Մատչելիության հղումներ

Միրզոյանը, Բլինքենն ու Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովն այսօրվա հանդիպմանը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր:

Ըստ հայկական կողմի՝ նրանք անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:

Ադրբեջանական կողմը իր տարածած հաղորդագրության մեջ միայն նշել է, որ քննարկվել են անվտանգության իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր։

ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումից հետո Թվիթերում գրել է, որ երկխոսությունն առանցքային է Հարավային Կովկասում տևական խաղաղության հասնելու համար:

Մինչ այս հանդիպումը Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ առանձին-առանձին քննարկումներ է ունեցել Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավար Էնթոնի Բլինքենը։

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ Միրզոյանն ու Բլինքենը քննարկել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի վաշինգտոնյան բանակցությունները մի քանի օր կտևեն։ Միացյալ Նահանգների պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք ծանոթ են այսօր մեկնարկած քննարկումներին, դրանք արդեն «կառուցողական» են որակել։

XS
SM
MD
LG