Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը կատարյալ սուտ է որակում Բաքվի պնդումը, թե «արցախցիները հանգիստ անցնում են Հակարիի ադրբեջանական անցակետով»


Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետը, 29-ը մայիսի, 2023թ․
Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետը, 29-ը մայիսի, 2023թ․

«Արցախցիները հանգիստ անցնում են Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետով». Բաքվի լրատվամիջոցներն են այս վերնագրով կադրեր տարածում, որոնցում նաև կանայք, երեխաներ են անձնագրային ստուգման հերթում։

Ի դեպ, սա արդեն երկրորդ տեսանյութն է։ Մի տարբերություն կա՝ առաջինում ադրբեջանցի տղամարդիկ են անցակետի խցիկում, հիմա կանայք են։

«Ու էդ անցակետ կոչվածն Արցախի ժողովրդի համար անընդունելի է և սա մեկ հոգու կարծիք չէ, երկու հոգու կարծիք չէ, սա համընդհանուր մեր ժողովրդի կարծիքն է», - «Ազատությանն» ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Գեղամ Ստեփանյան
Գեղամ Ստեփանյան

Արցախի օմբուդսմենը շեշտում է՝ Ադրբեջանը ուզում է բարեկիրթ երևալ և ցուցադրել, թե հենց սա է ինտեգրումը։

«Սա կատարյալ սուտ ու կեղծիք է, և անձամբ ես էլ, տարբեր հանդիպումների, քննարկումների ժամանակ, սա միշտ ընդգծում եմ՝ անգամ այն հանգամանքը, որ մարդիկ տեղաշարժվում են խաղաղապահների և Կարմիր խաչի ուղեկցությամբ, արդեն իսկ խոսում է, որ խոչընդոտված է ազատ տեղաշարժի իրավունքը», - ասաց Ստեփանյանը։

Կադրերում երևում է նաև արցախցիներին տեղափոխող ռուս խաղաղապահների մեքենան։ Երկու օր առաջ են նրանք վերսկսել Հայաստան գալու կամ Արցախ վերադառնալու հրատապ կարիք ունեցող մարդկանց տեղափոխությունը։ 28 հոգու Հայաստան են բերել, 27 -ին վերադարձրել Արցախ։ Ենթադրվում է, որ նկարահանումը հենց այդ ժամանակ է արվել։

Այս պահին էլ Գորիսի հյուրանոցներում 132 արցախցիներ կա, որ ցուցակագրված սպասում են իրենց հերթին։

Օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը շեշտում է՝ մարդիկ պատրաստ են երրորդ կողմի ուղեկցությամբ անցնել ադրբեջանական անցակետով, միայն թե հասնեն իրենց հարազատներին, բայց դա ամենևին չի նշանակում համակերպվել Հայաստան-Արցախ սահմանագծին կանգնած զինված ադրբեջանցիների ներկայության հետ։

Արցախի հանրայինի տեսախցիկն է արձանագրել, թե ինչ ապրումներով են մարդիկ վերադառնում Արցախ։

«Սրտատրոփ սպաում էինք, էն ա որ մտնեինք էստեղ, բայց որ վախենայինք թշնամուց, տենց բան ընդհանրապես չկա», - ասում էր զրուցակիցներից մեկը։

Մեկ այլ արցախցի էլ նշում էր․ - «Գործի առումով գնացել եմ, երկու ամիս մնացել եմ էնտեղ, բայց Աստված հաջողություն է տվել, եկանք հեսա մեր հողին, մեր օջախներին հասնենք, որպեսզի պահենք, բարգավաճենք, մեր հողին տեր լինենք»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG