Մատչելիության հղումներ

Միրզոյանի և Բայրամովի վաշինգտոնյան բանակցությունները մի քանի օր կտևեն


Արխիվ
Արխիվ

Արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի վաշինգտոնյան բանակցությունները մի քանի օր կտևեն։ Միացյալ Նահանգների պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք ծանոթ են այսօր մեկնարկած քննարկումներին, դրանք արդեն «կառուցողական» են որակում։ Վաշինգտոնը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կարևորում է կողմերի ուղիղ երկխոսությունը, որի նպատակը երկարատև ու կայուն խաղաղության հաստատումն է։

«Մենք հույս ունենք, որ այս շաբաթվա ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները անկեղծ ու ուղիղ քննարկումներ կունենան՝ կարգավորում գտնելու ճանապարհին։ Եվ մենք հանձնառու ենք աջակցել այդ ջանքերին», - հեռավար տեղի ունեցած բրիֆինգի ընթացքում փոխանցեց Պետքարտուղարության ներկայացուցիչներից մեկը։

«Ամենակարևորն այն է, որ նրանք կարողանան շարունակել այդ քննարկումները», - հավելեց մյուս պաշտոնյան։

Արձագանքելով պաշտոնական Մոսկվայից հնչող դժգոհություններին, որն Արևմուտքին պարբերաբար մեղադրում է միջնորդական ջանքերը յուրացնելու համար, ամերիկացի պաշտոնյաներն ասացին, թե իրենք հիասթափված են Ռուսաստանի դիրքորոշումից, բայց Վաշինգտոնը կարևորում է բուն հանդիպումներն ու ուղիղ բանակցությունները, և բոլորովին կապ չունի, թե որտեղ են դրանք ընթանում՝ Վաշինգտոնում, Մոսկվայում, թե Բրյուսելում. - «Ամերիկյան կողմը ուրախ է, որ կարողացել է նման հարթակ տրամադրել կողմերին»։

Հաշվի առնելով լուրջ տարաձայնությունները և հատկապես այն հանգամանքը, որ Ադրբեջանը հրաժարվում է Ղարաբաղի հարցը քննարկել միջազգային դերակատարների հետ, արդյոք կողմերը կկարողանա՞ն խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության հասնել. ամերիկացի դիվանագետները խուսափում են կանխատեսումներ անել և շատ մանրամասներ հայտնել՝ շեշտելով, որ սա դժվարին, երկար ու հետևողական աշխատանք պահանջող հարց է։

«Մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, բայց դրա պաշտոնական անվանումը «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» է, և հենց դրան ենք մենք փորձում այստեղ հասնել, որպեսզի կողմերը կարգավորեն իրենց հարաբերությունները, կարողանան համակեցություն ձևավորել, միասին աշխատել, տնտեսական հարաբերություններ հաստատել, և միգուցե նաև կոլեկտիվ անվտանգություն հաստատեն տարածաշրջանում։ Դա դժվար գործընթաց է, և բոլոր հարցերն էլ քննարկվում են», - ասաց ճեպազրույցին մասնակցող ամերիկացի պաշտոնյաներից մեկը։

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք փաստաթղթում անդրադարձ կլինի Լեռնային Ղարաբաղին, ամերիկացի դիվանագետը, առանց հստակ մանրամասների, փոխանցեց՝ կողմերը քննարկում են համապարփակ համաձայնությունը, որում կարևոր տեղ է զբաղեցնում հարցը, թե ինչպես են երկու երկրներում վերաբերվում էթնիկ փոքրամասնություններին. - «Եվ երբ խոսում եմ վերաբերմունքի մասին, նկատի ունեմ այդ փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունը»։

«Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը մի հարց է, որը, մեր համոզմամբ, շատ կարևոր է հատկապես տարածաշրջանի ապագայի տեսանկյունից, և մենք կշարունակենք ներգրավված մնալ այս հարցում», - հավելեց մյուս պաշտոնյան։

Ամերիկացի դիվանագետները նշեցին նաև, որ այսօրվա հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հարցը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այդ ազատ տեղաշարժը կվերականգնվի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG