխանության ներկայացուցիչները պնդում էին՝ ընդդիմադիրները ասելիք չունեն, չեն եկել։
«Գան ի՞նչ ասեն, իրանց թվում է՝ իրենց փոքրիկ շրջանակն է, որտեղ իրենց աշխարհում ապրում են, թող գան, ասելիք չունեն», - ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
2022-ի սկզբին ստեղծված Քննիչ հանձնաժողովը մինչ օրս լսել է մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանին, նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին։ Այդ նիստերն անցկացվել են փակ, դաշնակցական պատգամավորի կարծիքով, այժմ սխալ է Փաշինյանի մասնակցությամբ նիստն անցկացնել բաց։
Ազգային ժողովի նախագահը հակադարձում է՝ թող ընդդիմադիրները գային ու պահանջեին նիստը փակ անցկացնել. - «Էլ չեմ ասում՝ վարչապետը բազմիցս իրենց հրավիրել է թե՛ փակ, թե՛ բաց քննարկումների՝ այդ նույն հիմնավորումներով»:
Գեղամ Մանուկյանը նշեց. - «Եթե ցանկություն կար թեկուզ այս քննիչ հանձնաժողովին լիարժեք տեղեկատվություն տրամադրվեր, որպեսզի քննիչ հանձնաժողովը լիարժեք այդ տեղեկատվությանը տիրապետելով վաղը եզրահանգման գար, ուրեմն այս շոուն պետք չէր: Նիկոլ Փաշինյանը պետք է ներկայացներ ամեն մանրամասնություն»:
Քննիչ հանձնաժողովում Փաշինյանը այսօրվա ավելի քան 3 ժամ տևած ելույթում կենտրոնացել էր Շուշիի անկման, պատերազմը դադարեցնելու փորձերի, ինչպես նաև վերջին տասնամյակների ընթացքում Լեռնային Ղարաբաղի բանակցությունների ընթացքի վրա։ Բովանդակային առումով, Դաշնակցության գնահատմամբ, վարչապետի այսօրվա ելույթում նորություններ գրեթե չկային։
«Ուղղակի ծաղկաքաղով վերաշարադրեց, իր պատկերացումներով, կեղծիքներով վերաշարադրեց արցախյան բանակցությունները՝ ունենալով լոկ մեկ նպատակ՝ ժողովուրդ, ես կապ չունեմ դրա հետ», - ընդգծեց դաշնակցական պատգամավորը:
Եթե վերջին 30 տարիների ընթացքը ակնհայտորեն տարել է Արցախը կորցնելուն, միջազգային հանրությունն էլ երբեք չի տեսել Արցախն Ադրբեջանի կազմից դուրս, ապա ինչո՞ւ էր «Քաղաքացիական պայմանգիրը» իշխանության գալուց հետո ամպագոռգոռ հայտարարություններ անում, Փաշինյանի այսօրվա ելույթից հետո հարցնում է ընդդիմադիր պատգամավորը։
«Շուշիում, որ անում էին, չէի՞ն հասկանում, որ դիվանագիտական խնդիրներ կառաջանան, «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը Ստեփանակերտում անելով չէ՞ր հասկանում, որ թեկուզ պատկերացներ, որ արդեն բանակցային պրոցեսն այնպես էր, որ վաղը, մյուս օրը պատերազմ է լինելու, ինքը յուղ էր լցնում կրակի վրա», - ասաց Գեղամ Մանուկյանը:
Խորհրդարանական մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից հայտնեց, որ վաղը կարձագանքեն Փաշինյանի ելույթին, Հայաստանի առաջին նախագահի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը ևս վաղը կարձագանքի նաև Տեր-Պետրոսյանի գործունեության մասին պնդումներ արած վարչապետի ելույթին։