Մատչելիության հղումներ

Զելենսկին հանդիպումներ է անցկացնում եվրոպացի առաջնորդների հետ


Մինչ ռուսները նոր հարձակում են սկսել Դոնեցկի, Լուգանսկի և Խարկովի մարզերում, Ուկրաինայի նախագահը երեկ և այսօր հանդիպումներ է անցկացնում եվրոպացի առաջնորդների հետ Լոնդոնում, Փարիզում և Բրյուսելում և պնդում՝ Ուկրաինան Արևմուտքի աջակցությամբ հաղթելու է Ռուսաստանին։

Վլադիմիր Զելենսկին այսօր Եվրախորհրդարանում ունեցած ելությում նաև համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանին հաղթող Ուկրաինան լինելու է Եվրամիության անդամ:

Ուկրաինայի առաջնորդի եվրոպական այս շրջագայության հիմնական նպատակներից է ավելի շատ զենք ստանալ դաշնակիցներից, առաջին հերթին՝ հեռահար հրթիռներ ու կործանիչներ։ Սակայն Կիևին ժամանակակից մարտական ինքնաթիռներ մատակարարելու հաստատուն խոստում` կոնկրետ թվերով և ժամկետներով, դեռ չի հնչել:

Անցած ամիս արևմտյան դաշնակիցները՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը համաձայնել են Ուկրաինային տրամադրել հարձակողական զենք համարվող արդիական տանկեր։ Աշխարհում լավագույնների շարքին դասվող բրիտանական Challenger 2 ծանր տանկերի առաջին խմբաքանակը Ուկրաինա կհասնի արդեն մարտին, վստահեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետը, ում հետ Զելենսկին երեկ էր հանդիպել։

Իսկ Եվրամիության տասնյակ երկրներ հունվարին հավանություն են տվել Կիևին ռազմական օգնության ևս մեկ փաթեթի, որի համաձայն արդեն առաջիկա ամիսներին Կիևը կստանա գերմանական գերարդիական Leopard 2 տանկեր։ Կիևը սակայն պնդում է՝ սա բավարար չէ, ռուսներին հաղթելու համար ուկրաինական բանակին նաև կործանիչներ են անրաժեշտ։

Երեկ Լոնդոնում անցկացրած հանդիպումներից հետո Զելենսկին մեկնել էր Փարիզ, հանդիպել Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ, ովքեր կրկին հավաստիացրել են նրան, որ Եվրոպան կօգնի Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ լինի Ռուսաստանին հաղթելու համար։

«Այս երեկո ձեր այցը Փարիզ մեզ համար հնարավորություն է հարգանքի տուրք մատուցելու Ուկրաինային, նրա ժողովրդին և անձամբ ձեզ: Ձեր խիզախությունը, ձեր պարզությունը և ձեր նվիրվածությունը տպավորիչ են: Ուկրաինան կարող է հույս դնել Ֆրանսիայի, իր եվրոպացի գործընկերների և նրա դաշնակիցների վրա, որպեսզի հաղթի պատերազմում: Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի». - ասել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։

Ուկրաինան պատերազմի այս մեկ տարվա ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ստացել է 120 միլիարդ դոլարի ռազմական, ֆինանսական և հումանիտար օգնություն, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ երեկ երեկոյան ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Միաժամանակ, Ստոլտենբերգը կրկին շեշտել է, որ Պուտինը կարող է հենց այսօր վերջ տալ պատերազմին. - «Պուտինը սկսեց այս ագրեսիվ պատերազմը: Եվ նա կարող է ավարտել այն այսօր՝ դուրս բերելով իր զորքերը Ուկրաինայից: Բայց ցավոք, մենք որևէ նշան չենք տեսնում, որ Ռուսաստանը պատրաստվում է խաղաղության: Ընդհակառակը, Մոսկվան պատրաստվում է նոր ռազմական հարձակումների: Այսպիսով, մենք պետք է շարունակենք Ուկրաինային տրամադրել անհրաժեշտ սպառազինություններ տարածքները հետ գրավելու և իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար»։

«Վլադիմիր Պուտինն արդեն կորցրել է Ուկրաինան», - երեկ ասել է ԱՄՆ նախագահ Բայդենը՝ միաժամանակ հավելելով, թե Միացյալ Նահանգների խոստացած օգնությունն անժամկետ է լինելու։

Կրեմլը ի պատասխան պնդում է՝ արևմտյան օգնությունը Ուկրաինային չի օգնի։ «Նրանց ուղղակի և անուղղակի ներգրավվածության սահմանը վերանում է։ Մեզ մնում է միայն ափսոսանք հայտնել այս առնչությամբ և փաստել, որ նշածս երկրների նման գործողությունները հանգեցնում են լարվածության սրմանը և հակամարտությունը ընդլայնմանը։ Նման գործողությունները չեն փոխի հակամարտության ընթացքը և չեն շեղի հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելու մեր երկրի ուղին», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ռուսական ուժերը հարձակում են ձեռնարկել Լուգանսկի և Խարկովի ուղղություններով

Ու մինչ Արևմուտքը կրկին խոսում է Ուկրաինային աննախադեպ օգնությունը շարունակելու անհրաժեշտության մասին, ռուսական զորքերը հարձակման են անցել, այդ թվում Լուգանսկի և Խարկովի ուղղություններով։

Վաշինգտոնի պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի փորձագետների կարծիքով, դեռ դժվար է ասել, թե ինքանով հաջող կլինի ռուսների համար այս հարձակումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG