Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում հանդիպել են Միրզոյանը, Բայրամովն ու Ջեյք Սալիվանը


Վաշինգտոնում այսօր հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Եռակողմ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր, հայտնում են ԱԳՆ-ից։

Արարատ Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Արդբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիան չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերին: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի գործողությունները, ամենաբարձր մակարդակով հնչող ատելության խոսքը և ուժի կիրառման բացահայտ սպառնալիքները վկայում են Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի մտադրության և իրական սպառնալիքի մասին:

«Ընդգծվել է, որ համապարփակ կարգավորման և տարածաշրջանում երկարատև կայունության հաստատման համար առանցքային են զորքերի հետքաշումը, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա երկու երկրների միջև սահմանազատումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրների հասցեագրումը՝ միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի շրջանակներում», - ասված է հաղորդագրության մեջ:

Հայ-ադրբեջանական բանակցությունների արդեն երրորդ օրն է։

XS
SM
MD
LG