Մատչելիության հղումներ

«Քաղաքական և բարոյական առումով մեղադրյալի աթոռին Ռուսաստանն է»


Նիդերլանդների դատարանը քննում է օդանավի գործը, Բադհովեդոպր, 9 մարտի, 2020թ.
Նիդերլանդների դատարանը քննում է օդանավի գործը, Բադհովեդոպր, 9 մարտի, 2020թ.

2014 թվականի հուլիսի 17-ին Դոնբասի օդային տարածքում խոցվել է «Բոինգ 777» տեսակի օդանավը:

Մալայզիական ավիաուղիների MH17 Ամստերդամ - Կուալա Լումպուր չվերթը կատարող օդանավի անձնակազմի անդամներից կամ ուղևորներից ոչ ոք չի փրկվել. զոհվել է 298 մարդ:

Վեց տարի անց մեկնարկել է դատավարությունը, որը, վստահաբար, մեր ժամանակաշրջանի ամենակարևոր, ամենաբարդ միջազգային դատական գործերից է:

Ռուսաստանը, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, ժամանակին վետո է սահմանել գործը միջազգային դատարանում քննելու առաջարկի նկատմամբ: Ուստի լսումները նիդերլանդական դատարանում են:

Քննիչների և փորձագետների պնդմամբ, ուղևորատար օդանավը խոցվել է «Բուկ» տեսակի հակաօդային պաշտպանության հրթիռով, որն արձակվել է Դոնբասի՝ ռուս անջատականների հսկողության տակ գտնվող տարածքից:

Քննիչները ներկայացնում են անջատականների հեռախոսազրույցների ձայնագրությունները, սոցցանցերում տեղադրված գրառումներ, տեսագրություններ, հաղորդագրություններ:

Դրանք վկայում են, որ անջատականները խոցել են «Բոինգը»՝ հավանաբար, կարծելով, որ թիրախն ուկրաինական բանակի մեծ օդանավ է, ենթադրաբար՝ բեռնատար:

«Բելինգքաթ» բրիտանական վերլուծական կենտրոնը՝ հոլանդացի, ռուս, ուկրաինացի և այլ օտարերկրացի կամավորների աջակցությամբ հետևողական ու մանրակրկիտ աշխատանք է վարում նոր փաստեր բացահայտելու ուղղությամբ:

Աստիճանաբար պարզվում է, որ «Բուկ»-ը Դոնբաս է բերվել Ռուսաստանից, Կուրսկում տեղակայված հակաօդային պաշտպանության 53-րդ բրիգադից: Հրապարակվում են զինծառայողների կոնկրետ անուններ:

Այս ամբողջ ընթացքում ռուսական երկու կողմերը՝ Մոսկվան և անջատականները, պնդում է, թե «ոչ մի «Բուկ» չգիտենք, չենք տեսել, չենք ճանաչում, կապ չունենք, սա քաղաքական պրովոկացիա է Ռուսաստանի նկատմամբ»:

Արտաքին գործոց նախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօր հարկադրված էր վերստին խոսել այդ մասին, ընդ որում՝ անգլերեն, քանի որ ուղերձը հասցեագրվում է դրսի աշխարհին:

«Դժբախտաբար, այս կոնկրետ դեպքում, համոզված եմ, 100 տոկոսով եմ համոզված՝ քաղաքականությունն է գերակայում, որովհետև տեսնում և լսում ենք, որ արդեն նշանակված են մեղավորները», - ասել է Զախարովան:

Այսօր դատը սկսվել է, նախագահող դատավոր Հենդրիկ Ստեյնհաուսը հրապարակել է ընթացակարգը և ամբաստանյալների անունները՝ Ռուսաստանի երեք և Ուկրաինայի մեկ քաղաքացի:

Մեղադրյալներն են Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության նախկին պաշտպանության նախարար Իգոր Գիրկինը, մականունը «Ստրելկով», գեներալ-մայոր Սերգեյ Դուբինսկին, մականունը «Խմուրի», գնդապետ Օլեգ Պուլատովը, մականունը «Գյուրզա» և ուկրաինացի Լեոնիդ Խարչենկոն, մականունը «Կրոտ»:

Նախագահողը տեղեկացրել է, թե երբ և որ խողովակներով են ամբաստանյալներին ուղարկվել դատարան ներկայանալու ծանուցագրերը, ինչպես են ամբաստանյալները խուսափել դրանք ստանալուց, ինչ իրավունքներ և պարտավորություններ ունեն վկաները, զոհերի ազգականները, ներկայացրել է կազմակերպական այլ հարցեր:

Բնականաբար, ամբաստանյալները ներկա չեն, դահլիճում է միայն նրանցից մեկի՝ Պուլատովի, նույն ինքը «Գյուրզայի» փաստաբանը:

Մոսկվան և Դոնբասի անջատականները շարունակում են պնդել, որ ոչ մի առնչություն չունեն մալայզիական օդանավի կործանման հետ:

Այսօր այդ հանցանքի մասին է խոսել Պավել Կլիմկինն, ով օդանավի խոցման ժամանակաշրջանում Ուկրաինայի արտգործնախարարն էր:

«Արդարությունը միշտ է արդարություն: Այսօր իրավունքի առումով չորս ամբաստանյալ է, բայց քաղաքական և բարոյական առումով մեղադրյալի աթոռին Ռուսաստանն է», - ասել է Կլիմկինը:

Ենթադրվում է, որ դատը կտևի ավելի քան մեկ տարի: Չի բացառվում, որ կծիկը կշարունակվի բացվել:

Ի վերջո մեղադրյալների թվում կընդգրկվեն Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, նախագահի նախկին խորհրդական Վլադիսլավ Սուրկովը և ինչո՞ւ չէ՝ գուցե հենց նախագահ Վլադիմիր Պուտինը:

Սա, իհարկե, բնավ չի նշանակում, որ այդ մարդկանց կկալանավորեն ու ձեռնաշղթաներով կտեղափոխեն Հոլանդիա՝ դատելու:

Իհարկե դա անհնարին է։ Բայց եթե մեղադրյալների թվում հայտնվեն ամենաբարձրաստիճան ղեկավարները, Կրեմլի համար դա կնշանակի առնվազն տևական և ծանրագույն մեկուսացում քաղաքակիրթ աշխարհից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG