Մատչելիության հղումներ

«Եթե շարժվենք այս տրամաբանությամբ, վաղ թե ուշ՝ Ռուսաստանն ընդհանրապես չի լինի Հարավային Կովկասում». քաղաքագետ


Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, արխիվ
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Արցախը Հայաստանին կապող Հակարիի կամրջի վրա ադրբեջանական վերահսկիչ անցակետի պահպանման դեպքում կասկածի տակ է դրվելու Հարավային Կովկասում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային ճարտարապետությունը, կարծում է արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ Ըստ նրա՝ եթե իրավիճակը չփոխվի, ռուսական ներկայությունը տարածաշրջանում կարող է կասկածի տակ դրվել:

«Եթե շարժվենք այս տրամաբանությամբ, վաղ թե ուշ՝ Ռուսաստանն ընդհանրապես չի լինի Հարավային Կովկասում, քանի որ եթե Մոսկվան պատրաստ չէ ապահովել գոնե Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու գոյությունը, հարց է՝ ինչի՞ համար է ընդհանրապես պետք Ռուսաստանը Հայաստանին», - նշեց Գրիգորյանը։

Քաղաքագետը համոզված է՝ ադրբեջանական կողմը շարունակելու ավելի մեծ զիջումներ կորզել հայկական կողմերից։ Գրիգորյանը շեշտեց՝ ադրբեջանական կողմը հիմա չի էլ թաքցնում, որ խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը։ Իրավիճակից ելք, սակայն, այս պահին չի տեսնում։

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն էլ է կարծում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այսօր փակուղում է։

«Այսօր ես չեմ տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության փակուղուց դուրս գալու ելք։ Մենք գտնվում ենք փակուղում, հնարավոր է՝ տարբերակներ կան, բայց իրավիճակի կտրուկ փոփոխման ռազմավարություն ես չեմ կարող պատկերացնել», - նշեց Իսկանդարյանը։

Անդրադառնալով Արցախում ռուս խաղաղապահների հասցեին հնչող քննադատություններին, ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն այսօր Երևանում հրավիրված քննարկմանը հայտարարեց՝ նրանք երաշխավորում են, որ Ստեփանակերտը մնա իր ներկայիս տեսքով։ Այս մասին խոսելիս ռուսաստանցի քաղաքագետը քննադատեց Արևմուտքին, պնդելով, թե Միացյալ Նահանգներն ու Եվրոպան իրենց վարկանիշը բարձրացնելու համար են ինչ-որ քայլեր անում, որոնք, սակայն, գետնի վրա ղարաբաղցիների անվտանգությունը չեն երաշխավորում:

«Ռուս խաղաղապահների ներկայությունը երաշխավորում է Ստեփանակերտի ներկայությունն իր ներկայիս տեսքով։ Մակրոնի թվիթերյան գրառումները դա էլ չեն երաշխավորում», - ասաց Մարկեդոնովը։

Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող բրիտանացի փորձագետ Թոմաս դը Վաալն էլ է համոզված ՝ Բաքվի քաղաքականությունը մարտահրավեր է առաջին հերթին Ռուսաստանի համար։ Փորձագետը ևս շեշտում է՝ Արևմուտքի ուշադրությունն այս ընթացքում Ուկրաինայի վրա է կենտրոնացած:

«Կարծում եմ՝ Արևմուտքը կարթնանա այն ժամանակ, երբ արդեն ուշ կլինի, երբ կսկսվի արդեն նոր հակամարտություն Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև։ Եվ այստեղ ես չեմ կարող կանխատեսել, թե ինչ կլինի։ Ցավոք, ես կարող եմ հաստատ ասել՝ ինչ-որ հակամարտություն կլինի», - ասաց Դը Վաալը։

Ղարաբաղյան հակամարտությանը տասնամյակներով հետևող բրիտանացի փորձագետը ևս կարծում է` ռուս խաղաղապահների ներկայությունը զսպում է իրավիճակը: Մյուս կողմից, ռուսական կողի անգործության հետևանքով, ըստ Դը Վաալի, Արցախում ռուս խաղաղապահները հետզհետե կորցնում են իրենց ազդեցությունը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG