Պարզվել են 44-օրյա պատերազմի ընթացքում Արեգա բարձունքի և Շուշի քաղաքի կորստի հանգամանքները. բարձրասիտճան սպայի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան, հայտնում է Քննչական կոմիտեն
Քննչական կոմիտեն մանրամասնում է, որ քննությամբ հիմնավորվել է, որ 44-օրյա պատերազմի առաջին օրերին՝ 2020թ․ սեպտեմբերի 28-ին, ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հրամանատարական դիտակետ հանդիսացող «Արեգա» բարձունքն անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 07-ի սահմաններում, ըստ հաղորդագրության, յուրային ստորաբաժանումների կողմից ձեռնարկվել է հակագրոհ, որի արդյունքում նույն օրը՝ ժամը 09։50-ին զոհեր և վիրավորներ տալու գնով, հաջողվել է վերահսկողության տակ վերցնել «Արեգա» բարձունքը։
Քննչական կոմիտեն հաղորդում է, որ նույն օրը՝ ժամը 16-ի սահմաններում, բարձրաստիճան սպան «Արեգա» բարձունքի միջնամասում, հանդիպել է հակագրոհի օպերացիան ղեկավարած զորամասի հրամանատարի տեղակալներին, օպերացիայում ներգրավված ստորաբաժանման ղեկավարին և տեղեկացել իրադրության մասին, որ «Արեգա» բարձունքը, հարակից մարտական դիրքերը, հակառակորդի թիկունքային ապահովման ճանապարհը գտնվում են յուրային ստորաբաժանումների վերահսկողության տակ։ Ապա վերջինս, չունենալով իր վերադասի կողմից նշված վայր այցելելու և այդ վայրում որևէ մարտական առաջադրանք կատարելու վերաբերյալ հրաման, ինչպես նաև դրանք իրականացնելու լիազորություն, օժտված չլինելով հակագրոհի օպերացիայում ընդգրկված ստորաբաժանումների անձնակազմին հրամաններ տալու լիազորությամբ, օպերացիան փաստացի ղեկավարող սպային անհիմն հրամայել է ենթակա անձնակազմի հետ միասին թողնել ազատագրած «Արեգա» բարձունքը և նահանջել։
Զորամասի հրամանատարը, ըստ ՔԿ-ի, ենթակա անձնակազմին հանձնարարել է կատարել բարձրաստիճան սպայի հրամանը և նահանջել ազատագրած բարձունքից, որի հետևանքով հակառակորդն առանց դիմադրության առաջացել և նույն օրը՝ ժամը 23։00-ի դրությամբ, վերահսկողության տակ է վերցրել բարձունքը, հարակից մարտական դիրքերը՝ զբաղեցնելով գերիշխող դիրք։
Իրավապահ մարմնը մանրամասներ է հայտնում նաև Շուշի քաղաքի գրավման մասին, մասնավորապես նշելով՝ քննությամբ հիմնավորվել է նաև, որ 2020-ի հոկտեմբերի 27-ին, հակառակորդի ստորաբաժանումներին հաջողվել է տիրել Արցախի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղին, որից հետո բարձրաստիճան սպայի կողմից նույն օրը գրավոր կազմված փաստաթղթում նշվել է, որ հակառակորդի ստորաբաժանումների նպատակը հանդիսանում է Շուշի բնակավայրին տիրելը։
Քննչական կոմիտեն հաղորդում է, որ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, հակառակորդին հաջողվել է ամբողջությամբ տիրել Սղնախ բնակավայրին և առաջխաղացումը զարգացնել դեպի Քարին Տակ - Շուշի բնակավայրերի ուղղությամբ, որի մասին տեղեկատվությունը զեկուցվել է բարձրաստիճան սպային։
«Հոկտեմբերի 30-ին սպայի կողմից արձակվել է մարտական կարգադրություն, որով յուրային ստորաբաժանումներից մեկին հանձնարարվել է հոկտեմբերի 31-ից Քարին Տակ բնակավայրի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով պաշտպանություն ստանձնել Քարին Տակից 4 կիլոմետր հարավ և 2 կիլոմետր հարավ-արևելք բնագծով։ Նույն կարգադրությամբ արձանագրվել է, որ պաշտպանության այդ բնագծի աջակողմյան հատվածում յուրային ստորաբաժանումներ տեղակայված չեն:
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 06:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում, մինչև պաշտպանական բնագիծ զբաղեցնելը, պարզվել է, որ տվյալ բնագիծն արդեն իսկ անցել է հակառակորդի վերահսկողության տակ, որի մասին զեկուցվել է վերադաս հրամանատար հանդիսացող բարձրաստիճան սպային։ Արդյունքում պաշտպանական բնագծի ճակատը կրկնակի կրճատվել է, զեկուցվել է, որ աջակողմյան հատվածը և իրենցից հետ զորք տեղակայված չէ, որի պայմաններում հակառակորդը հեշտությամբ կարող է այդ հատվածով մոտենալ Շուշի-Լիսագոր ավտոմայրուղուն», - մանրամասնում է Քննչական կոմիտեն։
Ունենալով նշված տեղեկությունները, ՔԿ-ն հայտնում է, որ Մ․Ա․-ն չի հանձնարարել նշված հատվածներում զորք տեղակայել, որի հետևանքով հակառակորդը 2020թ․ նոյեմբերի 2-ին, աջ թևից շրջանցել է յուրային զորքերին և առաջացել Շուշի քաղաքի և Լիսագոր բնակավայրի միջտարածություն։ Մայրուղու հատվածում հակառակորդի խմբերին դիմակայելու համար համաչափ պաշտպանության կազմակերպման բացակայության պայմաններում, նոյեմբերի 4-ին՝ ժամը 02:00-ից 04։00-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդի խմբերին հաջողվել է հատել Շուշի-Լիսագոր մայրուղին, անցնել «Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի ձորերի ու բարձունքների ուղղությամբ, կուտակել իրենց ուժերը և առաջխաղացումը զարգացրել դեպի Շուշի քաղաք։
Հաղորդագրությունում նշված է՝ պարզվել է, որ անհրաժեշտ պաշտպանություն կազմակերպելու համար բարձրաստիճան սպան դեռևս հոկտեմբերի 30-31-ից հնարավորություն է ունեցել կիրառելու ընդհանուր շուրջ 550 զինծառայողներից բաղկացած թվով 4 ստորաբաժանում, որոնք տվյալ ժամանակահատվածում ներգրավված չեն եղել ինչպես Շուշիի, այնպես էլ որևէ այլ ուղղությամբ մարտական խնդիրների կատարմանը։
Բացի այդ, բարձրաստիճան սպան, Քննչականի փոխանցմամբ, մինչև 2020թ․ նոյեմբերի 6-ը ներառյալ վերադասին գրավոր կարգով զեկուցել է, որ շարունակում է խնդիրը կատարել, այդ թվում՝ Շուշի քաղաքի ուղղությամբ, իրադրությունը ներկայացրել է բարդ, բայց վերահսկելի, և դա այն պայմաններում, որ նոյեմբերի 5-ին՝ երեկոյան, հակառակորդի խմբերին հաջողվել է ներթափանցել Շուշի։
Գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում կրող սպայի՝ Մ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանավորումը։
Նախաքննությունն ավարտվել է, հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկվել է դատարան։