Փետրվարի 23-ին և 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում կլինեն կարևոր իրադարձություններ. Կուլեբա

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլիբա

Ուկրաինայի արտգործնախարարն այսօր հայտարարել է, թե փետրվարի 23-ին և 24-ին Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում կլինեն կարևոր իրադարձություններ։ Այդ օրերին կլրանա Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի մեկ տարին։

«Կլինեն շատ կարևոր քաղաքական ազդանշաններ, կլինեն պատժամիջոցների, զենքի վերաբերյալ որոշումներ, կլինեն միասնության խորհրդանիշներ, և դա տեղի կունենա բոլոր մակարդակներում։ Ռուսաստանը կհիշի, թե ինչպես է աշխարհը նշելու Ուկրաինայի դեմ լայնածավալ ագրեսիայի տարելիցը», - հայտարարել է Դմիտրի Կուլեբան՝ առանց մանրամասնելու։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ մոբիլիզացիայի և ձերբակալության վտանգի պատճառով

Մինչ այդ Կիևը և Արևմուտքը հայտարարում են, թե պատերազմի մեկնարկի տարելիցին ռուսները նոր լայնածավալ հարձակման են պատրաստվում։ Այս ֆոնին Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է հրապարակել՝ կոչ անելով Ռուսաստանում բնակվող ամերիկացիներին անհապաղ լքել երկիրը։ Վաշինգտոնը, մասնավորապես, զգուշացնում է, որ Ռուսաստանի իշխանությունները կարող են զորակոչել նաև երկքաղաքացիություն ունեցող անձանց՝ չճանաչելով նրանց ամերիկյան փաստաթղթերը։

Պատերազմի շուրջ մեկ տարվա ընթացքում Միացյալ Նահանգների դեսպանատունը երկու անգամ է հորդորել ամերիկացիներին «անհապաղ հեռանալ Ռուսաստանից»։ Առաջին անգամ փետրվարի 28-ին՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից մի քանի օր անց, և երկրորդ անգամ՝ սեպտեմբերի 28-ին, մոբիլիզացիա հայտարարվելուց անմիջապես հետո։

Թեև Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ զորահավաքն ավարտվել է, սակայն դրա մասին հրամանագիրը դեռ ուժի մեջ է, և տեսականորեն մոբիլիզացիոն աշխատանքները կարող են վերսկսվել ցանկացած պահի։

Կրեմլի խոսնակն այսօր կրկին ասել է, թե նոր մոբիլիզացիայի մասին տեղեկություն չունի։ Պեսկովը ընդգծել է, որ երկքաղաքացիություն ունեցող անձանց Մոկսվան նախ և առաջ դիտարկում է որպես Ռուսաստանի քաղաքացի. - «Այստեղ ամեն դեպքում Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող այս քաղաքացիները մեզ համար առաջին հերթին Ռուսաստանի քաղաքացիներ են՝ անկախ նրանից, թե այլ որ երկրի երկրորդ քաղաքացիություն ունեն»։

Երբ է սկսվելու ռուսական նոր զանգվածայաին հարձակումը, որի մասին վերջին շաբաթներին հայտարարում են թե' Կիևում, թե Արևմուտքում, դեռ պարզ չէ։ Այս պահին կատաղի մարտերը շարունակվում են և' Դոնեցկի, և' Լուգանսկի մարզերում և դրանք վերջին շաբաթների ընթացքում ավելի ինտենսիվ են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վագներ»-ի գերեվարված վարձկանները պատմել են ռուսական զորքերի մեծ կորուստների մասին

Ուկրաինացի զինվորականները պնդում են, թե ռուսներին անհրաժեշտ է մեծ հաջողության հասնել պատերազմի տարելիցին, և նրանք, չնայած Դոնեցկի ճակատում վերջին օրերին ունեցած մեծ կուստներին, որոնք ի դեպ հաստատում են նաև ռուսամետ աղբյուրները, շարունակում են հարձակումները մի քանի, այդ թվում Կուպանսկի, Լիմանի և Բախմուտի ուղղություներով։

Հատկապես թեժ է իրավիճակը Բախմուտ քաղաքում, որը ռուսները փորձում եմ գրավել արդեն ութ ամիս։ Մարտերն այսօր ընթանում արդեն քաղաքի արվարձաններում, ուկրաինացի ոստիկանները տարհանում են Բախմուտում դեռ մնացած երեխաներին։

«Դեռևս երկու հարյուր երեխա մնում է քաղաքում։ Մենք խոսում ենք նրանք հարազատների հետ, բացատրում ենք, որ երեխաները չպետք է այստեղ մնան։ Փաստարկներ ենք բերում, համոզում ենք, որ համաձայնեն տարհանվել, կամ գոնե թույլ տան, որ երեխաներին տարհանենք։ Երեխաներին խաղաղություն է պետք, ոչ թե պատերազմ», - ասում է ոստիկաններից մեկը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է Կրասնայա Գորա գյուղը գրավելու մասին։ Ընդ որում, Վագներ մասնավոր ռազմական կառույցի ղեկավար, Պուտինի մերձավոր Եվգենի Պրիգոժինը այդ մասին դեռ երեկ էր ասել՝ պնդելով, թե բնակավայրը գրավել են Վագնե ի վարձակնները։ Ուկրաինայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել տեղեկությունը։