Արցախում կասկածում են, որ ինտերնետի մալուխը ևս ադրբեջանցիներն են վնասել
Արցախում այսօր անջատվել է ֆիքսված ինտերնետը, շարժականն էլ խափանումներով է գործում։ Բաժանորդներին «Ղարաբաղ տելեկոմից» տեղեկացրել են, որ մալուխն է վնասվել։ Թե խոսքը կոնկրետ ինչ մալուխի մասին է, և երբ արցախցիները կկարողանան համացանցից օգտվել, ընկերությունից չեն հայտնել, միայն տեղեկացրել են, թե կապի ընդհատումը ժամանակավոր է։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, մինչդեռ, հղում անելով «Ղարաբաղ տելեկոմին», ասել է, որ վնասված մալուխը Լաչինի միջանցքում է, որտեղ իրենց էկոկատիվիստ անվանող ադրբեջանիցներն են։
Ինտերնետից զրկված քաղաքացիները կասկածներ ունեն՝ ինչպես հոսանքի գծի, այնպես այս դեպքում ադրբեջանական կողմն է վնասել մալուխը. «Գազը, հոսանքը, ինտերնետ կապը, բոլորն այդ ճանապարհով է, բոլոր երակներն այդտեղվ են անցնում, ուղղակի այստեղ չեն ուզում էլի, որ ազգաբնակչությունը խուճապի մատնվի, ասում են, որ մալուխն է, հետո էլ «Տելեկոմը» լավ չի սպասարկում մեզ առհասարակ», - ասաց Արցախի պետական համալսարանի դասախոս Սիլվա Խաչատրյանը:
Արդյոք Հայաստանից եկող վնասված ինտերնետի մալուխը ևս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածով է անցնում, Արցախից դեռ չեն մեկնաբանում։
Արդեն երրորդ օրն է՝ Հայաստանից նաև հոսանք չի մատակարարվում
Երրորդ օրն է՝ Հայաստանից Արցախ նաև հոսանք չի մատակարարվում։ Ստեփանակերտից հայտնում են՝ ադրբեջանական կողմը չի թույլատրում մոտենալ Աղավնո-Բերձոր հատված վերականգնողական աշխատանքների համար։
Ստեփանակերտում ու շրջաններում վերջին երեք օրերի ընթացքում պարբերաբար դարձած հոսանքի անջատումները քաղաքացիների համար նոր անհարմարություններ են ստեղծել՝ կենցաղային աշխատանքներից սկսած մինչև աշխատանք:
«Վարսավիրանոցներում չենք կարողանում նորմալ աշխատել, որովհետև լինում է՝ տվյալ ժամը նշված է լինում, գնում ենք աշխատանքի, բայց այնպես է ստացվում, որ այդ ժամին այդ հասցեն նորից անջատում են», - ասում է Արցախի բնակիչ Դիանա Մարտիրոսյանը:
Մարդիկ բողոքում են՝ առաջնային խնդիրը ջեռուցման բացակայությունն է. շատերը տունը հենց հոսանքով են տաքացնում, նաև պետական որոշ հիմնարկներ են կապույտ վառելիքի փոխարեն հոսանք օգտագործում։ Արցախի պետական համալսարանում հոսանքի անջատման պատճառով երեկ, օրինակ, սառը լսարաններում են դասերն անցկացրել։
«Երեկ համալսարանում ժամը 12-ը չեղած հոսանքը անջատվեց, լսարանները՝ սառը, չջեռուցված լսարաններում ահավոր է դաս անելը, բայց դե անում ենք», - ասաց համալսարանի դասախոսը:
Նրա խոսքով՝ երբեմն հոսանք ժամերով չեն ունենում ու օրվա տարբեր հատվածներում։ Հեռուստացույցն ու կենցաղային մյուս սարքավորումներն են վնասվում. - «Սառնարանը թողնում ենք միացրած, գալիս ենք աշխատանքի, 100 անգամ անջատում-միացում են անում»:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ ևս 3 հիվանդ է Երևան տեղափոխվել
Չնայած Բաքուն հայտարարում է, թե Արցախի շրջափակման մասին լուրերը կեղծ են, Լաչինի միջանցքով 1 ամսվա ընթացքում միայն անցնում են ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաները։ Միջազգային կազմակերպության միջնորդությամբ ու ուղեկցությամբ այսօր էլ ևս 3 հիվանդ է Ստեփանակերտից Երևան տեղափոխվել։ Շրջափակման պատճառով օրեցօր ավելի տեսանելի է դառնում սննդի ու դեղորայքի բացակայությունը:
Ստեփանակերտից ահազանգում են՝ դեղատներում ճգնաժամային իրավիճակ է
Շրջափակման պատճառով օրեցօր ավելի տեսանելի է դառնում սննդի ու դեղորայքի բացակայությունը։ Ստեփանակերտից ահազանգում են՝ դեղատներում ճգնաժամային իրավիճակ է՝ կաթնախառնուրդներ, մանկական տակդիրներ, հակաբիոտիկներ, ջերմիջեցնողներ չկան: Արցախցիները դեղատներում չեն կարողանում ճարել շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված դեղամիջոցներ, ինսուլինի ներարկիչներ, սակայն մարդիկ իրավիճակից դուրս գալու ելքեր են փնտրում։
«Ընկերներով շատ են օգնում իրար, խմբեր կան ստեղծված, որ եթե մեկն ունի ինչ-որ դեղ, հասցնում ենք իրար, չենք ճանաչում թեկուզ, բայց հասցնում ենք», - նշեց բնակիչներից մեկը:
Մեկ ամիս առանց սննդի, դեղորայքի ու այլ անհրաժեշտ պարագաների մատակարարումների մնացած Արցախում առաջիկայում մարդիկ մակարոնեղեն, բրինձ, հնկաձավար, ձեթ կտորններով կարող են ձեռք բերել՝ այն էլ սահմանափակ քանակով։ Պետական պահուստի պաշարները սպառվում են: Թե որքան ժամանակ կբավարարի եղածը, տեղի իշխանությունները չեն հայտնում։
Ստեփանակերտում նաև սահմանափակում են դրամի կանխիկացումները։ Քաղաքացիները կարող են օրական միայն հիսուն հազար դրամի չափով կանխիկացում անել։