Ղարաբաղի ավելի քան մեկ ամսվա շրջափակման ու այս հարցում ռուս խաղաղապահների պասիվության պայմաններում Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարում է, որ չի քննադատելու նրանց: Ավելին, ըստ նրա՝ այս իրավիճակում անելու են ամեն ինչ, որ ռուս խաղաղապահները զգան՝ հայերը կանգնած են նրանց կողքին, հասկանում են նրանց դժվար վիճակը։
«Ոչ թե իրենց դեմն ենք, այլ իրենց կողմն ենք կանգնած, որովհետև իրենք մեր կողքն ենք կանգնած, և վերջ տվեք թիրախավորելը ռուսների դեմ այս իրավիճակում: Եթե դուք հասկանում եք, որ դուք օգնում եք ադրբեջանցիներին, վերջացրեք այդ ամեն ինչը, վերջացրեք:
Ռուս խաղաղապահը չլիներ այստեղ, մենք չէինք լինի այստեղ ընդհանրապես: Դուք ինչի՞ մասին եք ամեն անգամ ուզում հարցը տաք, որ իրենց քննադատե՞նք, էդ ե՞ք ուզում, չեմ անելու էդ բանը ես, որովհետև ես հասկանում եմ՝ իրենք ինչի համար են պետք այստեղ: Իրենք չլինեին, մենք չէինք լինի, դրա համար էլի եմ ասում՝ ամեն ինչ անելու ենք, որ ռուս խաղաղապահներն այստեղ մնան, երկարաժամկետ դառնան, ուժեղանան, մենք էլ իրենց կողքը կանգնած լինենք», -այսօր Ստեփանակերտ- Երևան հեռուստակամրջի ընթացքում հայտարարեց նա:
Ռուսաստանից Արցախ տեղափոխված նախկին մեծահարուստ գործարար, այժմ պետնախարար Վարդանյանը նկատում է, որ ռուս խաղաղապահներն Արցախում ունեն սահմանափակ մանդատ, կրակել և մի շարք այլ գործողություններ անել չեն կարող։ Պետնախարարի կարծիքով՝ պետք է ամեն ինչ անել խաղաղապահների մանդատն ընդարձակելու ու տեղակայման ժամկետը երկարաձգելու համար։
«Նրանք այստեղ պետք է մնան տասնյակ տարիներով ու ապահովեն խաղաղությունը: Մենք պիտի ամեն ինչ անենք այս իրավիճակը փոխելու համար, և մեր անվտանգության հարցերից մեկն է, ոչ թե միայն մեր ներքին, մեր ներսում համախմբումը և պատրաստությունը տարածքային պաշտպանության, ոչ թե մենակ աշխարհի ուշադրությունը գրավելը, բայց և իհարկե, ռուս խաղաղապահների և քանակն ավելացնելը, և զենքն ուժեղացնելը, և մանդատի, որ իրավունքներ ստանան ավելի շատ, և երկարաժամկետության հարց լուծելու, որովհետև անվտանգության հարցն ամենակարևոր հարցերից է արցախցիների համար», - նշեց նախարարը:
Ադրբեջանցիները տգեղ կերպով ծաղրում են ռուս խաղաղապահներին, ասաց Վարդանյանը՝ պնդելով, որ տեղում էլ սադրում են, որ ռուսները զենք գործադրեն։ Չնայած ռուս խաղաղապահների մասին միայն դրական խոսքեր հնչեցնելուն, Վարդանյանն, այնուամենայնիվ ասաց, որ Ստեփանակերտը Մոսկվայից ավելի մեծ ակտիվություն է ակնկալում. «Բայց, իհարկե, մենք մեծ սպասելիքներ ունենք որպես պետություն՝ Ռուսաստանի պետություն, որը ունի իր դերն այս ամենի մեջ, ավելի ակտիվ կմասնակցի այս հարցի լուծման մեջ, որովհետև իսկապես 120 հազար հոգին կանգնած է ճգնաժամի առջև, ճգնաժամը լրջորեն է, և այդ կողմից ավելի ակտիվ քաղաքական մասնակցությունը Ռուսաստանի մենք սպասում ենք, դա ավելի շատ Մոսկվայի, Բաքվի և Երևանի հարցերն են»:
Իսկ Երևանը ոչ թե ավելի մեծ ակտիվություն, այլ հստակ քայլեր է ակնկալում Մոսկվայից միջանցքը բացելու ուղղությամբ, այս մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել են Հայաստանի իշխանությունները։
Անցյալ տարեվեջին Պուտինի հետ հանդիպումից 2 օր անց Հայաստանի վարչապետը հարց էր բարձրացրել, թե ո՞րն է ստեղծված իրադրության՝ Ռուսաստանի Դաշնության գնահատականը, և ո՞րն է Լաչինի միջանցքը վերականգնելու Մոսկվայի պլանը։ Այս հայտարարությունից մեկ շաբաթ անց «Ազատությունը» հարցում էր ուղարկել ԱԳՆ՝ պարզելու՝ ստացան պատասխան Մոսկվայից: ԱԳՆ-ից «Ազատությանն» ասել են, որ հրապարակման համար հավելյալ ասելիք չունեն։
Մինչ այդ Արցախի պետնախարարը հայտարարում է, որ համաձայն չէ՝ Հայաստանի իշխանություններից հնչող գնահատականներին, թե ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց գործառույթները. «Կառաջարկեմ, եթե տենց կարծիք կա, գալ, մեր կողքը կանգնել և այդ կողմից տեսնել, թե որքան մեծ դեր է խաղում ռուս խաղաղապահն այսօրվա իրավիճակում այստեղ: Իրենք չլինեին, մենք հիմա այստեղ ընդհանրապես կարող է շատ ավելի դժվար իրավիճակում լինեինք: Դրա համար քննադատելը շատ հեշտ է դրսում ապրելով, մենք այստեղ տեսնում ենք իրենց, իրենց էլ ծանր վիճակը, և ամեն ձև համագործակցում ենք իրենց հետ, որ միասին այս վիճակից դուրս գալու բանաձևը գտնենք»:
Մտնելով ռուսների բարդ դրության մեջ ու քննադատությունը համարելով որևէ տեղ չտանող ճանապարհ՝ Ստեփանակերտը ևս մի հարցում համաձայն չէ Երևանի ձևակերպումների հետ։ Վարչապետ Փաշինյանը բազմիցս ասել է, որ միջանցքը պետք է բացեն Մոսկվան ու Բաքուն, որովհետև նոյեմբերի 9-ի համաձայնագրով Ռուսաստանն ու Ադբեջանն են խոստացել ապահովել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի անխափան գործունեությունը։ Վարդանյանը, սակայն, միջանցքի բացման առումով հավասար քայլեր է ակնկալում իր ձևակերպմամբ՝ «ողջ քաղաքակիրթ աշխարհից»։
«Ճանապարհը պետք է բացեն բոլոր նորմալ երկրների ղեկավարները և հասարակությունը, որովհետև սա անընդունելի է ոչ միայն պայմանագրի ով ստորագրել է, այլ բոլոր մարդիկ, որոնք ընդունում են, որ սա անընդունելի են, որ 120 հազար մարդ ձմռանը մնա առանց էլեկտրաէներգիայի, առանց վառելիքի, ուտելիքի, դեղերի: Մեծ դերն է Ռուսաստանի, 100 տոկոս դուք ճիշտ եք, բայց Ռուսաստանը նույն ձևի, ոնց որ բոլոր ուրիշ երկրները, պետք է մասնակցեն այս ճնշման մեջ, որովհետև Ադրբեջանն ի վերջո առանձին կղզու վրա չէ», - նկատեց նա:
Իսկ Բաքվի հետ Ստեփանակերտը խոսո՞ւմ է. Վարդանյանն ասաց, որ ինքը պետնախարար է և բանակցություններին չի մասնակցում։ Ո՞վ է վարում նման բանակցություններ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ պաշտոնից հեռանալուց հետո, հայտնի չէ։
Մեկ այլ հարցի պատասխանելիս Վարդանյանը, այնուամենայնիվ, որոշ փակագծեր բացեց այդ բանակցություններից, ըստ նրա՝ Բաքուն ցանկանում է Ստեփանակերտի հետ միայն տեխնիկական հարցեր քննարկել՝ որտեղով կանցնի այս կամ այն ճանապարհը, խողովակը և այլն, այդպես, սակայն, երկխոսություն չի կարող ստացվել։ Պետնախարարի խոսքով՝ մնում է միայն մի ճանապարհ՝ դիմանալ շրջափակման մարտահրավերներին ու պայքարել Արցախում ապրելու իրավունքի համար։