Կներդրվի իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ․ օրենքի նախագիծն այսօր կառավարության նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց, կառավարությունն էլ հավանություն տվեց նախագծին։
Ծառայության ժամկետը կլինի 6 ամիս։ Դիմողներն իրավունք ունեն մինչև զորակոչվելու օրը հրաժարվել ծառայությունից։
Թե ինչ ասել է՝ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն, Պապիկյանը պարզաբանեց՝ կամավոր է մինչև զորակոչվելը, այնուհետև 6 ամիս ծառայելը դառնում է պարտադիր։
«Զորակոչված իգական սեռի ներկայացուցիչներն, առանց վիճակահանության, նշանակվում են ուսումնական զորամասեր և նրանց ծառայությունն իրականացվում է բացառապես այդ զորամասերում։ Ծառայության 6-ամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալն առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում, ստանալու են պատվովճար, որը նախատեսվում է սահմանել 6 ամիսը լրիվ ծառայելու պարագայում 1 մլն դրամ, իսկ վաղաժամկետ զորացրվելու դեպքում նշված գումարը 6 ամսվա բաժանելու և փաստացի ծառայած ամիսների թվով բազմապատկելու արդյունքում ստացված չափով», - ասաց Պապիկյանը։
Իգական սեռի զինծառայողներն իրավունք կունենան 6-ամսյա ծառայության հիմքով զորացրվելու փոխարեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով դիմել և անցնել 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառյության։
Քննարկվում է բանակի և երկրի պատմության մեջ նոր էջ բացելու հարցը, արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով՝ սա պրոֆեսիոնալ բանակ ունենալու հայեցակարգի շրջանակում է։
«Մեր տրամաբանությունն այն է, որ դա լինելու է նորմալ ծառայություն, դա չի լինելու զբոսանք զորամասում», - ասաց գործադիրի ղեկավարը։
Կառավարությունը նախագիծն ուղարկեց Ազգային ժողով՝ հաստատման։