Կառավարությունը պատրաստվում է եռամսյա հավաքները փոխարինել 25-օրյա հավաքներով, որոնք պարտադիր կլինեն բոլոր զինապարտների համար, այս մասին տեղեկացրին այսօր գործադիրի նիստին։
«Մեր նպատակը հետևյալն է՝ մենք հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, հավաքները դառնում են 25-օրյա, իրականում 21 օրն է հիմնական ծառայությունը, 25-ը կազմակերպչական հատվածը նաև ապահովելու համար, 7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն», - ներկայացրեց Սուրեն Պապիկյանը:
Նախագիծը հիմա մշակվում է, իսկ այս պահին Զինված ուժերի պահեստազորի հավաքները դեռ ընթանում են եռամսյա ձևաչափով: Սակայն, ըստ վարչապետի՝ վերջին 1 տարվա ընթացքում նկատել են, որ դրանք խնդիրներ են առաջացնում մասնակիցների աշխատանքի, զբաղվածության աստիճանի պատճառով։
«Հին համակարգով մենք անում էինք եռամսյա հավաքներ, և ցավոք սրտի շատ երկար ժամանակ այդ գործը պատշաճ չէր արվել, և մենք դրա հետևանքները տեսանք 2020 թվականի պատերազմի ընթացքում: Հետո մենք եռամսյա հավաքների քաղաքականությունը որդեգրեցինք, այսինքն՝ որոշեցինք՝ որդեգրված քաղաքականությունը իրականացնել», - նշեց վարչապետը:
Եռամյսա հավաքներին առնչվող գլխավոր խնդիրներից մեկը ժամկետն է, մարդիկ դժվարանում են 3 ամսով լքել աշխատանքը, նշելով, որ ունեն վարկեր ու իրենց խնամքին ընտանիքի անդամներ։ Հաջորդ խնդիրը ընտրությունն է. ով է որոշում՝ ում կանչել, ում չկանչել հավաքին, Պաշտպանության նախարարությունը մինչ օրս մանրամասն չի պարզաբանել, թե ինչպես են կատարել ընտրությունը, միայն ասել են, թե հրավիրում են՝ ըստ պահանջված մասնագիտացումների։
Փաշինյանի կարծիքով՝ փոփոխություններից հետո արդեն 25 օրով վերապատաստման կանչելը չպետք է խնդիրներ առաջացնի աշխատանքի վայրում. «Այսինքն՝ դա կառավարելի իրավիճակ է, և այս պրոցեսը բոլորի համար կլինի պարտադիր, և նաև շատ կարևոր է, որ իրենք հնարավորություն կունենան, մարդիկ պետք է իրենց կյանքը պլանավորեն: Սա 21-րդ դարն է, չենք կարող ասել՝ գիտեք, այսինքն՝ կարող ենք ասել, ասում ենք, բայց մենք հասկանում ենք նաև, որ խնդիր կա, մարդիկ պետք է իրենց կյանքը պլանավորելու հնարավորություն ունենան»:
Թեև նախագիծը դեռ չի հրապարկվել, բայց պաշտպանության նախարարը նշեց, որ վերապատաստման մասնակիցները հնարավորություն կունենան ընտրելու ժամկետը, թե երբ կարող են բացակայել աշխատանքից ու մեկնել դասընթացի, ապա մարտական հերթապահության։ Պապիկյանն ընդունեց, որ խնդիր կա ընտրության առնչությամբ, թե մինչ օրս ովքեր են մեկնել հավաքներին։
«Այստեղ մեծ ուշադրություն կխնդրեմ նաև իրավապահ մարմիններից, որովհետև շատ են նաև խոսակցությունները, որ մշտապես ակցենտը դրվում է այն մարդկանց վրա, ովքեր միշտ պատրաստակամ են եղել, բայց սա պետք է դառնա պարտադիր բոլորի համար», - նկատեց նախարարը:
«Ուսումնական ինչ-որ փուլի չեն տարել, ես միանգամից բարձրացել եմ դիրքեր». մասնակից
«Ազատության» հետ զրուցած Հրայր Դավթյանը եռամսյա հավաքներին մասնակցել է 2021 թվականին, կանչել էին, որովհետև ինքը նախօրոք էր հայտնել զինկոմիսարիատին, թե պատաստ է մասնակցել. «Ուսումնական ինչ-որ փուլի չեն տարել, ես միանգամից բարձրացել եմ դիրքեր, չեմ կարծում, որ ինձ պետք էր ինչ-որ բանի մասնակցել, որովհետև ես բավականին տեղեկություններ ունեմ ծառայության վերաբերյալ, բայց կային մարդիկ, ովքեր քիչ տեղեկություններ ունեին»:
Եռամյսա հավաքի ուղիղ 2 ամիսը դիրքերում անցկացրած Դավթյանը պատմում է, որ մեկնել էր այն նույն տարածք, որտեղ տարիներ առաջ անցել էր իր պարտադիր զինվորական ծառայությունը, հետևբար տեղանքին լավ ծանոթ էր, գիտելիքները դեռ թարմ էին։ Ըստ նրա՝ փոփոխություններից հետո մեկ շաբաթվա վարժանքները կարող են բավարար չլինել ծառայություն չանցած կամ թարմ գիտելիքներ չունեցող մասնակիցների համար, անգամ եռամսյա հավաքի մասնակիցների շրջանում նա հանդիպել է շատ անպատրաստ մասնակիցների:
«Կային մարդիկ, ովքեր ընդհանրապես տեղեկություն չունեին՝ ինչ է դիրքը, ինչ է ծառայությունը, ինչ է զենքը նույնիսկ: Կրակել, զենքին տիրապետել, իմանալ քարտեզ, կողմնացույցից օգտվել, ոչ միայն կողմնացույցից, այլ ընդհանրապես իմանալ՝ ինքը որտեղ է գտնվում: Այդ մարդիկ ընդհանրապես չգիտեն՝ որտեղ են գտնվում, բայց գնացել, կանգնել են այնտեղ, զուտ հայրենասիրական իրենց ոգին է»:
Մեկ շաբաթ պատրաստությունից հետո դիրքեր կարող են գնալ միայն չափազանց արդյունավետ դասընթաց անցած ու ընդունակ մասնակիցները, վստահ է Դավթյանը. «Հարցական է՝ ինչ-որ մեկը կկարողանա՞, թե՞ չի կարողանա: Դիրք բարձրանալն ընդհանրապես շատ մեծ պատասխանատվություն է մարդու համար, զինվորի համար: Հենց այնպես դիրք բարձրանալ, ուղղակի այնտեղ մարդաքանակ լրացնելը ուղղակի դավաճանության նման ինչ-որ բան է»:
Պաշտպանության նախարարությունից այսօր ժամկետներ չհայտնեցին, թե 25-օրյա հավաքները երբ կսկսեն իրականացվել։ Մինչ այդ քննարկում են նման հավաքներին նաև կանանց մասնակից դարձնելու հարցը: Նախարարն ասաց՝ այդ թեմայով կանայք իրենց շարունակ դիմում են։
«Արդեն մշակված ծրագիր ունենք, Պաշտպանության նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ, որ ՀՀ քաղաքացի իգական սեռի ներկայացուցիչները կարող են հերթագրվել և համապատասխան հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն: Սա, իհարկե, ըստ ցանկության», - նշեց Պապիկյանը:
«Կանանց ծառայության մեջ ներգրավելու համար պետք է ստեղծվեն պայմաններ, լուծվեն կազմակերպչական խնդիրներ», - հավելեց Փաշինյանը:
Ըստ նրա՝ դա ժամանակի հարց է։