Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է շարունակի էական ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։
«Ուկրաինան զենքի, ավելի շատ ծանր զրահատեխնիկայի կարիք ունի: Պետք է հաշվի առնել տանկերի, ինքնաթիռների և հեռահար պաշտպանության համակարգերի անհրաժեշտությունը», - ասել է նա` հինգշաբթի երեկոյան Բրյուսելում ելույթ ունենալով Եվրամիության գագաթնաժողովին: Մեցոլայի խոսքով՝ դա կօգնի «խաղաղության հասնել»։
Եվրախորհրդարանի նախագահը նաև գագաթնաժողովի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության հեռանկարի վրա։
«Ուկրաինայի տեղը Եվրամիությունում է: Մենք պետք է պատրաստ լինենք տեր կանգնել մեր խոսքին: Ուկրաինան զգալի առաջընթաց է գրանցել իր բարեփոխումների տեմպերում: Հուսով եմ, որ անդամակցության բանակցությունները կարող են սկսվել որքան հնարավոր է շուտ, պայմանով, որ Ուկրաինան կատարի բոլոր անհրաժեշտ չափանիշները», - ասել է Մեցոլան:
Ավելի վաղ Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը դրական է գնահատել Ուկրաինայի ջանքերը ԵՄ-ին անդամակցության նախապատրաստման գործընթացում, սակայն ևս մեկ անգամ նշել է, որ Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության ժամկետներ նշել հնարավոր չէ։
Իր հերթին, ասուլիսին մասնակցած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ասել է, որ Ուկրաինան «արագ ցույց տվեց չափազանց կարևոր բարեփոխումներ իրականացնելու և դրանում հաջողությունների հասնելու իր ընդունակությունը»։ Միաժամանակ, նա ասել է, որ Եվրահանձնաժողովի զեկույցից հետո Եվրոպական խորհուրդը մինչև տարեվերջ կորոշի այդ աշխատանքի հետագա փուլերը։