Մատչելիության հղումներ

Ադրբեջանն անցել է Արցախի էթնիկ զտման իր հանցավոր ծրագրի հաջորդ փուլի իրագործմանը․ Արցախի ԱԳՆ


Արցախի ԱԳՆ շենքը Ստեփանակերտում
Արցախի ԱԳՆ շենքը Ստեփանակերտում

Ադրբեջանական իշխանություններն անցել են Արցախի էթնիկ զտման և պատմական հայրենիքից նրա ժողովրդի վտարման իրենց հանցավոր ծրագրի հաջորդ փուլի իրագործմանը, այսօր հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարարությունն՝ ապրիլի 4-ին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին տեղի ունեցածը որակելով՝ քաղաքացիների իրավունքների հերթական կոպտագույն խախտում։

Երեկ Արցախի ներքին գործերի նախարարությունը հաղորդեց, որ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի «էկոակտիվիստները» արգելել են ռուս խաղաղապահներին Արցախ տեղափոխել 27 քաղաքացիների։ Արտգործնախարարությունն այսօր նշել է, որ ադրբեջանական կողմը 5 ժամ շարունակ հոգեբանական ահաբեկման է ենթարկել մեքենաներում գտնվողներին՝ հիմնականում կանանց, երեխաներին և տարեց մարդկանց, անուհետև փորձ է արել մարդկանց տառապանքները վերածել կեղծ հումանիզմի բեմադրության:

Բացարձակ անպատժելիության պայմաններում Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողություններն առավել սպառնալից բնույթ և ծավալներ են ստանում, հայտարարում է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտելով՝ մարդու իրավունքների այդքան լուրջ ոտնահարումների հանդեպ միջազգային հանրության անգործությունը հավասարազոր է լռելյայն հավանության, եթե ոչ հանցակցության պաշտոնական Բաքվի հակամարդկային գործողություններին:

Ստեփանակերտը բացարձակ անհրաժեշտություն է համարում համապատասխան մանդատ և գործիքակազմ ունեցող ՄԱԿ ԱԽ կողմից անհետաձգելի և վճռական միջոցների ձեռնարկումը՝ ապօրինի շրջափակման անհապաղ դադարեցման և միջազգային հանրության աչքի առաջ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակվող հանցագործությունների կանխման համար։

Ադրբեջանն արդեն 110 օր փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։

XS
SM
MD
LG