Նիդերլանդների դատարանն այսօր վճիռ է կայացնելու 2014 թվականի հուլիսի 17-ին Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող Boeing 777 մարդատար ինքնաթիռն Ուկրաինայի օդային տարածքում խոցելու գործով:
MH17 չվերթն իրականացնող օդանավի կործանման զոհ են դարձել 298 մարդիկ՝ բոլոր 283 ուղևորները և անձնակազմի 15 անդամները:
Ավելի քան երկու տարի տևած հետաքննության արդյունքում քննիչները հայտնել են, որ Boeing-ը խոցվել է «Բուկ Մ-83» տեսակի խորհրդային արտադրության հակաօդային պաշտպանության հրթիռով, որն արձակվել է Դոնեցկի շրջանում ռուսամետ անջատականների հսկողության տակ գտնվող տարածքից: Ինքնաթիռը վայր է ընկել Հրաբովե անվամբ գյուղի մոտակայքում:
Ըստ հոլանդացի քննիչների, արևմտյան հետախուզական ծառայությունների փորձագետների և բաց աղբյուրների վերլուծությունների միջոցով լրագրողական հետաքննություններ իրականացնող Bellingcat կենտրոնի հայթայթած տվյալների՝ «Բուկ»-ը բեռնատարով բերվել է Ռուսաստանից և օդանավը խոցելուց հետո վերստին բեռնատարով հետ է ուղարկվել:
Քննիչները չեն բացառում, որ արձակելով «Բուկ»-ը՝ ռուսամետ անջատականները համոզված են եղել, որ թիրախն ուկրաինական ռազմական օդանավ է:
Ռուսաստանը կտրականապես հերքել է 298 անմեղ մարդկանց սպանելու մեղադրանքը: Ռուսները նախ ասել են, թե Boeing 777-ը խոցվել է ուկրաինական կործանիչի կողմից, ապա սկսել են պնդել, թե ուկրաինացիներն են «Բուկ»-ն արձակել:
Նիդերլանդների դատարանը հեռակա կարգով մեղադրանքը ներկայացրել է Ռուսաստանի երեք քաղաքացիների և Ուկրաինայի մեկ քաղաքացու:
Ըստ մեղադրող կողմի, գլխավոր մեղադրյալը 52-ամյա Իգոր Գիրկինն է, նա Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության նախկին գնդապետ է: Օդանավի ոչնչացման օրերին զբաղեցրել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնը: Ենթադրվում է, որ նա այսօր էլ մասնակցում է Ուկրաինայի դեմ այս տարվա փետրվարի 24-ից Ռուսաստանի նախաձեռնած պատերազմին:
Մյուս մեղադրյալը Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության՝ ГРУ-ի նախկին սպա 60-ամյա Սերգեյ Դուբինսկին է:
Միակ մեղադրյալը, որին այս դատավարության ընթացքում փաստաբան է ներկայացնում, ГРУ-ի 56-ամյա նախկին սպա Օլեգ Պուլատովն է, ով պնդում է, թե անմեղ է և կապ չունի օդանավի ոչնչացման հետ:
Միակ ուկրաինացի մեղադրյալը 50-ամյա Լեոնիդ Կրավչենկոն է, ով 2014-ին որպես ռուսամետ անջատականների ստորաբաժանումներից մեկի հրամանատար կատարել է Դուբինսկու հրամանները:
Ենթադրվում է, որ Մոսկվան այսօր էլ կասի, թե չի ճանաչում ոչ այդ դատարանի լիազորությունները և ոչ էլ դրա կայացրած վճիռը և վերստին կպնդի, որ ռուսական կողմը ոչ մի առնչություն չունի MH17 չվերթի ողբերգության հետ:
Ամենայն հավանականությամբ, Կրեմլը կնշի նաև Լեհաստանում հրթիռի պայթյունի վերջին միջադեպի մասին, հայտարարելով, որ Արևմուտքը հաճախ է անհիմն մեղադրանքներ ներկայացնում ռուսներին:
Մինչդեռ Ամստերդամի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Մարիեկե դե Հունն այս դատավարության նախօրեին ասել է, որ եթե դատարանն ապացուցի, որ «Բուկ»-ը բերվել է Ռուսաստանից և արձակվել է անջատականների հսկողության տակ գտնվող տարածքից, ապա դա, ինչպես ուկրաինացիները դեռ 2014-ին են պնդել, «անուղղակի կվկայի, որ հանցանքը գործել են ոչ միայն անջատականները, այլև Ռուսաստանի պետությունը»: