Մատչելիության հղումներ

ՊՆ-ն առաջարկում է օրենքով արգելել զինվորականներին քաղաքական հայտարարություններ անել


Կառավարությունն, ի դեմս Պաշտպանության նախարարության, առաջարկում է օրենսդրական փոփոխությամբ արգելել զինվորականներին քաղաքական կոչեր կամ հայտարարություններ հնչեցնել, ինչպես նաև արգելել զինվորական կամ ծառայողական համազգեստով հավաքների կամ բողոքի միջոցառումների մասնակցությունը։

«Զինվորական կամ այլ ծառայողական համազգեստով հավաքների կամ հանրային բողոքի ներկայացման բնույթ ունեցող այլ միջոցառման մասնակցելու արգելքը, անհատական կամ կոլեկտիվ ձևաչափով ծառայության հարցերով կամ քաղաքական բնույթ ունեցող կոչեր կամ հայտարարություններ հրապարակային հնչեցնելու արգելքը, համացանցով և զանգվածային լրատվությամբ կամ հանրային հասանելիության այլ միջոցներով զինված ուժերի գործունեության կամ տեղակայման կամ իր կամ այլ զինծառայողների ծառայողական գործունեության վերաբերյալ տեղեկություններ, տեսանյութեր, լուսանկարներ տարածելու կամ քննարկելու արգելքը՝ բացառությամբ պաշտոնական բնույթ ունեցող հրապարակումների», - ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

Արման Սարգսյան
Արման Սարգսյան

Օրենսդրական փոփոխությունների փաթեթն այսօր խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովում ներկայացնում էր պաշտպանության փոխնախարարը՝ ընդգծելով, թե դրանք կնպաստեն զինված ուժերում կարգապահության ամրապնդմանը։

Ընդդիմության համոզմամբ՝ իշխանությունը վախեր ունի

Ինչո՞ւ է իշխանությունը զինվորականների համար լրացուցիչ սահմանափակումներ սահմանում, այն դեպքում, երբ երկրի մայր օրենքը՝ Սահմանադրությունը, ամրագրում է, որ Հայաստանի զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն։

Իշխանական պատգամավորներից պարզաբանումներ ստանալ չհաջողվեց, նիստում այդ մասին չխոսվեց, ավելի ուշ էլ զերծ մնացին մեկնաբանություններին։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը նշեց. - «Ցանկացած օրենք, որ ներմուծվում է, բնականաբար, ենթադրել է տալիս, որ վախեր կան»:

Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան

Ընդդիմադիր պատգամավորն ընդգծում է, որ Հայաստանի զինված ուժերը մշտապես խուսափել են անօրինական քայլերից։ Ինչ վերաբերում է 2021-ին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ շուրջ չորս տասնյակ բարձրաստիճան զինվորականների հայտարարությանը, որով նրանք պահանջում էին վարչապետի հրաժարականը, ապա Մանուկյանի խոսքով՝ դա պայմանավորված էր երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակով։ Այս նոր օրենսդրական փոփոխությամբ, ըստ նրա, փորձ է արվում զսպել հնարավոր ընդվզումը։

«Տվյալ դեպքում ենթադրությունս է, որ իշխանությունը նաև վախենում է, որ շատ սպաների համբերության բաժակը լցվել է, ասում են՝ «այլևս բավական է վտանգեք մեր երկիրը, զինված ուժերը, հեղինակազրկեք զինված ուժերին», - ասաց Գեղամ Մանուկյանը:

Բանակում սմարթֆոնները կարգելվեն

Ազգային ժողով հրատապ կարգով ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում Պաշտպանության նախարարությունն առաջարկում է նաև բանակում արգելել սմարթֆոնները։

Իշխանական պատգամավորներից Սերգեյ Բագրատյանը, սակայն, հետաքրքրվեց՝ արդյոք միայն սմարթֆոններն արգելելով և պարզ հեռախոսները թույլատրելով խնդիրները կլուծվեն։

«Բարձր տեխնոլոգիաների մասնագետները տեղեկացնում են, որ ոչ միայն սմարթֆոնները, այլ պարզ հեռախոսները նույնպես հնարավոր է լսել, այսինքն թշնամու կողմից դրանք ևս լսվելու են», - նշեց Բագրատյանը:

Սերգեյ Բագրատյան
Սերգեյ Բագրատյան

Արման Սարգսյանն արձագանքեց. - «Բնականաբար բջջային կապի օպերատոները վստահաբար կփաստեն, որ բոլոր տեսակի բջջային հեռախոսները հնարավոր է տեղորոշել, բայց ինտերնետ հասանելիություն ունեցող, համացանցին միացված հեռախոսներն իրենցից ավելի մեծ վտանգավորություն են ներկայացնում թե՛ տեղորոշման հնարավորությամբ, թե՛ իրենց կողմից նկարելու, նկարներ ներբեռնելու: Մեր Ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գործընկերների կողմից բացահայտած դեպքերի գերակշիռ մասում, ինչպես մենք բաց աղբյուրներից տեղեկանում ենք, տեղեկությունների փոխանակման մեջ բացասական դեր է կատարել նաև այս սմարթֆոնների օգտագործումը»:

Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը մինչդեռ պնդում է՝ սմարթֆոնների օգտագործումը մինչև հեղափոխությունը խստիվ արգելված է եղել զինված ուժերում։ Եվ միայն Փաշինյանի իշխանության գալուց հետո որոշում կայացվեց աչք փակել դրանց կիրառության վրա։

«Սմարթֆոնների գործածման արգելքը պաշտպանության նախարարի, Գլխավոր շտաբի պետի հրամաններով տարիներ առաջ արդեն գորածադրված է եղել, 18 թվականի ամառվանից հետո ասացին՝ «մի նեղացրեք զինվորներին, դեմոկրատիա է», և սմարթֆոնների օգտագործումը զինված ուժերում գրեթե դարձավ համատարած, որը ցավոք, իր ահավոր ազդեցությունը ունեցավ նաև 44-օրյա պատերազմի օրերին», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Կարգապահական վաշտում գտնվելու ժամանակահատվածը որպես ծառայություն չի հաշվարկվի

Ազգային ժողով ներկայացված օրենսդրական փաթեթով ևս մեկ խստացում է ներմուծվում։ Այն զինծառայողները, ովքեր կարգապահական խախտումներ թույլ կտան, կարգապահական վաշտում նրանց գտնվելու ժամանակահատվածը որպես ծառայություն չի հաշվարկվի։ Իշխանությունը նպատակ ունի այդ կերպ մեծացնել զինծառայողների զգոնությունը։

«Սա իմ համար փաթեթի մեջ ներառված ամենակարևոր գաղափարն է, օր առաջ սա պետք է լինի, կտեսնեք՝ ոնց է սա ազդում ծառայության որակի վրա, որովհետև ոչ մեկը չի ուզենա կարգապահությունը խախտելով հավերժ մնալ ծառայության մեջ», - ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյան

Ընդդիմությունը մինչդեռ հակադարձում է՝ կարգապահական վաշտում զինծառայողը շարունակում է ծառայությունը՝ այն էլ խստացված պայմաններում, և նրան լրացուցիչ պատժելու իմաստ չկա։

«Մարդուն մեկ անգամ իր զանցանքի համար կարող են պատժել, ոչ թե մի քանի անգամ», - նշեց Մանուկյանը:

Կարգելվի առանց իրավունքի զինվորական համազգեստի կրումը

Պաշտպանության նախարարությունը նաև առաջարկում է վարչական պատասխանատվություն սահմանել բոլոր այն անձանց համար, ովքեր առանց իրավունքի զինվորական համազգեստ կկրեն։

Պատասխանատվության ենթարկելու հարցով կզբաղվի Ռազմական ոստիկանությունը։

Օրենսդրական բոլոր այս փոփոխությունը կքննարկվեն հաջորդ շաբաթ մեկնարկող խորհրդարանի լիագումար նիստում։

XS
SM
MD
LG