Հայաստանը չի ներգրավվելու Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին։ Արցախի իշխանությունները Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելու և ուղիղ խոսելու հնարավորություն ունեն և հենց իրենք են զբաղվում խնդրով, իսկ Հայաստանը սատար կկանգնի Արցախի յուրաքանչյուր որոշման, «Ազատության» հետ զրույցում նշեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է հանգուցալուծվելու Լաչինի միջանցքի հարցը, հատկապես որ տարաձայնություններ են ի հայտ եկել Արցախի և Հայաստանի միջև։ Մասնավորապես Արցախի Անվտանգության խորհուրդը հայտարարեց, թե Փաշինյանի ասուլիսում հնեչցրած տեակատներն և պնդումները հակասում են Արցախի բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի Անվտանգության խորհուրդն արձագանքել է Փաշինյանի երեկվա հայտարարություններինԱլեն Սիմոնյանը շեշտում է, որ անհասկանալի է, եթե խոսող կողմը Ստեփանակերտն է, ի՞նչ անհամաձայանություն կարող է լինել։ Իսկ Արցախի իշխանությունները, ըստ Ազգային ժողովի նախագահի, անմիջական կապի մեջ են եղել ադրբեջանական կողմի հետ։ Շփումներ եղել են նաև Արցախի շրջափակման առաջին երկու շաբաթներին, սակայն այս փուլում այդ շփումները դադարել են։ Թե ովքեր են եղել Արցախի կողմից բանակցողները, Ալեն Սիմոնյանը անուններ չտվեց. - «Մինչև վերջին ժամանակները ես գիտեի, թե ով էր խոսում և ինչպես էին խոսում։ Նաև նախագահի հետ կապ կար, և տարբեր ձևերով խողովակներ կան, որոնք էդ խոսակցությունները... չէր կարա չլիներ։ Հիմա որ ասեմ չի եղել ու երբևիցե չի լինում, սուտ կլինի։ Պարզ ա, որ իրանք ինչ-որ ձևով խոսում են և շփվում են։
Ինչո՞ւ Հայաստանը չի բանակցում Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի հարցով։ Ազգային ժողովի նախագահը պնդում է, որ եթե Հայաստանը կողմ դառնա, ուրեմն չեղյալ կհայտարարի եռակողմ հայտարարությունը։ Սիմոնյանը չբացառեց, որ հենց Ադրբեջանի նպատակը դա է՝ ներքաշել Հայաստանին այս խոսակցության մեջ, որպեսզի փորձի պարտադրել նման միջանցք բացել Հայաստանի տարածքով։ Ըստ նրա, Հայաստանի արտգործնախարարը նաև այդ պատճառով չմասնակցեց իր ռուս և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ Մոսկվայում դեկտեմբերին նախատեսված եռակողմ հանդիպմանը։
«Ազատություն». - Դուք կարծում եք, որ ճիշտ չէ, որ այս հարցով Հայաստա՞նը որոշակի բանակցություններ վարի, և միայն Արցա՞խը պետք է Լաչինի միջանցքի հարցով զբաղվի։
Սիմոնյան. - Իսկ Հայաստա՞նն է փակել Լաչինի միջանցքը։ Իսկ Հայաստանը ինչի՞ հաշվին վարի էդ բանակցությունները։
«Ազատություն». - Որպես եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմ։
Սիմոնյան. - Իր կողմից որևիցե քայլ եռակողմ համաձայնագրի մեջ կա՞, որը վերաբերվում է Լաչինի միջանցքին։ Ոչ, չկա։ Ինչի՞ ենք ուզում մենք եռակողմ համաձայնագիրը, որը հիմք է հանդիսանում Արցախում ապրող հայերի, Լեռնային Ղարաբաղի անվանման և մնացած բաների համար, մենք առ ոչինչ սարքենք մեր գործողություններով։ Այսինքն՝ էն պահից սկսած, երբ որ դու մտնում ես այդ խոսակցության մեջ որպես կողմ, դու չեղյալ ես համարում նոյեմբերի 9-ի հայտարարությունը։
«Ազատություն». - Բայց դու կողմ ես նոյեմբերի 9-ի հայտարարության, դու նաև երաշխավորն ես, որ կատարվի այդ հայտարարությունը։
Սիմոնյան. - Երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է։ Հենց հակառակորդի նպատակը, ես չեմ բացառում, որ Հայաստանը ներքաշելն է այդ խոսակցության մեջ։ Եվ նաև ենթադրում եմ, որ հենց Լաչինի միջանցքը փակվել է հենց դրա համար։ Որպեսզի, օրինակ, մեզ պարտադրվի նման միջանցք Հայաստանի տարածքով։ Մենք ինչի՞ պետք ա մտնենք էդ խոսակցության մեջ։ Այո, մենք ամեն ինչ կանենք, որ Լաչինի միջանցքը բացվի, որ այն պարտավորությունները, որոնք որ ստանձնվել են կողմերի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ի կատար ածվեն։ Բայց մտնել այդ խոսակցության մեջ և ինչ-որ ձևով նոր գործընթաց սկսել, դրանով նոյեմբերի 9-ը սարքել առ ոչինչ, դա, կարծում եմ, սխալ կլինի։
«Ազատություն». - Այսինքն՝ Հայաստանը չի գնալու որևէ բանակցության Լաչինի միջանցքի հարցով։
Սիմոնյան. - Մենք Լաչինի միջանցքի հետ կապված բանակցություններ են եղել, որ դրա պատճառով չենք գնացել էդ բանակցություններին և արտգործնախարարների հանդիպմանը։ Եվ դա մեր համար օրակարգային առաջնային խնդիր է, բայց կողմ դառնալ և սկսել քննարկել, թե դրա դիմաց մենք ինչ ենք անելու կամ բան, մենք չենք պատրաստվում։ Հայաստանից կտոր առ կտոր ինչ-որ զիջումներ են փորձելու բան անեն՝ Արցախի ժողովրդին էսպես ասած պատանդ պահելով։ Հայաստանը չպետք է գնա դրան, և մենք չենք գնալու դրան»։
Հարցին, թե Ինչ պատճառաբանություն են ներկայացնում Ռուսաստանի իշխանությունները հայաստանցի պաշտոնյաների հետ զրույցներում, ինչո՞ւ չեն կարողանում բացել ավելի քան մեկ ամիս փակված Լաչինի միջանցքը։ Արդյո՞ք մանդատը թույլ չի տալիս, թե՞ այլ խնդիր կա, Սիմոնյանը պատասխանեց. - Չեն ասում։ Ասում են՝ հա, կանենք։ Էս արդեն մոտավորապես էրկու տարի է պատերազմից էս կողմ՝ կանենք, հեսա կլուծենք, վայ-վայ-վայ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՊԿ զորավարժություններ այս տարի Հայաստանում չեն կայանա. ՓաշինյանԻնչո՞վ է ավարտվելու Հայաստան - ՀԱՊԿ չավարտվող լարվածությունը։ Օրերս վարչապետ Փաշյինյանը հայտարարեց, որ Հայաստանը չեղարկում է իր տարածքում ծրագրված ՀԱՊԿ զորավարժությունը, մինչդեռ դաշինքից կարծիք էին հայտնել, թե Հայաստանը կկատարի այդ մասով իր պարտավորությունները։
Ազգային ժողովի նախագահի համոզմամբ, նախ ռազմական դաշինքը պետք է գործի, կամ հայտարարի, որ ուղղակի գոյություն չունի. - «ՀԱՊԿ-ը կա'մ պետք է հայտարարի, որ Հայաստանի սահմանը, Ջերմուկի մոտով անցնող սահմանը, Սև լճի մոտով անցնող սահմանը դա իր պատասխանատվության գոտին է, կա'մ պետք է հայտարարի, որ ինքը պատասխանատվության գոտին անորոշ է։ Դրանով է ավարտվելու։ Ուզում եմ հասկանամ որտե՞ղ են անելու զորավարժությունները։ Ենթադրենք, Ջերմուկի կողքը որ զորավարժություն անենք, դա ինչո՞վ ա ավարտվելու։ Օրինակի համար եմ ասում... Գիտեք ինչ, իրանք կգան-կանեն, հետո էրկու ժամ հետո կվեր կենան-կգնան, մենք կմնանք մեր հակառակորդի և Թուրքիայի հետ՝ ՆԱՏՕ-ի երկրորդ զորքի հետ, դեմ առ դեմ»։
Ալեն Սիմոնյանի խոսքով, Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարությունը հասկանում է, թե իրականում ինչ է կատարվում, և պետք է գնահատի հայկական կողմի զսպվածությունը։