Մատչելիության հղումներ

Կկայանան «Պաշտպան 2023» երկամսյա բազմազգ զորավարժությունները (լրացված)


Արխիվ, զորավարժություններ
Արխիվ, զորավարժություններ

Լրացում։ 21։20

ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում խմբագրվել է «Պաշտպան 23» զորավարժության մասին հոդվածը, և Հայաստանը հանվել է մասնակիցների ցանկից։

Երևանն ավելի վաղ չէր մեկնաբանել Միացյալ Նահանգների կազմակերպած զորավարժություններին մասնակցության մասին Պենտագոնի հաղորդումը, և հիմա էլ որևէ արձագանք հայկական կողմից չկա։

20։00 (հրապարակման ժամ)

Ավելի վաղ Պենտագոնը նաև Հայաստանի անունն էր նշել Միացյալ Նահանգների գլխավորած զորավարժություններին մասնակից երկրների ցանկում։

Կառույցը հաղորդել էր, որ ապրիլի 22-ից եվրոպական 10 երկրներում կայանալիք զորավարժությունների նպատակն է ցուցադրել Միացյալ Նահանգների բանակի կարողությունները՝ արագ տեղակայել մարտունակ զորքեր և տեխնիկա՝ երաշխավորելու դաշնակիցների անվտանգությունը, զսպելու Եվրոպայում խաղաղությանը սպառնացողներին և պաշտպանելու աշխարհամասը ագրեսիայից: Զորավարժությունները, ըստ ամերիկյան կողմի, նաև պետք է ցույց տան եվրոպական երկրների հանձնառությունը՝ մեծացնելու սեփական բանակի մասշտաբները, կարողությունները և փոխգործունակությունը:

Ակնկալվում է, որ մոտ 9 հազար ամերիկացի զինվորական է մեկնելու Եվրոպա՝ մասնակցելու զորավարժություններին։ Իսպանիայում արդեն տեղակայվում է ամերիկյան մոտ 7 հազար միավոր տեխնիկան, ևս 13 հազար միավոր էլ Եվրոպայում ամերիկյան տարբեր պահեստներից կգործարկվի։

Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինը ասել է, թե զորավարժությունների ընդհանուր մասնակիցների թիվը շուրջ 26 հազար է։

«Այս ամենամյա մոտ երկու ամիս տևողությամբ զորավարժությունները կենտրոնացած են Միացյալ Նահանգների զինուժի՝ այլ երկրներում ռազմավարական տեղակայման, ինչպես նաև Եվրոպայում արդեն բազավորված ամերիկյան ուժերի կիրառման և եվրոպական դաշնակիցների և գործընկերների հետ փոխգործակցության վրա: Մոտավորապես 9 հազար ամերիկացի զինվորական և մոտ 17 հազար զինծառայող էլ 26 դաշնակից ու գործընկեր երկրներից են մասնակցելու զորավարժություններին, որոնք անցկացվելու են եվրոպական 10 տարբեր երկրներում», - հայտնել է նա։

Պենտագոնի կազմակերպած «Պաշտպան» զորավարժություններն անցկացվում են 2021 թվականից։ Հետխորհրդային երկրներից այս տարի դրանց ներգրավված են միայն Վրաստանը և Մոլդովան։

Ամերիկյան զորավարժությունների մասնակից պետությունների շարքում են Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Կոսովոն, Չեռնոգորիան, Նիդեռլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան և Միացյալ Թագավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG