«Աշխարհազորի մասին» օրենքի ընդունումից ավելի քան երկու տարի անց Պաշտպանության նախարարությունը «Տարածքային պաշտպանության և տեղական պաշտպանության մասին» նոր հայեցակարգ է մշակել, որը առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովում։ Երեկ այս մասին տեղեկացրեց Պաշտպանության նախարարը՝ խորհրդարանում պատասխանելով պահեստազորի վարժական հավաքների մասին հարցին։
Սուրեն Պապիկյանը շատ փակագծեր չբացեց, միայն ընդգծեց, որ մի շարք փոփոխություններ են լինելու, որոնց արդյունքում զինվորական պատրաստություն կանցնեն նաև զինծառայությունից ազատված քաղաքացիները։
«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մեր ողջ պահեստազորին, խոսքը վերաբերում է ոչ միայն կցագրված անձնակազմին, այսինքն՝ այն քաղաքացիներին, ովքեր զինվորական ծառայություն են անցել, նաև մեր նոր տեսլականում տեղ է ունենալու և պատրաստվածության մեջ ներգրավվելու են նաև Հայաստանի քաղաքացիների այն հատվածն, ովքեր ինչ-ինչ բերումով, այդ թվում՝ կրթության, աշխատանքի, մեր օրենսդրությունը թույլ է տվել, ազատվել են բանակից, նրանց համար հնարավորություն կլինի պատրաստվել, տիրապետել զենքին և անհրաժեշտության դեպքում, պիտանի լինել սեփական հայրենիքի պաշտպանությանը», - ասաց Պապիկյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունը պատրաստվում է եռամսյա հավաքները փոխարինել 25-օրյայով՝ պարտադիր բոլոր զինապարտների համար ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առաջիկայում կանայք կարող են անցնել «կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության»Բանակի խնդիրների մասին հաճախ բարձրաձայնող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը թերահավատորեն է վերաբերվում պաշտպանության նախարարի այս հայտարարությանը։
Երբ չեն բացվում փակագծեր, միայն հարցեր ու նոր մտահոգություններ են առաջանում, ասում է իրավապաշտպանը՝ նշելով, որ սեփական փորձից գիտի, թե ինչ դժվարությամբ են անգամ հիվանդ զինվորները ծառայությունից ազատվում։ Նշանակո՞ւմ է արդյոք սա, որ անգամ առողջական խնդիրներն այլևս չեն դիտարկվելու։
«Հիմա էլ դեռ զորակոչվածների մեջ բազմաթիվ են այն ծնողները, որոնք բողոքում են զորակոչված իրենց որդիների մասին, որոնք հիվանդություններ ունեն։ Առանց էդ էլ մենք տեսնում ենք, թե էդ աշխարհազորի զորակոչն ինչպես է կազմակերպվում, ինչպես են հիվանդ զինվորներ տանում, մահվան դեպքեր եղան։ Իբր ազգի մասին, ժողովրդի մասին են մտածում, անվտանգության մասին են մտածում։ Մենք տեսնում ենք այն անվտանգային բացթողումները», - ասաց իրավապաշտպանը։
2020-ի պատերազմից առաջ, երբ դեռ քննարկվում էր աշխարհազորի օրենքը, մի շարք հասարակական կազմակերպություններ համեմատականներ էին անցկացնում նախկին իշխանությունների օրոք առաջ քաշված «Ազգ-բանակ» հայեցակարգի հետ։ Մտահոգություն էին հայտնել, որ պրոֆեսիոնալ բանակի կարողություններն ավելացնելու փոխարեն, այժմ փորձ է արվում ողջ բնակչությանը դարձնել զինվորական:
Պաշտպանության նախարարությունը վերջերս նաև մի շարք բարեփոխումների մասին է հայտարարել և պնդել, թե փոփոխությունները թույլ կտան մի քանի անգամ ավելի շատ պահեստազորայինների ընդգրկել վարժանքներում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի՞նչ մոտեցմամբ է կառավարությունը բանակում բարեփոխումներ իրականացնումՀավաքներին հետևող իրավապաշտպանները, սակայն, քննադատում են, որ պատերազմից հետո էլ ռազմական գերատեսչությունը վարժանքները կազմակերպում է մի շարք լուրջ թերություններով։ Ե'վ «Ազատությունը», և' իրավապաշտպանները զորահավաքներին մասնակցած մարդկանցից բողոքներ են լսել։
«Չի կարելի ասել միանշանակ, որ ոչինչ արված չի, բայց իհարկե մեծ աշխատանքներ դեռ շատ կա անելու», - ասաց ներկայանալ չցանկացած մի տղամարդ։
Նա արդեն երկրորդ անգամ է մասնակցում պարտադիր հավաքին։ Վարժանքները նախկին երեք ամսվա փոխարեն այժմ 25 օր են տևում։ «Տարբերություն կար», - «Ազատությանն» ասաց պահեստազորայինը՝ հավելելով, որ առաջին անգամը Սյունիքի Ներքին Հանդից շատ մտահոգ էր վերադարձել։ Երկրորդ անգամ գոնե մի նոր բան սովորել է։
Պաշտպանության նախարարության նոր հայեցակարգի մասին լսել է, հուսով է, որ սա գոնե կնպաստի սոցիալական անարդարության վերացմանը. - «Նախկինում բազմաթիվ մարդիկ, նաև հիմա էլ տարբեր ձևերով, հաճախ անօրինական, զարտուղի ճանապարհներով ազատվել են բանակից։ Ոչ բոլորն են առողջական հիմքերով ազատվել։ Մարդիկ կան, որ իբր սովորելու նպատակով... նորմալ չեն էլ սովորել։ Իհարկե, էդ սոցիալական արդարության բանը պիտի պահպանվի, թե չէ ստացվում ա, մարդիկ, որ խուսափել են բանակից, միշտ արտոնյալ վիճակում են գտնվում, իսկ էն մարդիկ, ովքեր որ չեն խուսափել, բարեխիղճ են եղել, էդ մարդիկ միշտ գնում են»։
Պաշտպանության նախարարությունը դեռ չի հրապարակել նոր հայեցակարգը և առայժմ բազմաթիվ անպատասխան հարցեր կան։ Մասնավորապես, հստակ չէ, թե ինչ ժամկետներում, որտեղ ու ինչ պայմաններում կանցկացվի մարդկանց զինվորական պատրաստությունը, ինչ կլինի, եթե պարզվի, որ ժամանակին գիտական, կրթական տարկետումից օգտված կամ առողջական խնդիրների հետևանքով բանակից ազատված անձինք, իրականում ո'չ գիտությամբ են զբաղել, ո'չ էլ այդքան վատառողջ են եղել։
Ավելի վաղ ընդունված «Աշխարհազորի մասին» օրենքի համաձայն, աշխարհազորին անդամագրվելը կամավոր է, և այս համակարգը գործում է Հայաստանի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի կամ ռազմական գործողությունների պայմաններում։ Տարածքային պաշտպանության հայեցակարգի դեպքում պարզ չէ նույնիսկ՝ մարդիկ կամավո՞ր, թե՞ պարտադիր են միանալու։ Ռազմական գերատեսչությունից մանրամասներ չփոխանցեցին։