ՀԱՊԿ անդամները պետք է ի վերջո հստակեցնեն իրենց դիրքորոշումը ռուս-ուկրաինական պատերազմի հարցում, այսօր Մինսկում, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ զրույցում, նշել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Եթե որևէ մեկին թվում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությունը մեր հակամարտությունը չէ և կարելի է հանգիստ ինչ-որ տեղ նստել և սպասել, թե ինչ կլինի, ապա այդ մարդիկ սխալվում են, նման բան չի լինի», - հայտարարել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ հնարավոր է, որ ՀԱՊԿ անդամ երկրները այդ ընտրությունը ստիպված լինեն կատարել արդեն մոտ ապագայում՝ «բառացիորեն վաղը»։ Դիմելով ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարին՝ Բելառուսի նախագահը նաև կոչ է արել ջանքեր գործադրել դաշինքի սահմանների երկայնքով առկա հակամարտությունները լուծելու ուղղությամբ։
«Դուք լավ գիտեք Կովկասը և Կենտրոնական Ասիան։ Այնտեղ մենք խնդիրներ ունենք։ Եկեք փորձենք լուծել դրանք և հնարավորության սահմաններում միավորենք կազմակերպությունը», - ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ զրույցում նշում էր Բելառուսի նախագահը։