Մատչելիության հղումներ

Լաչինի միջանցքում տեղի ունեցողը Փաշինյանի քաղաքականության հետևանքն է. Մամիջանյան


«Ազատության» հյուրը Ազգային ժողովի պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն է։

«Ազատություն». - Դուք համաձա՞յն եք, որ միջանցքը բացելու գործը Ռուսաստանինն է։ Այն, ինչ մեկ ամիս է, ասում է իշխանությունը, և երեկ վարչապետ Փաշինյանը ասուլիսում կրկին ասեց։

Մամիջանյան. - Եկեք ամեն դեպքում շնորհակալ լինենք խաղաղապահ առաքելություն իրականցնող զինվորներին, այն 18-20 տարեկան տղաներին, որոնք տնից հազարավոր կիլոմետրերով հեռու պահպանում են Արցախում բնակվող հայերի ֆիզիկական գոյությունը։ Եկեք էս փաստը կասկածի տակ չդնենք։ Երկրորդ տիրույթը, այսինքն՝ ռուսական էսթաբլիշմենտի քաղաքական գնահատականների մասով ես կարող եմ բերել մի հազար պատճառ, թե ինչի է ամեն ինչ ստացվում էսպես։ Ընդ որում, էդ պատճառների մի մասը կլինի հրապարակում՝ Կառավարության շենքում նստած, մյուս մասը՝ աշխարհաքաղաքական ամենատարբեր հատվածներում՝ Ուկրաինայից մինչև Սիրիա։ Բայց եթե Փաշինյանի պնդմամբ, Լաչինի միջանցքի փակման հետ կապված երկու ուղղություն կա հարցադրում անելու (որի հետ ես համաձայն չեմ)՝ Ադրբեջանը և Ռուսաստանը, ինչ-որ մեկը ինձ կարո՞ղ է բացատրել Արարատ Միրզոյանի՝ դեկտեմբերյան Միրզոյան - Լավրով - Բայրամով հանդիպմանը չմասնակցելու տրամաբանությունը։ Այսինքն՝ եթե քո մոտեցմամբ, կա երկու հասցեատեր էդ հարցի, ու էդ երկու հասցեատերը մի տեղում են ու դու դրան հրավիրված ես, ինչի՞ չես գնում...

«Ազատություն». - Չեն գնում, որովհետև շանտաժի, ճանապարհ փակելու սպառնալիքի տակ չեն բանակցում։ Պարզ բացատրել են...

Մամիջանյան. - Մի վայրկյան։ Իսկ գերիների շանտաժի տակ բանակցո՞ւմ են։ Իսկ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում ադրբեջանական և, ըստ որոշ տեղեկությունների, նաև թուրք զինյալների փաստի պարագայում բանակցո՞ւմ են... Էսպես շատ երկար կարող եմ շարունակել։ Սա նախապայմաններ դնելու ժամանակը չէր։ Երեսուն օր Արցախը բլոկադայի մեջ է, և եթե քո կարծիքով էդ հարցի երկու հասցեատերերը մի տեղում են, դու իրավունք չունես Երևանում մնալ։

«Ազատություն». - Ի՞նչ անեն իշխանությունները։ Եթե ուժով փորձեն բացել միջանցքը, դա վերաճելու է լայնածավալ ռազմական գործողության։

Մամիջանյան. - Այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, Հայաստանի Հանրապետության կառավարության անհեթեթ, անհեռանկար, շատ մեղմ եմ ասում, սիրողական արտաքին քաղաքականության արդյունքն է։ Որովհետև շատ ու շատ հնարավորությունների էս ընթացքում ոչ թե չեն օգտագործվել, այլ արվել է դիամետրալ հակառակը։

«Ազատություն». - Ճիշտ չէ՞ վարչապետ Փաշինյանը, որ որևէ պետություն երբևէ չի ասել, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան չէ։

Մամիջանյան. - Խայտառակ մանիպուլյացիա... Փաշինյանը փորձում է ներկայացնել, որ փաստը, որ առհասարակ առկա էր քննարկում էդ հարցի շուրջ, ենթադրում ա, որ Արցախը պետք է հայտնվեր Ադրբեջանի կազմում։ Հիմա պարզ մի քանի հարց եմ տալիս։ Իհարկե, եթե միջազգային հանրությունը ընդուներ, որ Արցախը չի մտնում Ադրբեջանի կազմում, ինչի՞ համար էր ստեղծվում Մինսկի խումբը, կդադարեր գոյությունը, Արցախի խնդիրը լուծված կլիներ։ Բայց միևնույն ժամանակ, եթե միջազգային հանրությունը որպես կայացած փաստ ընդուներ էն գաղափարը, որ Արցախը չունի ինքնորոշման հնարավորություն, ապա էդ բոլոր կառույցները չէին լինի։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG