Բաքուն հերթական գործողությո՞ւնն է նախապատրաստում, թե՞ այլ նպատակ է հետապնդում

Բաքուն հերթական գործողությո՞ւնն է նախապատրաստում, թե՞ այլ նպատակ է հետապնդում հայկական կողմերին պարբերաբար մեղադրելով ադրբեջանական դիրքերը թիրախավորելու համար։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն ավելի քան 3 ամիս է՝ գրեթե ամեն շաբաթ, երբեմն շաբաթը մի քանի անգամ նման բովանդակությամբ հաղորդագրություններ է տարածում, վերջինը՝ այսօր, թե երեկ գիշերվանից մինչ լուսաբաց հայկական կողմը տարբեր հրաձգային զինատեսակներից կրակել է Քելբաջարում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս պնդումները Հայաստանի ռազմական գերատեսչությունը ապատեղեկատվություն է որակում։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - նշված է հաղորդագրությունում:

Ադրբեջանն Արցախի պաշտպանության բանակին էլ մեղադրում է շփման գծի մի շարք հատվածներում ամրաշինական աշխատանքներ իրականացնելու համար։ Ստեփանակերտից ևս հերքում են այս հայտարարությունները։

«Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ հայտարարելով Ասկերանի, Մարտունու և Քարվաճառի շրջաններում իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին», - ասված է ՊԲ հաղորդագրությունում։

Արցախի պաշտպանության բանակն իր հերթին երեկ հաղորդել էր Ադրբեջանի զինուժի կողմից հրադադարի խախտումների մասին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն էլ այսօր հաղորդեց, որ Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը. Արցախ ՊԲԵրևանը հերքում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու Բաքվի պնդումը

Դեռ մարտին Հայաստանի վարչապետն, անդրադառնալով Ադրբեջանի ռազմական գերատեսչության պարբերական դարձած մեղադրանքներին, հայտարարել էր, որ ադրբեջանական քարոզչությունը լրատվական ֆոն է ստեղծում լայնածավալ հարձակման համար:

«Ադրբեջանի պետական և մերձպետական քարոզչությունը տևական ժամանակ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում և լարվածության միտումները նաև տեսանելի են գետնի վրա», - ասել է Փաշինյանը:

Ընդդիմությունում էլ են համոզված՝ Բաքուն հող է նախապատրաստում հնարավոր ռազմական գործողությունների համար

Ընդդիմությունում էլ են համոզված՝ Բաքուն հող է նախապատրաստում հնարավոր ռազմական գործողությունների համար։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ մինչ այդ, սակայն, Բաքուն ակտիվ բանակցային գործընթացին զուգահեռ տեղեկատվական գրոհներով, շանտաժներով փորձում է Երևանից ավելին ստանալ։

«Թեման մի փոքր լայն է վերցված, դա կարող է տարածվել և՛ Արցախի, և՛ Հայաստանի վրա, դրանք կարող են լինել լոկալ և կարող են լինել որոշակի մասշտաբային գործողություններ, բաց փաստն այն է, որ Ադրբեջանը տեղեկատվական նախապատրաստություն իրականացնում է, որը մի կողմից ծառայում է որպես շանտաժ և ճնշում Հայաստանի իշխանությունների վրա ադրբեջանական օրակարգն ամբողջությամբ սպասարկելու և իրականացնելու համար, երկրորդ, Հայաստանի իշխանությունների կողմից այդ պահանջների չկատարման դեպքում ուժի կիրառման նպատակով», - ասաց Աբրահամյանը:

Աբրահամյանն ասում է՝ ակնհայտ է՝ Բաքուն հատկապես Արցախի նկատմամբ գործողություն իրականացնելու որոշակի նախապատրաստական աշխատանք է տանում։ Միայն մեկ շաբաթում Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը 10 անգամ Արցախի պաշտպանության բանակին մեղադրել է հրադադարը խախտելու համար։

«Ադրբեջանը բաց տեքստով հայտարարում է, որ Արցախի պաշտպանության բանակի գոյությունն իր համար սպառնալիք է ներկայացնում և նա ամեն ինչ անելու է, ընդհուպ հատուկ օպերացիայի իրականացման միջոցով Արցախն ապառազմականացնելու համար», - ընդգծեց ընդդիմադր պատգամավորը:

Անցած տարվա սեպտեմբերյան լայնածավալ հարձակումից առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ակտիվ էր. Բաքուն պարբերաբար հայկական կողմին մեղադրում էր հրադադարի խախտման համար: Այս տարի մինչև Սյունիքի ու Արցախի սահմանագծին՝ Հակարիի կամրջի վրա անցակետ տեղադրելն էլ կանոնավոր պնդում, թե Հայաստանից Արցախ զինամթերք է տեղափոխվում։ Այն ժամանակ էլ և՛ Երևանը, և՛ Ստեփանակերտը հերքում էին Բաքվին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ստեփանակերտը կատարյալ սուտ է որակում Բաքվի պնդումը, թե «արցախցիները հանգիստ անցնում են Հակարիի ադրբեջանական անցակետով»Երևանը հայտարարում է հայ զինվորների առևանգման մասին, Բաքուն ահաբեկչության հոդվածով քրգործ է հարուցել նրանց դեմ