Մատչելիության հղումներ

Երևանը հայտարարում է հայ զինվորների առևանգման մասին, Բաքուն ահաբեկչության հոդվածով քրգործ է հարուցել նրանց դեմ


Երեկվանից որոնվող երկու հայ զինծառայողների դեմ Բաքուն միանգամից 6, այդ թվում՝ ահաբեկչության, բռնությամբ ազգամիջյան ատելություն հրահրելու ու մաքսանենգ ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու հոդվածներով քրեական գործ է հարուցել։ Ադրբեջանական կողմը նրանց մեղադրում է պետական սահմանն ապօրինի հատելու, դիվերսիոն ներփանցման փորձ իրականացնելու համար։

Մինչդեռ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի պնդումները՝ դրանք բացարձակ սուտ ու ապատեղեկատվություն որակելով։ Ռազմական գերատեսչությունից հայտնում են, որ մարտական հենակետեր սնունդ մատակարարող զինծառայողներ Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանը երեկ առևանգվել են։ Հայաստանի Քննչական կոմիտեն հայտնեց, որ նախնական տվյալներով՝ հակառակորդի զինված խումբը հատել է Հայաստանի սահմանն ու առևանգել զինծառայողներին:

«Իրականացվում են ծավալուն միջոցառումներ՝ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից սահմանն ապօրինի հատելու և զինծառայողների առևանգման հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ»,- հայտնում են նախաքննական մարմնից՝ առանց այլ մանրամասների։

Պաշտպանության նախարարությունն էլ ավելի վաղ հաղորդել էր, որ Ադրբեջանի կողմից զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք։

Կեսօրին ռազմական կառույցից հայտնեցին, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է զինծառայողների բեռնատարը ՝ բեռնված սննդով և ջրով։ Պաշտպանության նախարարությունը նաև մեքենայի լուսանկարներն է հրապարակել։

«Հայկական կողմն ունի բավարար ապացույցներ այն հերքելու համար, որոնք կներկայացվեն միջազգային գործընկերներին: Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու և տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ», - նշված է հաղորդագրությունում:

Մինչդեռ ադրբեջանական կողմը պնդում է՝ ձերբակալված երկու հայ զինծառայողները միայնակ չեն եղել, թե իբր նրանց հետ այլ զինծառայողներ էլ են եղել։

«Նրանք հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Զանգելանի շրջանի Ռազդարա գյուղի տարածքում գտնվող և պետական սահմանը հսկող պետական սահմանապահ զորքերի N զորամասի զինծառայողների ուղղությամբ՝ սպառնալով ահաբեկչական գործողություններ իրականացնել՝ նպատակ հետապնդելով սպանել մարդկանց, նրանց առողջությանը վնաս պատճառել ու զգալի գույքային վնաս պատճառել», - հայտնում են Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ու Պետական սահմանապահ ծառայությունը՝ առանց այդ պնդումները հիմնավորող ապացույցների։

Այս միջադեպը հաջորդում է ապրիլին Նախիջևանից Սյունիքի մարզ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողների դեպքին։ Հայկական կողմը նրանց մեղադրեց սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ 2 զինծառայողներից մեկը՝ Ագշին Բաբիրովը մայիսի սկզբին դատապարտվեց 11.5 տարի ազատազրկման։ Երկրորդ զինծառայող Հուսեյն Ախունդովի գործը դեռ նախաքննության փուլում է, նա մեղադրվում է նաև Կապանի բնակչի սպանության համար։ Մինչդեռ ադրբեջանական կողմը պնդում էր, թե զինծառայողները մոլորվել են։ Ավելի վաղ վարչապետ Փաշինյանն ասել էր, թե ադրբեջանցիները սահմանը հատել են իրենց զորամասում ճնշումների ենթարկվելու պատճառով։ Երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում էլ վերահաստատեց՝ ադրբեջանցի զինծառայողները չեն մոլորվել։ Երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում էլ վերահաստատեց՝ ադրբեջանցի զինծառայողները չեն մոլորվել:​

«Այս պահի դրությամբ մասնավորապես Հայաստանում մոլորված լինելու հետևանքով Հայաստանի Հանրապետությունում հայտնված ադրբեջանցիներ չկան», - ընդգծել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը չբացառեց՝ Սյունիք ներթափանցած ադրբեջանցիները կարող են արտահանձնվել Բաքվին, բայց միևնույն ժամանակ շեշտեց՝ իրավական գործընթացներից հետո միայն, ու դա միակողմանի չի կարող լինել։

«Այո, մենք պատրաստ ենք քննարկել, իհարկե իրավական ընթացակարգերն անցնելուց հետո, որովհետև մենք չենք կարող մյուս կողմից ուղղակի անտեսել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է սպանվել, բայց որևէ մեկի նաև անմեղության կանխավարկածն էլ չենք խախտում: Նախաքննության փուլում է, եթե չեմ սխալվում հարցը, եթե նախաքննության եզրակացությունը կլինի համապատասխան, կուղարկի դատարան, դատարանը որոշում կկայացնի, որից հետո իրավական ընթացակարգերը հնարավոր են համարում ամենատարբեր լուծումներ», - հայտարարել է վարչապետը:

Կապանի քաղաքացու սպանությունից մոտ մեկ շաբաթ անց միայն հայաստանցի իրավապահները հաստատեցին, որ Սյունիք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողն է սպանել նրան։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի աշխատակիցը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել էր: Ըստ Դատախազության՝ ադրբեջանցի զինծառայողը ցանկացել էր հետագայում ապօրինի հատել Հայաստանի սահմանն ու անցնել Իրան։ Այդ պատճառով էլ հափշտակել էր պահակի բջջային հեռախոսը, ծխախոտն ու կրակայրիչը, փորձել գործարկել կայանված մեքենայի շարժիչը, սակայն չկարողանալով՝ դիմել էր փախուստի:

Պաշտոնապես չի հաղորդվում, թե կոնկրետ ինչ պայմանավորվածություններ կան Երևանի ու Բաքվի միջև ձերբակալվածների փոխանակման հարցում։ Այս հարցը երկու շաբաթ առաջ քննարկվել էր Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան հանդիպման ընթացքում։ Եվրոպական խորհրդի նախագահն ասել էր, թե մոլորված զինվորների դեպքում ըմբռնում կա, որ նրանք կփոխանակվեն արագացված ընթացակարգով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG