Մատչելիության հղումներ

Ստեփանակերտն ակնկալում է Ռուսաստանի համարժեք արձագանքն ադրբեջանական գործողություններին


Արցախի ԱԳՆ շենքը Ստեփանակերտում
Արցախի ԱԳՆ շենքը Ստեփանակերտում

Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության հաստատմանն ուղղված Ադրբեջանի քայլերն ուղղակիորեն հակասում են2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետին, հայտարարում է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նշելով՝ Արցախն ավելի քան 4 ամիս իր գործակալների միջոցով անմարդկային շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանն ապրիլի 23-ին ապօրինաբար հսկիչ անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջի վրա։

Արտգործնախարարությունը շեշտում է, որ եռակողմ հայտարարության տակ Ադրբեջանի նախագահի ստորագրությունն Ադրբեջան պետության ուղղակի և միանշանակ համաձայնությունն է՝ Լաչինի միջանցքի նկատմամբ բացառիկ վերահսկողություն փոխանցել Ռուսաստանի խաղաղապահ զորակազմին։

Ստեփանակերտն ակնկալում է ինչպես լայն միջազգային հանրության, այնպես էլ Եռակողմ հայտարարության կողմերի և, առաջին հերթին, հայտարարության իրականացման երաշխավոր հանդիսացող Ռուսաստանի Դաշնության միանշանակ և համարժեք արձագանքն ու գործուն քայլերը՝ ադրբեջանական անցակետի տեղադրումը թույլ չտալու, Լաչինի միջանցքը բացելու, Ադրբեջանի կողմից Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների իրականացումն ու Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

«Ստեղծված իրավիճակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության կանխարգելման ուղղությամբ վճռական քայլերի իրականացումը հրամայական է», - նաև հայտնում է Արցախի քաղաքական գերատեսչությունը՝ պահանջելով «ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետություններից իրականացնել ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքով ստանձնած իրենց պարտավորությունները և վերջ դնել Արցախի էթնիկ զտման և նրա ժողովրդին ոչնչացնելու Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը»։

Ադրբեջանը երեկ փակեց Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Բաքվից հայտնեցին, թե տեղում նոր անցակետ են տեղադրել՝ պարզաբանելով՝ «անվտանգության նկատառումներից ելնելով»։ Ադրբեջանի արտգործնախարարությունը մեղադրել է հայկական կողմին Լաչինի ճանապարհի անօրինական օգտագործման մեջ, նշելով, որ այն օգտագործվել է «զենքի և զինամթերքի տեղափոխումը, բնական ռեսուրսների և մշակութային պաշարների ապօրինի արտահանումը, ականների տեղադրումը» կազմակերպելու համար։

Պաշտոնական Ստեփանակերտը Բաքվի այս գործողությունները 2020թ. եռակողմ հայտարարության դրույթների հերթական կոպտագույն խախտում է համարել՝ նշելով՝ Ադրբեջանը սա անում է՝ զուգահեռաբար շարունակելով ապատեղեկատվություն տալ Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG