Մատչելիության հղումներ

Պատերազմի ընթացքում բարձրաստիճան անձանց շրջանում այլ երկրից հավաքագրած գործակալներ կային. Փաշինյան


44-օրյա պատերազմում 5-րդ շարասյան, դավաճանների, լրտեսների մասին շաբաթներ առաջ աղմկահարույց հայտարարություն արած վարչապետը երեկ էլ կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանին անդրադարձավ ենթադրյալ դավաճանության դեպքերին։

Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ չի պնդում, այլ իր ձևակերպմամբ՝ վերլուծական հետևություն է անում, թե պատերազմի ընթացքում բարձրաստիճան զինվորականների շրջանում այլ երկների հավաքագրած գործակալներ կային։

«Եթե ես տված լինեի այդ հրամանը, էդ մարդը պրոբլեմ չուներ, կասեր՝ վարչապետը հրամայել ա, կատարել եմ, ես զինվորական մարդ եմ։ Բայց, քանի որ ենթադրում եմ՝ ինքը մի տեղից է հրաման ստացել, որտեղից հրաման ստանալու փաստը խոստովանալու պարագայում ինքը ավելի լուրջ մեղադրանք կստանա, կստանա լկրտեսի, հայրենիք դավաճանի, ինքն ասում է մեղավոր եմ, ինձ անփութության համար դատեք», - ասել էր Փաշինյանը։

Վարչապետը ենթադրյալ դավաճանության դեպքերին անդրադարձավ՝ պատասխանելով իշխանական Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե ի՞նչն էր վարչապետին հիմք տվել շաբաթներ առաջ պնդելու, թե 44-օրյա պատերազմի ժամանակ հինգերորդ շարասյուն է գործել։ Վարչապետը մարտի 14-ի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, թե պատերազմի պարտության պատճառը բանակում գործած հինգերորդ շարասյունն է՝ առանց հստակեցնելու, թե ինչի մասին է խոսքը, որտեղից իրեն նման տեղեկություններ. - «Սա իմ համոզմունքն է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում»։

Մինչ ընդդիմադիրները համարում են, որ նախքան կոնկրետ գործերով դատավճիռները վարչապետի այս հայտարարությունները կարող են հարվածել Զինված ուժերին, ու որ սա սեփական պատասխանատվությունից խույս տալու փորձ է, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ էր պնդել, թե պատերազմի ընթացքում ամենօրյա սխալ տեղեկատվություն է տրվել, նաև՝ հօգուտ թշնամու։ Սուրեն Պապիկյանի կարծիքով, դա արվել է դրսի դրդմամբ։ Նա, սակայն, ինչպես Փաշինյանը, այլ մանրամասներ չէր ներկայացրել, հորդորել էր սպասել դատավճիռներին։

Փաշինյանը երեկ էլ, սակայն, անդրադառնալով 5-րդ շարասյան թեմային, այս անգամ արդեն մի քանի օր առաջ հեռուստատեսությամբ տեսած քրեական գործի մասին պատմեց, ըստ որի, մի բարձրաստիճան զինվորական հրահանգել է հանձնել բարձունքը՝ առանց նշելու, թե խոսքը ի՞նչ բարձունքի մասին է, ո՞վ է նման հրաման տվել. - «Իրա զինվորական բարձրաստիճան չինը օգտագործելով, բարձունքը հետ ա հանձնում... Ու պրոբլեմը դա չի, պրոբլեմն էն ա, որ չկա բացատրություն ինչի՞ ա հետ հանձնվում։ Եվ ես իմ ունեցած տեղեկություններով, մենք էլի ունենք նման իրավիճակներ, որ հույս ունեմ, որ էլի կդառնա հեռուստատեսային ռեպորտաժի թեմա»։

«Մենք գործ ունենք անմեղության կանխավարկածի հետ։ Այսինքն՝ անձի մեղավորությունը չի հիմնավորվել, ընդամենը սա վարկածի մակարդակի բան ա, որը որ գործի նյութերով հերքվել ա, այլ ոչ թե հաստատվել ա։ Եվ եթե էստեղ օբյեկտիվ քննություն լիներ, ապա րոպե Միքայել Արզումանյանը պետք է կալանքից ազատված լիներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նրա խոսքով, Փաշինյանը 44-օրյա պատերազմի վերջին երկու շաբաթներին Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի քրեական գործի մասին է Ազգային ժողովի ամբիոնից խոսել։

Արզումանյանը մեղադրվում է պատերազմի առաջին օրերին Թալիշի Արեգա բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջի» հրաման տալու համար։ Գեներալ-լեյտենատը այդ ժամանակ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալն էր։

«Անուն չի տրվում, բայց ուղիղ խոսվում ա Միքայել Արզումանյանի գործի մասին՝ բարձրաստիճան պաշտոնյա, որը գնացել ա, հրամայել ա, որպեսզի նահանջեն և այլն։ Պնդել եմ ու նորից պնդում եմ՝ Արեգա սարը հետ գրաված չի եղել։ Արեգա սարում եղել են որոշակի հաջողություններ, դրան զուգահեռ հակառակորդը իր ուժերն է ավելացրել, և էնտեղ որոշակի գործընթացներ են տեղի ունեցել, որի մեղավորությունը բացարձակապես Միքայել Արզումանյանինը չի։ Եվ ինքը էդտեղ նման լիազորություններ չուներ, որպեսզի հանձնարարեր նահանջեին կամ չնահանջեին», - ասաց Սարգսյանը։

Մյուսը՝ արդեն Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնեական անփութության մեղադրանքն է. Արզումանյանն այդ ժամանակ արդեն Արցախի պաշտպանության բանակի հրամանատարն էր և, փաստաբանի խոսքով, «արել է առավելագույնը, ինչ հնարավոր էր». - «Եվ դրա վերաբերյալ կան իրավասու պաշտոնյաների ցուցմունքներ, այլ ոչ թե ինչ-որ անձանց, ովքեր որ ընդհանրապես ստեղ իրավասություն չունեն, այդ թվում վարույթ իրականացնող մարմինը, որը, ընդ որում, բացարձակ իրավասություն չունի գնահատելու Պաշտպանության բանակի հրամանատարի գործողությունները պատերազմի ամբողջ ընթացքում»։

Երեմ Սարգսյանը կարծում է, որ Փաշինյանի հայտարարությունն արդեն կարող է կաշկանդել դատավորներին։ Ըստ պաշտպանի, վարչապետի հայտարարությամբ ըստ էության արդեն խախտվել է դատաքննության իրավունքը։ Սարգսյանը համոզված է, որ գործն ի սկզբանե ուղղորդված է եղել։

Միքայել Արզումանյանը չի ընդունում մեղադրանքները։ Նրա փաստաբանը պնդում է, որ իրավապահները Փաշինյանին տարբեր քրեական գործերի նախաքննական գաղտնիքներ են զեկուցում։ Ասում է, որ այդ մասին ինքն ու իր գործընկերներ փաստաբանները մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են. - «Բացարձակապես։ Ոչ միայն պարտավոր չեն, այլ նաև իրավունք չունեն։ Այսինքն՝ վարչապետն էլ իրավունք չունի դրա մասին տեղեկություններ իմանալու էդ մակարդակի, էդ աստիճանի։ Եվ քանի որ մենք էդ մակարդակի հայտարարություններ ենք անում, դրանից հետո ելույթի ժամանակ հղում կատարեց Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժին, բայց սկիզբն էր ընդամենը ռեպորտաժի հղումը»։

Փաշինյանը երեկ հայտարարեց, թե լսել է նաև, որ ոմանք բանակում խուճապ են տարածել և նմանատիպ այլ գործողություններ կատարել՝ կրկին առանց անուններ նշելու ու հստակեցնելու՝ որտեղից են իրեն նման տեղեկություններ հասել։

Պատերազմից ավելի քան երկու տարի անց դեռ պետական դավաճանության դեպքերով ուժի մեջ մտած դատավճիռ չկա։

Դատախազությունից «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնում են՝ 2020-ից 2022 թվականներին ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվել է պետական դավաճանության 20 վարույթ: Դրանցից 13-ը 22 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան: Յոթ քրեական վարույթ՝34-ի վերաբերյալ, ընթացքի մեջ է: Արդյոք բոլոր 56-ի գործերը պատերազմին են վերաբերում, թե՞ նաև հետպատերազմական երկու տարիներին, գերատեսչությունից չեն մանրամասնում։

XS
SM
MD
LG