Ուկրաինայում կրկին օդային տագնապ էր այսօր հայտարարված։ Գիշերը ռուսական բանակը անօդաչուներով ու հրթիռներով կրկին հարվածել է վեց շրջանների, այդ թվում՝ Կիևի, Խարկովի էներգետիկ ենթակառուցվածքներին, մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են։ Կիևում դպրոցական դասերը տեղափոխել են մետրոյի ստորգետնյա կայարաններ։
«Այնքան էլ հարմար չէ, բայց սեպտեմբերից սկսած տագնապի ազդանշաններն այնքան հաճախ են դարձել, որ երեխաներն արդեն սովորել են այս պայմաններին։ Սովորում ենք մաթեմատիկա, կենսաբաություն, քիմիա, բոլորառարկաները, որ ունենք դասացուցակում», - ասում է ուսուցիչներից մեկը։
Մինչ ռուսական ուժերը շարունակում են գնդակոծել ուկրաինական քաղաքներն ու էներգետիկ համակարգը, Ուկրաինայում սպասում են արևմտյան արդիական տանկերին, որոնք Կիև կհասնեն առաջիկա օրերին։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի իշխանությունները հայտարարում են, թե ռուսներին հաղթելու համար անհրաժեշտ են նաև կործանիչներ ու ավելի հեռահար հրթիռներ։ Հենց այս ուղերձով էր նախագահ Զելենսկին վերջին օրերին Լոնդոն, Փարիզ ու Բրյուսել գնացել։
«Ես չեմ կարող ձեռնունայն վերադառնալ», - երեկ հայտարարել է նա՝ դիմելով Եվրախորհրդարանի անդամներին։ - «Եվրոպան միշտ ազատ կմնա, քանի դեռ մենք միասին ենք, և քանի դեռ հոգ ենք տանում Եվրոպայի, եվրոպական կենսաձևի համար»։
Ուկրաինան հավելյալ զենքի, այդ թվում ՄԻԳ-29-երի կարիք ունի», - Զելենսկու հետ հանդիպումից հետո Թվիթերում գրել է Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը՝ հավելելով, թե ինքը պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ։
Եվրոպայում, սակայն, առաջնորդներից ոչ բոլորն են այս հարցում համակարծիք։ Ոմանք մտավախություն ունեն, որ դրանից Արևմուտքը կարող է ուղղակի հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ։ Է'լ ավելի կտրուկ է Հունգարիայի վարչապետ, Ռուսաստանի նախագահ Պուտինի բարեկամ Վիկտոև Օրբանի արձագանքը։ «Հունգարիան Կիևին մարդասիրական օգնություն կուղարկի», - Զելենսկու հետ հանդիպումից հետո գրել է նա սոցցանցերում։ Օրբանը միաժամանակ հորդորել է անհապաղ հրադադար հաստատել՝ հայտարարելով, որ Հունգարիան պատկանում է խաղաղության ճամբարին։
Ու մինչ Ուկրաինայի իշխանությունները նոր զենք են սպասում, ռուսական բանակը առաջ է գնում։
Բրիտանական ռազմական հետախուզությունը հաղորդում է, որ այս շաբաթասկզբից ռուսական ուժերը, ամենայն հավանականությամբ, մարտավարական հաջողություններ են գրանցել երկու առանցքային ուղղություններում՝ Դոնեցկի մարզի Բախմուտի մոտ և Զապորոժիեյի մարզի Ուգլեդար քաղաքի մոտ։ Կատաղի մարտերի ճակատում շարունակվում են և, բրիտանացի հետախույզների տվյալներով, ռուսական ստորաբաժանումները մեծ կորուստներ են կրում հատկապես Ուգլեդարի մոտ, ինչը հաստատում են նաև ռուսական աղբյուրները։
Չնայած կորուստներին, Մոսկվան կանգ առնելու մտադրություն չունի։ Կրեմլի ղեկավարը երեկ կրկին հայտարարել է, թե ռուսական բանակը չէ, որ սկսել է այս պատերազմը. - «Մենք չէ, որ սկսեցինք ռազմական գործողությունները, մենք փորձում ենք վերջ տալ դրանց: Դրանք սկսել են Ուկրաինայում ազգայնականները և նրանք, ովքեր աջակցում էին նրանց 2014 թվականին, երբ տեղի ունեցավ կառավարության տապալումը: Ամեն ինչ սկսվեց սրանից. Ղրիմում և Դոնբասում տեղի ունեցած իրադարձություններից հետո»:
Այսօր հաղորդվեց, որ Պուտինը նախատեսում է ուկրաինական պատերազմի տարելիցից առաջ՝ փետրվարի 21-ին ծավալուն ելույթով դիմել ժողովրդին։ Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, թե դրա հաջորդ օրը Կրեմլը մեծ համերգ-հավաք է նախատեսում Մոսկվայում, որտեղ պետք է ելույթ ունենա նախագահ Պուտինը։ Կրեմլի խոսնակը այս տեղեկությունը դեռ չի հաստատել։