«Ամեն օր երազ եմ տեսնում, որ Հրազդանում եմ»․ հարսանիքի մեկնած ընտանիքն արդեն 135 օր շրջափակված Արցախում է

Անցյալ տարի դեկտեմբերի 11-ին Նարինե Իսրայելյանն իր ընտանիքի հետ Հրազդանից Ղարաբաղ է մեկնել՝ հարսանիքի և այդպես էլ չի կարողացել Հայաստան վերադառնալ։

Արցախյան հարսանիքի հյուրերն արդեն 4.5 ամիս ապրում են Մարտակերտի Վերին Հոռաթաղ գյուղում, որտեղ նրանց համար ազատ տուն գտնվել է, որովհետև այդ տան տերերն էլ, շրջափակման պատճառով, մնացել են Հայաստանում։

«Հարսանիքն էր, ամսի 12-ին արդեն հրաժեշտ տվեցինք ու հասանք ճանապարհի կես հատվածը, տեսնենք մեքենաների շարասյունը կանգնած է ու իմացանք, որ Ադրբեջանը փակել է Արցախի միակ կյանքի ճանապարհը։ Հիմա այնպես ստացվեց, որ էս տունն ազատ էր, խնդրեցինք, որ մնանք մի քանի օր, մի քանի օրը դառավ մի քանի ամիս։ Էսօր 134-րդ օրն է, որ մենք էստեղ ենք», - ասաց «Ազատության» զրուցակիցը։

Նարինեն այժմ Վերին Հոռաթաղում ապրում է երկու որդիների ու սկեսուրի հետ, ամուսնու հայրն ու ու ամուսինը զինծառայողներ են։

Այս ընտանիքի տեղափոխությունների պատմությունը սկսվել է 2020-ի պատերազմից, որի ընթացքում հեռացել են Քարվաճառից՝ այնտեղ թողնելով երկու տուն, մշակվող այգի ու, կնոջ ձևակերպմամբ, իրենց կյանքը։

«Նորմալ բոլորս աշխատում էինք, արարում էինք։ Ճիշտ է, որ ասեմ Քարվաճառը նենց զարգացած էր, չէ, բայց յուրաքանչյուր երիտասարդ ընտանիք փորձում էր իր ներդրումն ունենալ՝ ծաղկեցնելու համար Քարվաճառը, ու ստացվում էր բավականին արդեն։ Պատրաստվում էինք սեփական տուն կառուցել, ունեինք շատ մեծ հողամաս, պտղատու ծառեր, այգի։ Տնեցիները զբաղվում էին նաև հողագործությամբ», - պատմեց Նարինեն։

Քարվաճառից հետո նոր կյանք են փորձել սկսել Հրազդանում, բնակարան են վարձել, տեղավորել այն ամենն, ինչ հասցրել էին իրենց հետ բերել Քարվաճառից, իսկ Հայաստանում արդեն գնել են կահույք ու այլ անհրաժեշտ իրեր։ Որդիներից մեկը՝ Սերգեյը սկսել է դպրոց գնալ, մյուսը՝ Տիգրանը, մանկապարտեզ, Նարինեն աշխատանք է գտել։

«Երեխաներն, ի դեպ, շատ մեծ սթրես տարան Քարվաճառից հեռանալուց հետո, նույնը՝ Հրազդանից։ Որ հիմա վերադարձել ենք այստեղ, էլի չեն հարմարվում, արդեն այնտեղ դպրոց, մանկապարտեզ, պարի խմբակ են գնում, բոլորն ունեն իրենց զբաղվածության չափաբաժինը, արդեն էնտեղ հարմարված՝ էնտեղի կյանքին, բարեկամություն, հարազատություն, մեծ մասն էնտեղ է», - ասաց Նարինե Իսրայելյանը։

Սեպտեմբերին Արցախ են եկել հարսանիքի հագուկապով, մի որոշ ժամանակ ամեն օր մտածել են, թե ճանապարհն այսօր-վաղը կբացվի, այդպես էլ չի բացվել, ստիպված երեխաներին դպրոց են ուղարկել։

«Գնում են կոստյումով, դասարանցիներն ասում են՝ «էս դուք ամեն օր կոստյո՞ւմ եք հագնում», ասում եմ՝ «ոչինչ, մի նեղվեք դրանից», - պատմեց «Ազատության» զրուցակիցը։

Կենցաղային անհրաժեշտ իրեր ու հագուստ ձեռք բերելը հիմա Արցախում բարդ է, խանութներում գրեթե ոչինչ չկա։ Մթերքից բացի մի անհրաժեշտ իր գտնելու ու գնելու համար պետք է Ստեփանակերտ հասնել, իսկ բենզինի պակասի պատճառով տրանսպորտը նորմալ չի աշխատում, սեփական մեքենայով շուրջ 50 կիլոմետր անցնելն էլ ֆանտաստիկայի ժանրից է։ Բավարարվում են գյուղի խանութներով։

«Հիմա բավականին, էն սկզբնականի համեմատ, խանութներում կա, բայց բանջարեղեն, մրգեղեն բացարձակ չկա, կարագը՝ հազարից մեկ, ձեթը էլի կտրոնով է լինում, շաքարավազ, հիմնականում տալոնի ապրանքներն է, որ լինում է հաճախակի, կրուպեղենը», - ասաց Նարինե Իսրայելյանը։

Շրջափակումից հետո Արցախում բարդ է բոլորի կյանքը, կարծում է Նարինեն, սակայն Արցախում մարդկանց մեծ մասն իրենց կյանքն ունեն՝ աշխատանքը, տնտեսությունը, ապրելու հարմարությունները, ընկերներ ու հարազատներ, իր ընտանիքը, սակայն, Մարտակերտի այս գյուղում կարծես հյուր լինի, միայն թե հետադարձի տոմսեր չկան ու չկան։

«Ոնց որ մեզ ստիպողաբար պահեն ասեն՝ «պիտի ապրես», էլի կապրեի, ոչ մեկից ոչ լավն եմ, ոչ էլ ինչ-որ բան, բայց եթե պայման ունենայի, եթե այստեղ չորս պատս լիներ, ես չմտածեի, որտեղ պիտի էդ վեշերս տեղափոխվի։ Ամեն օր ես երազ եմ տեսնում, որ Հրազդանում եմ, որ ծնողներիս մոտ եմ, էդ արդեն ինձ համար երազանք է դառել»,- ասաց Նարինեն։

Հայաստան գնալու այլընտրանքային ճանապարհի մասին, մինչև դրա փակվելը, տեղյակ էին, սակայն ապահով չէր այդ ճանապարհով մանկահասակ երեխաների հետ անցնելը։

Հրազդանում ստիպված վճարում են դատարկ տան վարձը, քանի որ այդ տանն են մնացել իրենց իրերը։ Քարվաճառում ունեցածը կորցնելուց հետո կառավարությունից ստացել էին նոր բնակարան գնելու սերտիֆիկատ, որի ժամկետը շուտով կլրանա, բայց վախենում են այդպես էլ չհասցնեն Հրազդանում տուն գտնել։ Դիմել են Կարմիր խաչին, սակյան իրենց տեղափոխելու հերթն այդպես էլ չի հասնում, մնում է միայն սպասել, թե որքան, հայտնի չէ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, վրաններ տեղադրել