Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փոխանցում են Միացյալ Նահանգների պետքարտուղարությունից՝ պատասխանելով «Ազատության» հարցին՝ արդյոք այս օրերին Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններում քննարկվո՞ւմ են Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր։
Պետքարտուղարության խոսնակը շեշտել է՝ Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցն առանցքային է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում:
«Չափազանց շատ կյանքեր խլած ու շատ երկար տևող հակամարտությանը տևական կարգավորում գտնելու միակ ճանապարհն այն է, որ ի վերջո այս մարդիկ իրենց ապահով զգան իրենց տներում, և նրանց իրավունքները պաշտպանված լինեն», - նշում է Պետքարտուղարությունը։
Միաժամանակ Պետդեպարտամենտն ընդգծել է՝ իրենք տարածք են տրամադրել երկխոսության համար, իսկ թե ինչ կարող է տեղ գտնել համաձայնության մեջ, և ինչը՝ ոչ, նաև՝ հարաբերությունները կարգավորելու համաձայնության շրջանակը, բնույթն ու բովանդակությունը պետք է կողմերը որոշեն։
Մենք մեզ Ադրբեջանի կազմում չենք տեսնում. Դավիթ Բաբայան
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ասում է՝ Ադրբեջանի կազմում չի կարող լինել ո՛չ իրավունք, ո՛չ անվտանգություն։ Իրենք ինքնորոշվել են, ուստի Հայաստանի իշխանություններից ակնկալում են հստակ հայտարարություն՝ Արցախը չեն տեսնում Ադրբեջանի կազմում։ Նույնը նաև Ռուսաստանից, ԱՄՆ-ից են պահանջում։
«Եթե տեսնում է, թող ասի՝ տեսնում եմ Ադրբեջանի կազմում, չենք նեղանալու ոչ մեկի վրա, բայց մենք մեր քայլերը պետք է տեսնենք ինչ ենք անում, որ իմանանք էլի, տեսնենք ծնողներ ունե՞նք, ո՞րբ ենք, եղբայրներ, քույրեր ունե՞ք, թե՞ չունենք: Մենք մեզ Ադրբեջանի կազմում չենք տեսնում», - ասաց Բաբայանը:
Այս բանակցություններին նախորդել էին հայաստանյան բուռն քննարկումները վարչապետ Փաշինյանի հայտարարությունների շուրջ, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ «Մադրիդյան սկզբունքներով» դեռ 2007-ին Ղարաբաղն է ճանաչել Ադրբեջանի մաս։ Ընդդիմությունը սա գնահատեց Ադրբեջանի առջև վառած կանաչ լույս։
Ռուստամյանը վտանգ է տեսնում, որ բանակցությունները Ղարաբաղի ինքնորոշման հարցը ոչ թե բացելու հնարավորություն կարող են դառնալ, այլ՝ փակելու
Հայաստանի իշխանության հռետորաբանությունը մտահոգիչ համարող ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, այժմ ընդդիմադիր Արմեն Ռուստամյանը վտանգ է տեսնում, որ ընթացող բանակցությունները Ղարաբաղի ինքնորոշման հարցը ոչ թե բացելու հնարավորություն կարող են դառնալ, այլ փակելու:
«Դա, ըստ Պետքարտուղարության հայտարարության, կլինի Հայաստանի մեղքով, ենթատեքստը դա է, շատ հստակ: Այսինքն՝ ասում է՝ երկու կողմերը պետք է որոշեն ինչը ընդգրկել, ինչը չընդգրկել, ինչը կարևորել, ինչը չկարևորել: Մենք մեր թեթև ձեռքով եկանք, հայտնվեցինք այս վիճակում: Հայաստանն էլ չի հանդիսանում որևէ կերպ երաշխավորը լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման, և այս պարագայում ի՞նչ է դառնում, դառնում է, որ Հայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի ամեն գնով հասնի խաղաղության, և դա նշանակում է բավարարել Ադրբեջանի պահանջները», - Ռուստամյանը:
Նպատակն այն է, որ ԼՂ հայությունը կարողանա Լեռնային Ղարաբաղում ապրել և իրացնել իր բոլոր իրավունքները. Խանդանյան
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայիս ղեկավար, իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Սարգիս Խանդանյանին հարցրինք՝ Հայաստանն այս քննարկումների ընթացքում բարձրացնելո՞ւ Ղարաբաղի ինքնորոշման հարց:
Ի պատասխան Խանդանյանը խոսեց Ղարաբաղում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանելու կարևորությունից, որին Հայաստանը պետք է հետամուտ լինի։ Բայց Երևանի կարծիքով՝ դա մի հարց է, որ միջազգային տեսանելի մեխանիզմի ներքո Ստեփանակերտ-Բաքու բանակցություններով պետք է լուծվի, ինչը Ադրբեջանը կտրականապես մերժում է։ Պատճառաբանությունն էլ, թե Ղարաբաղն իր ներքին հարցն է։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանը փորձում այդ հարցը լուծել՝ Լաչինի միջանցքը փակելով և անցակետ տեղադրելով, էթնիկ զտման քաղաքականության տարբեր դրվագներով, ուստի մեր խնդիրը, մեր գործը այդ հարցի տեսանելիությունը բարձր պահելն է, և ես կարծում եմ, որ այս հարցը նաև այս բանակցությունների ընթացքում է բարձրաձայնվում, որպեսզի մեխանիզմ ձևավորվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցող՝ արդյոք կլինի դա խաղաղության համաձայնագրի մաս, կլինի առանձին ձևաչափ, թե այլ, դա քննարկման հարց է», - պատասխանեց Խանդանյանը:
«Ազատության» դիտարկմանը՝ «այսինքն, ձևաչափի հարցն է Հայաստանը բարձրացնում և ոչ թե ինքնորոշման հարցն է լինելու, Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների հարց է բարձրացվում», պատգամավորն արձագանքեց. - «Ոչ միայն ձևաչափի, այլ ես խոսեցի գործիքի մասին, բայց ամենակարևորը նպատակն է: Նպատակն այն է, որ պետք է Լեռնային Ղարաբաղի հայությունը կարողանա Լեռնային Ղարաբաղում ապրել և իրացնել իր բոլոր իրավունքները ու իրեն անվտանգ զգալ Լեռնային Ղարաբաղում: Սրա շուրջ է նաև Հայաստանը բանակցում»:
Ըստ նախնական ծրագրի, վաղը հայ-ադրբեջանական բանակցությունների վերջին օրն է
Արտգործնախարարությունից փոխանցեցին՝ հայ-ադրբեջանական քննարկումներն այսօր էլ շարունակվում են, բայց մանրամասներ չեն հաղորդվում:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը արդեն երեք օր շարունակվող բանակցությունների արդյունքների մասին խոսելը վաղ է համարում. - «Պետք է ավարտվեն բանակցությունները, որպեսզի հնարավորություն լինի՝ հասկանալու՝ արդյոք Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները սկզբունքային հարցերի շուրջ մոտեցել են, թե՝ ոչ»:
Ըստ նախնական ծրագրի, վաղը հայ-ադրբեջանական բանակցությունների վերջին օրն է։ Արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակության կազմում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որ նաև հայ-թուրքական կարգավորման հայաստանյան բանագնացն է, մինչև մայիսի 5-ն է գործուղվել Վաշինգտոն։
Ադրբեջանական «Թուրան»-ի փոխանցմամբ՝ սպասվում է, որ վաղը նաև պետքարտուղար Բլինքենը կմիանա Միրզոյան-Բայրամով ամփոփիչ բանակցություններին։ ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ ամերիկյան մասնակցության և այլ մանրամասների մասին վաղը կհայտնեն։