Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ Թվիթերում գրառում է կատարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ընդգծելով, որ «երկխոսությունն առանցքային է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»:
Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելն էլ երեկ ճեպազրույցի ընթացքում արձագանքելով Վաշինգտոնում հայ - ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ հարցերին, մասնավորապես ասել է. - «Պետքարտուղարը կարծում է, որ ուղղակի երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Եվ դա մի բան է, որին մենք կշարունակենք մեծ ուշադրություն դարձնել»:
Նախօրեին Միացյալ Նահանգների մայրաքաղաքի Արլինգթոն արվարձանում նախ կայացել են պետքարտուղարի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որոնց հաջորդել է եռակողմ, ապա՝ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը: Ըստ Պետդեպի պաշտոնյաների՝ վաշինգտոնյան բանակցությունները մի քանի օր կտևեն։