Միացյալ Նահանգները հիասթափված է Թուրքիայի որոշմամբ՝ կասեցնել իր օդային տարածքով հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը:
«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչը, մեր կարծիքով, ոչ միայն կարևոր կլիներ երկու երկրների համար, այլև օգտակար՝ ամբողջ տարածաշրջանում կայունության համար», - երեկ ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը:
«Մենք հիասթափված ենք հայկական ավիաընկերություններին իր տարածքով թռիչքների թույլտվությունը կասեցնելու մասին Թուրքիայի հայտարարությունից: Օդային հաղորդակցությունը վերականգնելու մասին ավելի վաղ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը վստահության ամրապնդման կարևոր գործիք էր՝ ոչ միայն այդ երկու երկրների միջև, այլև, կրկին, ավելի լայն առումով՝ տարածաշրջանային կայունության համար», - շեշտել է Պատելը:
«Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Թուրքիան և Հայաստանը կկարողանան շարունակել վերականգնել տնտեսական կապերը, ինչպես նաև բացել տրանսպորտային կապերը», - ասել է Պետդեպարտամենտի փոխխոսնակը:
Հայկական ավիաընկերությունների համար Թուրքիայի օդային տարածքը փակելու որոշումը պաշտոնական Անկարան բացատրել է «Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ շարունակվող սադրանքներով»՝ մատնանշելով Երևանում «Նեմեսիս» գործողության հուշարձանի տեղադրումը:
Հայաստանի մայրաքաղաքի Օղակաձև այգում «Նեմեսիս» գործողության հեղինակներին նվիրված հուշակոթող-աղբյուրը բացվել է ապրիլի 25-ին։ Արձանն, ըստ այդ նախաձեռնության հեղինակների, պետք է հավերժացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918-ի Բաքվում հայերի ջարդերը կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը:
Պաշտոնական Անկարան և Բաքուն դատապարտել են Երևանում հուշակոթողի տեղադրումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Անկարան հայկական օդանավերի համար տարածքը փակել է «Նեմեսիս»-ի բացման պատճառով. Փաշինյանն արձագանքել է Անկարան բացատրեց՝ ինչու է օդային տարածքը փակել Հայաստանից երրորդ երկրներ թռիչքների համարԱնկարան հայկական ավիաընկերությունների համար օդային տարածքը փակել է «Նեմեսիս»-ի բացման պատճառով. Փաշինյանն արձագանքել էԱՄՆ-ը հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հասնելու հնարավորությանը
Արձագանքելով Վաշինգտոնի Արլինգթոն արվարձանում ընթացող հայ - ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ հարցերին՝ Պատելը ձեռնպահ է մնացել դրանց ընթացքի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելուց:
Ընդգծելով, որ խնդիրը ռազմական լուծում չունի, Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ասել է. - «Մենք կարծում ենք, որ դիվանագիտության միջոցով ուղիղ երկխոսությունն առաջընթացի անբաժանելի ուղի է: Եվ ահա թե ինչու մենք շատ ուրախ ենք հյուրընկալել երկու արտգործնախարարներին Արտաքին ծառայության ինստիտուտում՝ մասնակցելու այս շատ կարևոր քննարկումներին։ Ինչպես ասացի, պետքարտուղարը և այլոք գերատեսչությունում խորապես ներգրավված են այս հարցում, և մենք անհամբերությամբ կսպասենք գործընթացին մոտիկից հետևելու հնարավորությանը»:
Վաշինգտոնը հավատում է, որ երկխոսության միջոցով երկու երկրների միջև տևական խաղաղության հասնելը հնարավոր է: «Մենք հանձնառու ենք մնում Հարավային Կովկասի համար խաղաղ ապագայի խթանմանը», - շեշտել է Վեդանտ Պատելը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վաշինգտոնում բանակցությունների սեղանին կա փաստաթուղթ, անակնկալներ այնտեղ չկան. վարչապետԱլիև. «Առավել արդյունավետը կարող է լինել Ադրբեջանի և Հայաստանի ուղիղ բանակցությունն առանց միջնորդի»Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել ԼՂ բնակչության իրավունքներն ու անվտանգությունըՄիրզոյան-Բայրամով վաշինգտոնյան հանդիպման նպատակն, ըստ ամերիկացի դիվանագետների, խաղաղության երկարատև հեռանկարն է