Որքա՞ն երկար են ադրբեջանցիները պատրաստվում շրջափակված պահել Լաչինի միջանքը, ինչի հետևանքով ավելի քան երեք ամիս է Արցախի բնակչությունը զրկված է ազատ տեղաշարժի հնարավորությունից, նվազագույնի է հասցվել սննդամթերքի, դեղորայքի, կենսական նշանակության այլ ապրանքների ներմուծումը, խախտված են պատշաճ բժշկական օգնության, կրթության իրավունքները։ Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի շրջափակման ֆոնին ադրբեջանական կողմը պարբերաբար արգելափակում է նաև Արցախ մտնող գազատարը, շաբաթներ շարունակ նաև թույլ չի տալիս վերանորոգել Հայաստանից ձգվող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը։
Չնայած միջազգային դատարանների, գերտերությունների հորդորներին, Ադրբեջանի իշխանական շրջանակներից հայտարարում են՝ Լաչինի միջանցքը շրջափակած ադրբեջանցիների ոչ բոլոր պահանջներն են բավարարվել։ Այս մասին «Թուրան» գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Էլման Նասիրովը։
«Ակցիայի ուղիղ ազդեցության արդյունքում դադարեցվել է Ադրբեջանի բնական ռեսուրսների թալանը, էկոլոգիական ահաբեկչության քաղաքականությունը և այդ հանքերի շահագործումը», - թվարկել է պատգամավորը և հավելել, թե հաջորդ նպատակը Ղարաբաղում գտնվող հանքերի մոնիտորինգի ապահովումն է, պատճառված վնասը գնահատումը։
«Չի բացառվում, որ ակցիան շարունակվի այնքան, որքան կպահանջվի այդ նպատակին հասնելու համար», - հայտարարել է ադրբեջանցի օրենսդիրը։
«էկոակտիվիստ» ներկայացող ադրբեջանցիների ավելի քան 100 օր շարունակվող ցույցերն ուղեկցվում են խնջույքներով, բնական ռեսուրսների շահագործման դեմ, բնության պահպանության համար պայքարի դուրս եկած ադրբեջանցիների՝ խարույկի շուրջ ազգայնական երգերը, վանկարկումները լայնորեն լուսաբանվում են տեղական լրատվամիջոցների կողմից:
Բաքվում գործող «Քաղաքական մենեջմենթի ինստիտուտի» ղեկավար Ազեր Ղասիմլիի գնահատմամբ, մինչդեռ, Բաքուն Լաչինի միջանցքում շարունակվող ակցիաների միջոցով ոչ միայն արդյունքի չի հասել, այլև բախվել է բացասական հետևանքների:
«Եվրախորհրդարանի բանաձևում այդ ակցիան դատապարտվեց։ Ադրբեջանը նշվեց որպես կողմ, որը ճնշում է Ղարաբաղում ապրող հայերին։ Այդ հարցով հայտարարություններով հանդես եկան նաև Եվրոպայի առանձին երկրներ, նույն դիրքորոշումը հայտնեցին ՄԱԿ-ում։ Միջազգային հանրության մոտ դրական ընկալում չկար և այդ ամենն ուղղակի շրջվեց ընդդեմ Ադրբեջանի», - «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում նշել է քաղաքագետը և կարծիք հայտնել, թե այդ ամենից իր հերթին Ռուսաստանն է շահել. - «Որովհետև Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի տարածաշրջանի ժողովուրդները միշտ տարաձայնություններ ունենան։ Եվ եթե անգամ համաձայնության գան, ապա՝ միայն իր վերահսկղության ներքո»։
Քաղաքական մեկնաբան Առուստուն Օրուքլուի համոզմամբ՝ ադրբեջանցիների բողոքի ակցիան փափուկ ուժի ցուցադրություն է. -
«Իրականում Ադրբեջանն այդկերպ տեղեկացնում է, որ փորձում է գործընթացները վերադարձնել իր վերահսկողության տակ և դրա համար ունի որոշակի ռեսուրսներ»։
Օրուքլուն ևս նկատում է , որ այդ ակցիաները նաև բացասական արդյունքների են հանգեցրել: «Դրանցից մեկը ղարաբաղի հայերի բլոկադայի մասին միջազգային հանրության մոտ ձևավորված կարծիքն է», - ասել է ադրբեջանցի քաղաքական մեկնաբանը՝ շեշտելով, որ այդ քարոզչությունն աշխատել է ի վնաս Ադրբեջանի, և Ադրբեջանը չի կարողացել ապահովել հարցի տեղեկատվական կողմը:
Մյուս թերությունն էլ շրջափակման ֆոնին, քաղաքական մեկնաբանի ձևակերպմամբ, Ղարաբաղի հայերի և ռուս խաղաղապահների մերձեցումն է: «Ռուսները ցույց տվեցին, որ առանց իրենց Ադրբեջանը հայերին կխեղդի շրջափակմամբ։ Այս առումով Ռուսաստանի շահերն ապահովվել են», - ընդգծում է Օրուքլուն: