Արցախում չեն հերքում, որ Վոլկովը պաշտոնանկ է արվել, նրան կփոխարինի Լենցովը

Ուկրաինա - Գեներալ Ալեքսանդր Լենցովը նաև ներկայացրել է Ռուսաստանը Ուկրաինայում խաղաղ համաձայնությունների իրականացման Վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում, Դոնեցկ, մարտ, 2015թ.

Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը չի հերքում լրատվամիջոցներում երեկվանից շրջանառվող լուրն այն մասին, որ պաշտոնանկ է արվել Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովը։

Հայաստանյան մամուլը, վկայակոչելով իր աղբյուրները գրում է, որ Վոլկովն արդեն վերադարձել է Ռուսաստան, նրան այդ պաշտոնում կփոխարինի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խորհրդական Ալեքսանդր Լենցովը։

Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ զրույցում Արցախի արտգործնախարարը նաև չհակադարձեց լրագրողի այն դիտարկմանը, որ ռուսական զորախմբի հրամանատարական կազմում փոփոխությունը տեղի է ունենում Արցախը Հայաստանին կապող ճանապարհին՝ ռուսների պատասխանատվության գոտում, Ադրբեջանի կողմից անցակետերի տեղադրման պատճառով:

«Դեռ տեղյակ չեմ՝ պաշտոնական արդյոք եղել է այդ նոր նշանակումը, թե՝ չէ, բայց արցախյան կողմը ակնկալում է ռուսական կողմից գործուն քայլեր», - ասաց Ղազարյանը:

Արցախի արտգործնախարարի խոսքով՝ Ստեփանակերտը նախ և առաջ ցանկանում է պարզել , թե որոնք են Բաքվի հետ հարաբերություններում ռուսական կողմի «կարմիր գծերը»։ Ռուսաստանյան զորախումբն առայժմ որևէ բացատրություն չի տվել, թե ինչու չի կանխել Ադրբեջանի կողմից բեռնատարների և ռազմական մեքենաների միջոցով իր վերահսկողության գոտի համարվող Հակարիի կամրջի փակումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գեներալ Վոլկովի մասնակցությամբ շարունակվում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցություններըԱնցակետի տեղադրումից հետո Շուշիի շրջանի 4 համայնքներ մնացել են լիակատար շրջափակման մեջՌուսաստանի ՊՆ-ն «միակողմանի և չհամաձայնեցված» է որակել Ադրբեջանի գործողությունները

«Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը այսպես կոչված կարմիր գծերը ռուսական խաղաղապահների հետ մղելով տանում է: Միևնույն ժամանակ, ռուսական կողմից տարբեր շրջանակների ներկայացուցիչներ խոսում են, որ իրենց ուշադրությունը սևեռված է այլ ուղղության վրա [Ուկրաինայի], և դրանից շատ լավ օգտվում է ադրբեջանական կողմը: Հիմա մենք ուզում ենք հասկանալ՝ արդյո՞ք կա որևէ վերջնագիծ, կամ մի սահմանագիծ, կամ, ասենք, համբերության բաժակ, արդյո՞ք ռուսական կողմը ունի այս առումով», - ասաց Արցախի արտգործնախարարը:

Արցախցի պաշտոնյան հատուկ ընդգծեց՝ 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերադարձել է՝ տեսնելով, որ Արցախում ռուս խաղաղապահ զորախումբն է տեղակայվել, «բայց հիմա հայտնվել են պատանդի կարգավիճակում»։

Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը ստանձնած ռուս խաղաղապահ զորախմբի նոր հրամանատարը, ըստ մամուլի, Ռուսաստանի պաշտպանության նախարարի խորհրդական 66-ամյա Ալեքսանդր Լենցովն է։ Գեներալ-գնդապետը մինչ այդ էլ Ռուսաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալն էր: Նախ ԽՍՀՄ, ապա ՌԴ զինված ուժերում ավելի քան չորս տասնամյակ ծառայած բարձրաստիճան զինվորականը, ռուսաստանյան աղբյուրների համաձայն, մասնակցել է Աֆղանստանի, Չեչնիայի և Սիրիայի պատերազմներին։

2020 թվականի նոյեմբերից Արցախում տեղակայված ռուսական զորախմբի արդեն երեք հրամանատար է փոխվել․ Վոլկովից առաջ խաղաղապահ առաքելությունը ղեկավարել է Գենադի Անաշկինը, մինչ այդ էլ՝ Ռուստամ Մուրադովը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Անցակետի տեղադրման պատճառով չեղարկվել է Արցախի 28 ուղեգրված բուժառուների տեղափոխումը Հայաստան. ԱՆ«Դա հնարավոր բան չի, որ թուրքը մեր պասպորտը նայի». Եղցահողի բնակիչՈրևէ արցախցի չի անցնի Ադրբեջանի անցակետով. Լեռնային Ղարաբաղի ՄԻՊ Գեղամ ՍտեփանյանԱմբողջովին խափանվել է հումանիտար բեռների և վառելիքի ներկրումը Արցախ. պետնախարար