Դոնբասի օդային տարածքում «Մալայզիական ավիաուղիներ»-ի MH17 չվերթը իրականացնող «Բոինգ» օդանավի կործանման գործով դատը տեղի կունենա Նիդերլանդներում՝ այդ երկրի օրենսդրության շրջանակում: Այս մասին հայտնել է Նիդերլանդների արտգործնախարարությունը:
Որոշումն ընդունվել է ողբերգությունը հետաքննող երկրների ներկայացուցիչների կողմից: Դատական լսումների ժամկետների մասին առայժմ չի հաղորդվում, քանի որ օդանավի կործանման հետաքննությունը դեռևս չի ավարտվել:
2014 թվականի հուլիսի 17-ին Դոնբասում Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթն իրականացնող օդանավի կործանման հետևանքով, հիշեցնենք, զոհվեց 298 մարդ, որոնցից 195-ը՝ Նիդերլանդների քաղաքացիներ:
Միջազգային քննչական խմբի կողմից իրականացվող քրեական հետաքննությունը եկել է այն եզրակացության, որ օդանավը խոցվել է «Բուկ» տեսակի զենիթահրթիռային համալիրից: Քննչական խմբի վարկածի համաձայն՝ զենքը ներկրված է Ռուսաստանից: Հրթիռը արձակվել է Ուկրաինայի արևելքի անջատականների կողմից վերահսկվող տարածքից: Առայժմ, սակայն, հայտնի չէ՝ հարձակումը նրա՞նց նախաձեռնությունն էր, թե՞ համակարգվել է ռուսաստանյան զինվորականների կողմից: Աղետին ռուսաստանյան իշխանությունների մասնակցության մասին տվյալներ դեռևս չկան: Պաշտոնական Մոսկվան, իր հերթին, հերքում է իր մասնակցությունը տեղի ունեցածին: Կասկածյալների անունները մինչ այս պահը չեն հրապարակվել:
2015 թվականին Նիդերլանդները «Բոինգ»-ի կործանման գործով միջազգային դատարան ստեղծելու առաջարկ էր արել, Ռուսաստանը, սակայն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակեց այդ նախաձեռնությունը՝ որակելով «անժամանակ և անարդյունավետ»: