Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանն առաջարկում է իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ բաց նիստ հրավիրել


Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, արխիվ
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, արխիվ

44-օրյա պատերազմից մեկ տարի անց կալանավորված պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պատրաստ է պատասխանել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հարցերին: Սակայն, պայմանով, եթե վարչապետ Փաշինյանն էլ մասնակցի, ու նիստը բաց լինի։ Նա այդ մասին այսօր է հայտարարել կալանավայրից:

«Անկախ փորձագետների և ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների բացակայությունը քննիչ հանձնաժողովի նիստերին ոչ միայն հարցեր է առաջացնում վերջինիս աշխատանքի անկողմնակալության վերաբերյալ, այլև պարարտ հող է հանդիսանում քաղաքական շահարկումների, զրպարտանքների ու դիլետանտական բամբասանքների շարունակության համար», - հայտարարել է Դավիթ Տոնոյանը:

Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատրաստ է քննարկել նիստը բաց անցկացնելու և վարչապետին հրավիրելու առաջարկը. - «Չկասկածեք, որ առաջարկը կքննարկվի, և եթե հնարավոր լինի, կտանք լուծումներ»։

Նա, սակայն, անկողմնակալության հետ կապված խնդիր չի տեսնում։

«Կարող եմ չհամաձայնել Տոնոյանի հետ, եթե ինքը ցանկանում է հանձնաժողով գալ, այստեղ կողմնակալության խնդիրը չէ։ Կողմնակալության խնդիրը կլուծվի, երբ որ մասնակիցները հարցեր կհնչեցնեն, եթե անհրաժեշտ է, այդ հարցերը հասանելի կլինեն բոլորին», - նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Դավիթ Տոնոյանին Նիկոլ Փաշինյանն էր նշանակել պաշտպանության նախարար: Պաշտոնավարել է մինչև 44-օրյա պատերազմի ավարտը, ազատազրկվել բանակին անպիտան հրթիռներ մատակարարելու գործով։ Տոնոյանին հրավիրելիս ինչպե՞ս են պատկերացնում նրա մասնակցությունը, Ազգային ժողով է՞ գալու, թե՞ հանձնաժողովն է քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու, այս հարցի պատասխանը Քոչարյանը դեռ չունի. «Մեր հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը երկու անգամ այցելել է պարոն Տոնոյանին՝ նաև հաշվի առնելով պարոն Տոնոյանի և Վիլեն Գաբրիելյանի ընկերական և բարեկամական կապերը, և մենք քննարկման փուլ անցնում ենք։ Նաև գուցե այդ փուլի արդյունքում է, որ պարոն Տոնոյանն արձագանքել է և պայմաններ է առաջարկել, և պայմանների մասին մենք անպայման զրույց կունենանք»։

Խորհրդարանական հանձնաժողովը ստեղծվեց պատերազմից մոտ մեկուկես տարի անց։ Քննությունն իրականացնում են միայն իշխանական պատգամավորները։ Ընդդիմությունը հենց սկզբից բոյկոտեց նիստերը։ Մինչ այսօր խորհրդարան են եկել մի շարք նախկին ու ներկա պաշտոնյաներ: Վարչապետ Փաշինյանն էլ է պատրաստ հանձնաժողովի հարցերին պատասխանել։ Նա էլ է նախընտրում, որ իր հետ հարցուպատասխանը լինի հրապարակային։


Ընդդիմությունը, սակայն, պատրաստվում է հետ քայլ անել ու միանալ հանձնաժողովին։ Փաշինյանի մասնակցությունը քարոզչական ու իրավապահներին ուղղորդելու նպատակով է, համոզված Է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որ այս հանձնաժողովի անդամ էր, բայց բոյկոտում է նիստերը:

«Նիկոլ Փաշինյանն առավել ևս, որովհետև Նիկոլ Փաշինյանի ելույթները ցույց են տալիս, որ դրանցում իրականություն գրեթե չկա, եղածը մանիպուլացվում է, և փորձ է արվում պարզապես հանրությանը մոլորեցնել», - շեշտեց Աբրահամյանը։

Մինչ այս պահը հանձնաժողովի հարցերին պատասխանել են պատերազմի օրերին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, շտաբի ներկա ղեկավարը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Գասպարյանի տեղակալ Տիրան Խաչատրյանը հրապարակայնորեն հրաժարվել է մասնակցել։ Անդրանիկ Քոչարյանի հրավերը մերժել է արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանության մաս չի եղել: Օսկանյանը հիմնավորել էր, թե համոզված չէ, որ հանձնաժողովը կարող է արդար և օբյեկտիվ եզրահանգման գալ։

XS
SM
MD
LG