Մատչելիության հղումներ

Միջազգային հանրությունն ունի անհրաժեշտ իրավական բոլոր հիմքերը՝ միջամտելու ստեղծված իրավիճակին. Արցախի ԱԳՆ


Արցախի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում պետություններին, «որոնք գործում են և՛ անհատապես, և՛ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, համաձայն մարդու իրավունքների պաշտպանության և ցեղասպանության հանցագործության կանխարգելման նկատմամբ ունեցած համընդհանուր հանձնառության, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ անհապաղ կանխարգելելու ցեղասպան գործողությունները, որոնք Ադրբեջանը համակարգված կերպով իրականացնում է Արցախի ժողովրդի դեմ՝ բացարձակ անպատժելիության մթնոլորտում»։

«Միջազգային հանրությունն ունի անհրաժեշտ գործիքակազմը և իրավական բոլոր հիմքերը՝ միջամտելու Արցախում ստեղծված և օրեցօր վատթարացող իրավիճակին։ Վերահաս աղետի համատեքստում միջազգային հանրության անգործությունն անընդունելի է, այդ թվում նաև այն պատճառով, որ դա Ադրբեջանի իշխանությունների կողմից դիտարկվում է որպես իրենց հանցավոր գործողությունների լուռ խրախուսում», - ասված է հաղորդագրությունում։

Արցախի ԱԳՆ-ն մասնավորապես նշել է, որ «Ադրբեջանի ձեռնարկած քայլերի ամբողջությունը և նրա բարձրագույն ղեկավարության՝ Բաքվի իրական մտադրությունները բացահայտող պաշտոնական հայտարարությունները վկայում են, որ Արցախի Հանրապետության շրջափակումը Ադրբեջանի քաղաքականության հերթական գործիքն է՝ ուղղված Արցախի ժողովրդի ոչնչացմանը»։

«Միտումնավոր ստեղծելով անտանելի կենսապայմաններ՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում խարխլել Արցախի ժողովրդի ընդհանրությունն ու ամբողջությունը՝ պարտադրելով օտարացում իր պատմական հայրենիքից և հրաժարում սեփական հավաքական իրավունքների իրացումից։ Ադրբեջանի գործողությունները, անկասկած, նրա ցեղասպան քաղաքականության շարունակությունն են», - նշված է հայտարարությունում։

«Արցախի շրջափակումը 2020 թ․ Թուրքիայի և Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ուղղակի շարունակությունն է։ Չկարողանալով Արցախի ժողովրդին իր հայրենիքից վտարել ռազմական ճանապարհով՝ Ադրբեջանը զինադադարի հաստատումից ի վեր, ավելի քան երկու տարի, հետևողական փորձեր է ձեռնարկում քիչ ակնհայտ, բայց ոչ պակաս անմարդկային մեթոդներով իր հանցավոր նպատակներին հասնելու համար», - ընդգծել է Արցախի ԱԳՆ-ը։

2022 թ․ դեկտեմբերի 12-ից ադրբեջանական փակել է Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող Լաչինի միջանցքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG