Մատչելիության հղումներ

Դոնբասում «Բոինգ»-ը կործանած «Բուկ»-ը պատկանում է ՌԴ զենիթահրթիռային ստորաբաժանմանը. Bellingcat


Bellingcat անկախ վերլուծական կենտրոնի լրագրողների միջազգային խումբը հայտարարել է, որ ապացուցված է՝ Դոնբասի օդային տարածքում մալայզիական «Բոինգ»-ը կործանած «Բուկ»-ը պատկանում է ռուսաստանյան զենիթահրթիռային ստորաբաժանմանը։

Խումբը հրապարակել է 2013-ին արած լուսանկար, որը, սակայն, համացանցում հայտնվել է միայն 2015-ին։

«Տրանսպորտային նիշերը, սպիտակ համարները, գաբարիտների նշանները՝ այս ամենը վկայում են, որ խոսքը նույն «Բուկ»-ի մասին է, որը 2013-ին Ռուսաստանում էր, իսկ 2014-ի հունիս-հուլիս ամիսներին արդեն Ուկրաինայում՝ Դոնբասում», - ասված է զեկույցում։

Լրագրողները պարզել են նաև, որ լուսանկարում պատկերված տղամարդը նորոգում է ռազմական տեխնիկան։

«Այս և մի շարք այլ փաստեր, ինչպես արբանյակային լուսանկարները հստակ վկայում են, որ մալայզիական «Բոինգ»-ը կործանել է ռուսական «Բուկ»-ը, - ասում են խմբի անդամները։

Ամստերդամ-Կուալա Լումպուր MH17 չվերթը կատարող օդանավը հրթիռակոծվել և վայր է ընկել 2014-ի հուլիսի 17-ին՝ Դոնբասում։ Աղետի հետևանքով սպանվել են բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները` 298 մարդ, մեծ մասը՝ Նիդերլանդների քաղաքացիներ։

Անցած տարի հոկտեմբերին Նիդերլանդների անվտանգության խորհրդի հրապարակած զեկույցի համաձայն, «Բուկ» հրթիռը, որ կործանել է «Բոինգ»-ը, ռուսական արտադրության էր, և այն արձակել էին պրոռուսական անջատողականների կողմից վերահսկվող տարածքից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG