Մատչելիության հղումներ

Միրզոյան-Բայրամով վաշինգտոնյան հանդիպման նպատակն, ըստ ամերիկացի դիվանագետների, խաղաղության երկարատև հեռանկարն է


Ամերիկյան կողմն ակնկալում է, որ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների երեկ մեկնարկած բանակցությունները մի քանի օր կտևեն, այս մասին «Ազատությանը» հայտնի դարձավ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյանների մասնակցությամբ հեռավար բրիֆինգից, որին ներկա է եղել նաև «Ազատություն» ռադիոկայանի երևանյան բյուրոյի ղեկավար Սիրանույշ Գևորգյանը։

«Նրանք մի քանի տարբեր հանդիպումներ կունենան շաբաթվա ընթացքում։ Նպատակն, ինչպես նշում են ամերիկացի դիվանագետները, խաղաղության երկարատև հեռանկարն է։ Ամերիկացի պաշտոնյաները նաև ընդունում են, որ սա շատ դժվար գործընթաց է», - ասաց Գևորգյանը։

Վաշինգտոնից շեշտում են՝ կարևորում են Երևանի ու Բաքվի ուղիղ շփումները։ Ընդ որում, ընգծում են՝ կարևոր չէ՝ Արևմուտքի, թե Ռուսաստանի միջնորդությամբ կողմերը կնստեն բանակցությունների սեղանին։

Բարձրաստիճան դիվանագետները հաստատում են՝ Երևանն ու Բաքուն Վաշինգտոնում հարաբերությունների կարգավորման հարցն են բանակցելու, բայց չեն մանրամասնում՝ կոնկրետ ինչ հարցեր են քննարկելու Միրզոյանն ու Բայրամովը։

Վաշինգտոնը խաղաղության պայմանագրի իրագործումը համապարփակ, բարդ գործընթաց է համարում։

Երկխոսությունն առանցքային է Հարավային Կովկասում տևական խաղաղության հասնելու համար, եռակողմ հանդիպումից հետո Թվիթերում գրել է ԱՄՆ պետքարտուղարը:

«Նշում են, որ շատ երկար աշխատանք կա, և շատ դժվարին ուղի է սպասվում երկու երկրներին՝ հաշվի առնելով լուրջ տարաձայնությունները տարբեր հարցերի շուրջ», փոխանցեց «Ազատություն» ռադիոկայանի երևանյան բյուրոյի ղեկավարը։

Մեկ շաբաթը բավականին մեծ ժամկետ է, հարցին, թե սա մանրամասներ, դետալներ քննարկելո՞ւ հնարավորության համար է, ի՞նչ են փոխանցում պաշտոնյաները, Սիրանույշ Գևորգյանը պատասխանեց․ - «Ես կարծում եմ, որ այո՛, ավելի երկար, մանրամասն քննարկում ունենալու համար է այս հնարավորությունը տրվել։ Ամերիկացի պաշտոնյաները հպարտությամբ էին խոսում, որ կարողացել են կազմակերպել, գլուխ բերել այս հանդիպումների շարքը, և նշում էին, որ շատ ուրախ են, որ դա իրենց հաջողվել է, որ արտգործնախարարները կկարողանան մի քանի օր տևող քննարկումներ անցկացնել»։

Պայմանագրի նախագծի պաշտոնական անվանումը՝ «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն»

Ամերիկացի դիվանագետներից մեկի փոխանցմամբ՝ խաղաղության պայմանագրի նախագծի պաշտոնական անվանումը «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» է։

«Եվ հենց դրան ենք մենք փորձում այստեղ հասնել, որպեսզի կողմերը կարգավորեն իրենց հարաբերությունները, կարողանան համակեցություն ձևավորել, միասին աշխատել, տնտեսական հարաբերություններ հաստատել, և միգուցե նաև կոլեկտիվ անվտանգություն հաստատեն տարածաշրջանում։ Դա դժվար գործընթաց է, և բոլոր հարցերն էլ քննարկվում են», - ասել է բանակցություններին ծանոթ ամերիկացի դիվանագետը։

Չի շրջանցվի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը

Վաշինգտոնում սպասվող հանդիպումների ընթացքում չի շրջանցվի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը։

Ըստ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների՝ պետք է քննարկվի, թե ինչպես են պաշտպանվելու երկու երկրներում ազգային փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունները։

Պետքարտուղարության ներկայացուցիչները, մինչդեռ, քննարկման ընթացքում չեն խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։ Ամերիկյան կողմը վերահաստատել է՝ Վաշինգտոնը ներգրավված է Լաչինի միջանցքի հարցով քննարկումներին՝ կարևորելով Արցախը Հայաստանին կապող միջանցքում ազատ տեղաշարժը։ Ըստ նրանց՝ այդ հարցը ևս քննարկվելու է Միրզոյան-Բայրամով վաշինգոտնյան բանակցությունների ընթացքում։

Ի դեպ, երեկ մինչ Միրզոյան-Բայրամով բանակցությունները տեղի ունեցած եռակողմ՝ Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպմանը, ըստ Հայաստանի արտգործնախարարության, ևս անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:

«Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր», - ասված է պաշտոնական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Մինչ այս էլ ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարն առանձին-առանձին հանդպումներ էր ունեցել նախ Հայաստանի արտգործնախարարի, ապա Ադրբեջանի արտգործնախարարի հետ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG