Մատչելիության հղումներ

Ալիևը փաստացի մերժում է Արցախի շրջափակմանը վերջ տալու ԱՄՆ կոչը


Ադրբեջանի նախագահը Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ հեռախոսազրույցում դարձյալ ընդգծել է Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անհրաժեշտությունը՝ պատճառաբանելով, թե հայկական կողմը շարունակում է ռազմական փոխադրումները Ղարաբաղ։

Իլհամ Ալիևն ասել է, որ պատրաստ է մոտ ապագայում ստորագրել խաղաղության համաձայնագիրը, որի տեքստը վերջին առաջարկություններով և փոփոխություններով արդեն ներկայացվել է հայկական կողմին։

Պետդեպարտամենտը հաղորդում է, որ Բլինքենն է զանգահարել Ալիևին:

Ըստ հաղորդագրության՝ պետքարտուղարն առաջարկել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ քննարկումներին նպաստելու գործում, ընդգծել, որ չկա ռազմական լուծում, և կարևորել Լաչինի միջանցքի վերաբացումը:

Կարևորելով կողմերի միջև ուղիղ բանակցությունները՝ Էնթոնի Բլինքենը թվիթերում գրել է, որ Ալիևի հետ զրույցում իր աջակցությունն է հայտնել Հայաստանի հետ կայուն խաղաղությանը և Վաշինգտոնի պատարաստակամությունը՝ աջակցել այդ ջանքերին:

Նախօրեին էլ պետքարտուղարը զանգահարել էր Հայաստանի վարչապետին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ երեկոյան դարձյալ պնդել էր, թե օգտագործելով այլընտրանքային գրունտային ճանապարհները՝ Հայաստանից դեպի Ղարաբաղ ռազմական բեռնափոխադրումները շարունակվում են, այդ նպատակով օգտագործվում են նաև քաղաքացիական մեքենաները։

«Տարածաշրջանում հնարավոր լարվածության ամբողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - հայտարարել է Բաքուն։

Հայկական կողմը բազմիցս հերքել է Լեռնային Ղարաբաղ ռազմական փոխադրումները։

Մինչ այդ Արցախը արդեն ավելի քան 100 օր է շրջափակման մեջ է՝ և գոյատևում է մթերքի դեղորայքի և առաջին անհրաժեշտության պարագաների սղության պայմաններում:

Մեկ ամիս է՝ Ադրբեջանը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը պարտավորեցնում է բացել Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհը։

Արցախի արտգործնախարարությունը երեկ երեկոյան հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները բացահայտ ձևով ցույց են տալիս, որ մերժում են բանակցությունները՝ որպես որևէ խնդրի լուծում գտնելու միջոց:

Ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը չի ավարտվում, Արցախի արտգործնախարարությունը նշում է, որ Ադրբեջանը վարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու հետևողական քաղաքականություն:

Արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծում է, որ Արցախի դեմ սանձազերծված բոլոր երեք պատերազմներն ուղեկցվել են մարդու իրավունքների զանգվածային խախտումներով և պատերազմական հանցագործություններով, այդ թվում՝ զանգվածային սպանություններով, տեղահանություններով, խոշտանգումներով և այլ անմարդկային արարքներով: Դրանք ոչ միայն խրախուսվել, այլ նաև ուղղորդվել են պետական մակարդակով:

Անդրադառնալով 44 օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված Թալիշում Իլհամ ալիևի հնչեցրած հայտարարություններին, Արցախի արտգործնախարարությունը նշում է․ - «Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ պետական մակարդակով իրականացվող հանցագործությունների մասշտաբն ու ծանրությունը և շարունակվող ցեղասպան քաղաքականությունը պահանջում են միջազգային հանրության, այդ թվում՝ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման համար պատասխանատու մարմինների կողմից վճռական և անհետաձգելի միջոցների ձեռնարկում»։

Ացախի արտաքին քաղաքական գերատեսչությունը հավելում է․ - «Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի համընդհանուր ճանաչումն ամենաարդյունավետ միջոցն է, որով միջազգային հանրությունը կարող է երաշխավորել Արցախում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG