Մատչելիության հղումներ

Արցախի շրջափակման 100-րդ օրն է. «Սպասում էինք՝ մի բան կանեն ու այս դժոխքից մեզ կհանեն»


Ստեփանակերտցի Նաիրա Բաբայանը հիասթափված է աշխարհից։ Չէր սպասում, որ Արցախին ձեռք չեն մեկնի, 120 հազար մարդու ճակատագրով հետաքրքրվող չի լինի։

«Մենք սպասում էինք, որ մեր կառավարությունը ինչ-որ մի ձև պիտի աներ, էս դժոխքից մեզ դուրս բերեին, բայց ստացվեց էն, որ այսօր արդեն լրացել է մեր 100 օրը», - ասաց Բաբայանը՝ շարունակելով, - «բայց աշխարհը կույր, աշխարհը լուռ, արցախահայությունը անտեսված, ոչ ոք ձեռք չի մեկնում, որ էսքան ժողովրդին հանի էս դժոխքից»

100 օր է՝ արցախցիները ապրում են ադրբեջանական շրջափակման մեջ՝ կյանքի տարրական իրավունքներից զրկված։ Առաջին անհրաժեշտության սնունդը, միրգն ու բանջարեղենը կտրոններով են, հոսանքը՝ հովհարային անջատումներով, գազամատակարարումը՝ Ադրբեջանի հայեցողությամբ, խափանումներով։ Աշխարհից մեկուսացած Արցախում մի բան բարգավաճեց այս ընթացքում՝ խանութներում հերթերը, կատակում է տիկին Նաիրան։

«Արցախում հիմա միայն զարգացած է հերթերի կուտակումները: Առավոտից կինը պիտի գնա խանութում հերթ կանգնի՝ ձվի, կարտոֆիլի», - պատմեց Արցախի բնակիչը:

Քանի կար սննդի, միրգ բանջարեղենի պակասն էր, հիմա էլ մասսայական թանկացումները։ Դժգոհում է 60-ամյա արցախցին։ Կտրոնն էլ ժամանակավորապես հարցը լուծեց։ Տնտեսվարողներին ձեռնտու է, որ միրգն ու բանջարեղենը վաճառեն առանց կտրոնների մի քանի անգամ թանկ։

«Կտրոնով մի կիլո մանդարինը 500 դրամ ա, առանց կտրոնի` 1500 դրամ, կոնֆետը, որ եղել ա 1200 դրամ, հիմա 7000 դրամ ա: Գնաճն արդեն.... մենք չենք հասցնում առնել, որովհետև գործազուրկ են դարձել մարդիկ», - նշեց Բաբայանը:

Նաիրա Բաբայանը, որ 11 թոռ ունի, ամենից շատ մտահոգված է երեխաների տրամադրությամբ, հոգեվիճակով։ Ասում է՝ նրանք ամեն ինչ մեծերի պես հասկանում են. - «Արցախում խաթարվել է երեխաների անհոգ մանկությունը, երեխաները հոգեպես ճնշված են»:

Տիկին Նաիրան ևս երկու թոռնիկի է սպասում, մայիսին, հունիսին կծնվեն, անհամբեր է սպասում. - «հույսս մեծ է, որ երեխաների ծնունդը պիտի մեծ խաղաղություն բերի Արցախ աշխարհիս ու ամեն ինչ լավ կլինի»:

Մեկ ամիս առաջ Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին բացել Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհը։ Բաքուն անտեսում է այս որոշումը, իսկ ճանապարհը փակած ադրբեջանցիները տոնակատարություն էին կազմակերպում Լաչինի միջանցքում։

Արցախի Ազգային ժողովի նախագահն էլ է դժգոհ քաղաքակիրթ աշխարհից։ 100 օր լուռ հետևում են Արցախի շուրջ զարգացումներին, այսօր հայտարարել է Արթուր Թովմասյանը։ Նրա կարծիքով՝ եթե Ադրբեջանի նկատմամբ կիրառվեն պատժամիջոցներ, կբացվի Արցախի ճանապարհը։

«Կշեռքի մի նժարին դրված են ժողովրդավարական արժեքները, մյուսին՝ նավթն ու գազը: Հենց այստեղ է, որ քաղաքակիրթ աշխարհը պետք է ընտրություն կատարի: Եվ, եթե իրականում ժողովրդավարական արժեքներն ավելի կարևոր լինեին մեծ խաղացողների համար, ապա շրջափակումը վաղուց վերացված կլիներ», - ասել է Արցախի խորհրդարանի խոսնակը:

«Երևանը բավարար ջանքեր չի գործադրել ճանապարհը բացելու համար»․ արցախցի պատգամավոր

Մետաքսե Հակոբյան
Մետաքսե Հակոբյան

Միջազգային հանրությունը սկզբում շատ ակտիվ էր, հասցեական կոչեր էր անում, Հայաստանը բավարար ակտիվ չէր միջազգային հարթակներում, քննադատում է արցախցի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Այսինքն՝ այն, ինչ-որ տեղի ունեցավ, որը պիտի գույքագրվեր, որի ուղղությամբ պետք է աշխատանք տաներ հենց շահագրգիռ կողմը, ինչու չէ նաև շահառու կողմը, որը Արցախի Հանրապետությունն էր և իշխանությունները, իրենց պահվածքն առավել քան տարօրինակ էր», - ասաց Հակոբյանը։

Հայաստանի իշխանությունը Արցախի շրջափակման հարցում Ռուսաստանին է մեղադրում, որ չի կատարում նոյեմբերի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը։ Վերջին օրերին էլ վարչապետ Փաշինյանը խոսում է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման մասին։ Այս ուղղությամբ քայլերն անհետաձգելի համարում։

«Խոսքը մասնավորապես Միացյալ Ազգերի կազմակերպության շրջանակներում նախատեսված մեխանիզմների մասին է, այս մասին Արտաքին գործերի նախարարությանը տվել եմ համապատասխան հանձնարարականներ», - նշել է Փաշինյանը:

Արցախցի ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ Երևանն էլ, Ստեփանակերտն էլ բավարար ջանքեր չեն գործադրել ճանապարհը բացելու համար։ Արցախի իշխանությունը որոշումներ կայացնելու կամք չունի, ասում է Հակոբյանը. - «Այս ամբողջ քաոսի մեջ երևի թե ամենաանընդունելին նաև Արցախի իշխանությունների պահվածքն է, երբ չկա ինչ-ոք քաղաքական կամքի դրսևորում, չկա որոշումների կայացում, չկա այդ որոշումների հետևից գնալու կամք»:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի օր առաջ փակագծերը բացեց, թե ինչպես է պատկերացնում խնդրի լուծումը Ալիևը՝ կա՛մ Արցախը ինտեգրվում է Ադրբեջանին, կա՛մ հարցերը չեն լուծվելու. - «Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում ունենալու ենք տարբեր զարգացումներ, իրավիճակներ, որին պետք է մենք դիմակայենք»:

Պաշարված Արցախի 100 օրն անարյուն չանցավ, ադրբեջանցիների կրակահերթից երեք ոստիկան սպանվեց։ Կրակում են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող արցախցիների ուղղությամբ, հայտնում են Ստեփանակերտից։ Ծայրահեղ ծանր հիվանդներին հնարավոր չէ վիրահատել, նրանք Երևան են հասնում Կարմիր Խաչի միջնորդությամբ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG